Հոդված 188. Ապօրինի ձեռնարկատիրությունը
Հոդված 188. Ապօրինի ձեռնարկատիրությունը
1. Առանց պետական գրանցման, հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը խոշոր վնաս պատճառելով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երկու տարի ժամկետով:
3. Նույն արարքը, որը՝
1) զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով,
2) կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:
4. Սույն հոդվածում զգալի չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով գումարը, խոշոր չափ` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող գումարը:
Սույն հոդվածի համաձայն` պետությանը պատճառված վնասի հաշվարկում ներառվում է նաև պետական գրանցման, ինչպես նաև հատուկ թույլտվության (լիցենզիայի) համար գանձման ենթակա պետական տուրքի գումարի չափը:
(188-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-245-Ն, փոփ., լրաց., խմբ. 10.06.09 ՀՕ-149-Ն, խմբ. 05.10.10 ՀՕ-137-Ն, լրաց. 21.12.10 ՀՕ-222-Ն)