Անցնել բովանդակությանը

Հոդված 20.2. Կարանտին սահմանելը

գործել է մինչև 2024-09-27Բացել ARLIS-ում

Հոդված 20.2. Կարանտին սահմանելը

1. Վարակիչ հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին:

2. Կարանտինը վարակիչ հիվանդությունների բռնկումները, համաճարակները տեղայնացնող, վերացնող, վարակի օջախները մեկուսացնող և վարակի հետագա տարածումը, վարակիչ հիվանդությունների ներբերումը (ներթափանցումը) կանխող ռեժիմ է, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում (հասցեներում):

3. Կարանտին սահմանելու մասին որոշումը լիազոր մարմնի առաջարկությամբ կայացնում են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ պետական սահմանի անցման կետում կամ համաճարակի (կարանտինային) գոտին երկու կամ ավելի մարզ (ներառյալ՝ մեկ կամ ավելի մարզեր և Երևան քաղաքը) ներառելու դեպքում, այդ թվում` արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող կարանտինի դեպքում.

2) մարզպետը` Հայաստանի Հանրապետության համապատասխան վարչատարածքային միավորում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում՝ տվյալ վարչատարածքային միավորում գտնվող կամ գործունեություն իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության կամ կազմակերպաիրավական ձևից) գտնվելու կամ գործունեություն իրականացնելու վայրում.

3) Երևանի քաղաքապետը` Երևան քաղաքում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում՝ Երևան քաղաքում գտնվող կամ գործունեություն իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության կամ կազմակերպաիրավական ձևից) գտնվելու կամ գործունեություն իրականացնելու վայրում։

4. Կարանտին սահմանելու մասին որոշման մեջ նշվում են նաև՝

1) կարանտին սահմանելու հիմքերը,

2) կարանտինային գոտու (համաճարակի գոտու)՝ վարակի օջախի սահմանները,

3) կարանտին սահմանելու ժամկետը,

4) անհատական պաշտպանության միջոցների օգտագործման պահանջը,

5) անհրաժեշտ կանխարգելիչ, հակահամաճարակային և սահմանափակող միջոցառումների ցանկը, սահմանափակող միջոցառումների կիրառման կարգը, դրանց կիրառման ժամկետը, կազմակերպումն ու իրականացումն ապահովելու համար պատասխանատու մարմինները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

5. Լիազոր մարմինը, գնահատելով սույն օրենքի 20.1-ին հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով ստացված տեղեկատվությունը, հիվանդության հարուցիչի ախտածնությունը, տարածման առանձնահատկությունները, տարածքի բնական-աշխարհագրական պայմանները՝ հիվանդության արմատավորման տեսակետից, կարանտին սահմանելու և անհրաժեշտ սահմանափակող միջոցառումներ կիրառելու մասին առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ համապատասխան մարզպետին կամ Երևանի քաղաքապետին։

6. Կարանտին սահմանելու մասին որոշումը կայացվում է համապատասխան առաջարկությունը լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ համապատասխան մարզպետին կամ Երևանի քաղաքապետին ներկայացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում։ Սահմանված ժամկետում որոշում չկայացվելու դեպքում անձանց ժամանակավոր մեկուսացումը վերացվում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։