Անցնել բովանդակությանը
ՄԱՐԴՈՒ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 19 · ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 154.2. Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը

գործել է մինչև 2020-10-06Բացել ARLIS-ում

Հոդված 154.2. Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը

(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-57-Ն, 07.09.18 ՀՕ-374-Ն)

1. Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու պայմանով թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք ստանալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

2. Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

3. Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից.

2) երկու կամ ավելի անձի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից յոթ տարի ժամկետով:

5. Ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումը (իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը) թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի, հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամի կամ լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ (բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշերը կամ թեկնածուի անունը, ազգանունը կամ պատկերը բովանդակող և նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով քարոզչական տպագիր և այլ նյութերի կամ առարկաների) տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:

6. Կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչև կաշառք ստանալու մասին իրավապահ մարմիններին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:

(154.2 -րդ հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-2-Ն, խմբ. 26.05.11 ՀՕ-166-Ն, 25.05.16 ՀՕ-57-Ն, լրաց. 04.05.18 ՀՕ-320-Ն, խմբ. 07.09.18 ՀՕ-374-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։