Հոդված 13. Գույքահարկի վճարման կարգը և ժամկետները
Հոդված 13. Գույքահարկի վճարման կարգը և ժամկետները
1. Կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարները սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
2. Ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված դեպքերի:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է`
1) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար` գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի համայնքի բյուջե: Փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե: Նշված հաշվառման (գրանցման) բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
4. Ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցները տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը, իսկ փոխադրամիջոցի օտարման դեպքում՝ մինչև փոխադրամիջոցի օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքը գրանցելը։
Հաշվառող մարմնի կողմից փոխադրամիջոցների գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խոտանելու կամ հին նմուշի պետական համարանիշերը նորերով չփոխանակված և չշահագործվող փոխադրամիջոցները դրանք հաշվառող (գրանցող) լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանելու դեպքում փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորության դադարեցման (հաշվառող մարմնի կողմից գույքահարկի պարտավորությունների վերահաշվարկման) համար հիմք են հանդիսանում փոխադրամիջոցների հաշվառում վարող լիազոր մարմնի կողմից սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված տեղեկությունները կամ գույքահարկ վճարողին տրված` խոտանումը կամ հաշվառումից ժամանակավորապես հանելը հիմնավորող փաստաթուղթը (որում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարեթիվը): Ֆիզիկական անձի դիմումի համաձայն` փոխադրամիջոցները լիազոր մարմնում վերահաշվառվում են գույքահարկ վճարողին հաշվառող մարմնի կողմից տրված` տվյալ փոխադրամիջոցի գծով գույքահարկի պարտավորություններ չունենալու տեղեկանքի հիման վրա:
5. Բացառությամբ այն դեպքերի, երբ օտարումը կատարվում է հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից, անշարժ գույքի կադաստր վարող մարմինն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցումն իրականացնում է հաշվառող մարմինների տված՝ անշարժ գույքի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, որում նշվում է նաև տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածը, որի համար տվյալ անշարժ գույքի մասով կատարվել են անշարժ գույքի հարկի (կազմակերպությունների համար՝ տվյալ հաշվառող մարմնում հաշվառված բոլոր օբյեկտների մասով անշարժ գույքի հարկի) վճարումները:
(13-րդ հոդվածը լրաց. 06.12.04 ՀՕ-164-Ն, խմբ. 28.11.06 ՀՕ-202-Ն, փոփ. 07.04.09 ՀՕ-82-Ն, 11.05.11 ՀՕ-140-Ն, խմբ. 12.11.13 ՀՕ-113-Ն, փոփ., լրաց. 06.03.20 ՀՕ-139-Ն)