Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2024-10-24։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸԳլուխ 5 · ԾՆՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 28. Ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի մասին տեղեկություններ լրացնելու կարգը

գործել է մինչև 2024-10-24Բացել ARLIS-ում

Հոդված 28. Ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի մասին տեղեկություններ լրացնելու կարգը

1. Ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի անունը, հայրանունը, ազգանունը՝

1) երեխայի անունը գրառվում է ըստ դիմումում նշված անվան.

2) երեխայի հայրանունը գրառվում է ըստ ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի հայր գրառված անձի անվանման.

3) երեխայի ազգանունը գրառվում է նրա ծնողների ազգանվամբ: Ծնողների տարբեր ազգանունների առկայության դեպքում երեխայի ազգանունը գրառվում է ըստ դիմումում նշված ազգանվան.

4) ընկեցիկ կամ լքված երեխայի անունը, հայրանունը և ազգանունը գրառվում են ըստ դիմումում նշված անվան, հայրանվան և ազգանվան.

5) մահացած ծնված երեխայի ծննդի ակտային գրանցման մեջ երեխայի անունը, հայրանունը և ազգանունը գրառվում են ըստ երեխայի ծնողի (ծնողների)՝ դիմումում նշված անվան, հայրանվան և ազգանվան: Բժշկական հաստատության ներկայացրած դիմումի հիման վրա մահացած ծնված երեխայի ծննդյան ակտում երեխայի անունը և հայրանունը չեն գրառվում, ազգանունը գրառվում է երեխայի պերինատալ մահվան մասին սահմանված ձևի փաստաթղթում նշված երեխայի մայր հանդիսացող անձի ազգանվամբ:

2. Երեխայի ծննդյան ժամանակը և սեռը գրառվում են՝

1) բժշկական կազմակերպության տված՝ ծննդի մասին բժշկական փաստաթղթի մեջ նշված տվյալների համաձայն.

2) երեխայի ծննդյան փաստը հաստատող՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի մեջ նշված տվյալների համաձայն.

3) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտում նշված տվյալների համաձայն.

4) բժշկական կազմակերպության կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի տված՝ երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթղթում նշված տվյալների համաձայն:

3. Որպես երեխայի ծննդյան վայր՝ գրառվում է՝

1) երեխայի փաստացի ծննդյան վայրը կամ այն վայրը, որտեղ գտնվել է երեխան (մարզի, քաղաքային կամ գյուղական համայնքի անվանումը).

2) եթե երեխան ծնվել է տրանսպորտային միջոցում՝ ուղերթի ընթացքում, ապա այն վայրը, որի տարածքով ծննդյան պահին տեղաշարժվել է այդ տրանսպորտային միջոցը, բացառությամբ օդային և ջրային տրանսպորտի համար օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

4. Երեխայի ազգությունը գրառվում է՝

1) ծնողի (ծնողների) ազգությանը համապատասխան, եթե երեխայի ծնողները ունեն միևնույն ազգությունը.

2) դիմումում նշված ծնողներից մեկի ազգությամբ, եթե երեխայի ծնողները ունեն տարբեր ազգություն:

5. Ծննդյան ակտային գրանցման մեջ անհրաժեշտ այլ տեղեկությունները լրացվում են համաձայն դիմումի և դրան կից ներկայացվող այլ փաստաթղթերի հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։