Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 40-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայտարարագիրը ներառում է հայտարարատուին սեփականության իրավունքով պատկանող`
1) անշարժ գույքը՝ հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, ստորգետնյա և վերգետնյա շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույք.
2) տրանսպորտի միջոցը՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային, երկաթուղային փոխադրամիջոցը: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների շարքին են դասվում այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ-ը, կամ առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժ-ը, ինչպես նաև տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները.
3) բաժնային արժեթղթերը, այլ ներդրումը հավաստող փաստաթղթերը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը), ինչպես նաև պարտքային արժեթղթերը (պարտատոմսը, չեկը, մուրհակը և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթ, բացառությամբ բանկային վկայագրի).
4) հանձնված, վերադարձված փոխառությունը.
5) բանկային ավանդը.
6) սույն մասի 1-5-րդ կետերում չնշված` չորս միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ (դրան համարժեք արտարժույթ) կամ ավելի բարձր արժեք ունեցող ցանկացած գույք (այսուհետ՝ թանկարժեք գույք).
7) դրամական միջոցները (այդ թվում՝ բանկային հաշիվներում առկա):».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.
«1.1. Հայտարարագրում ներառվում է նաև հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը, ինչպես նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձի, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին, կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն:
1.2. Փաստացի տիրապետվող գույք է համարվում հայտարարատուին սեփականության իրավունքով չպատկանող, բայց նրա կողմից հաշվետու ժամանակահատվածում 90 և ավելի օր փաստացի տիրապետվող կամ օգտագործվող (անկախ նշված իրավունքների պետական գրանցումից) անշարժ գույքը, տրանսպորտի միջոցը (բացառությամբ աշխատանքային (ծառայողական) հարաբերությունների արդյունքում անձի տիրապետմանը հանձնված անշարժ գույքի, տրանսպորտի միջոցի), թանկարժեք գույքը:».
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Գույքը հայտարարագրելիս նշվում են՝
1) անշարժ գույքի դեպքում՝ անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրի հասցեն, գույքի հաշվառման համարը, մակերեսը, սեփականության տեսակը (անձնական կամ ընդհանուր), ընդհանուր բաժնային սեփականության դեպքում՝ հայտարարատու սեփականատիրոջ բաժինը, համասեփականատիրոջ բաժինը, նրա անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը և նրանց միջև առկա կապի բնույթը, գույքը ձեռք բերելու տարին և եղանակը.
2) տրանսպորտի միջոցի դեպքում՝ տրանսպորտի տեսակը, մակնիշը, սերիան, թողարկման տարին, նույնականացման համարը, ձեռք բերելու տարին և եղանակը.
3) արժեթղթի և (կամ) այլ ներդրման դեպքում՝ արժեթղթի և (կամ) այլ ներդրման տեսակը, գինը (արժեքը), արժույթը, ձեռք բերելու տարին, ընկերության անվանումը, բաժնեմասնակցության տոկոսը, ումից է այն ձեռք բերվել՝ նշելով նրա անվանումը կամ անունը, ազգանունը և հայրանունը, հասցեն, նրանց միջև առկա կապի բնույթը.
4) հանձնված, վերադարձված փոխառության դեպքում՝ փոխառության գումարը (չափը), արժույթը, փոխառության հանձնելու տոկոսադրույքը, պարտապանի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, նրանց միջև առկա կապի բնույթը.
5) բանկային ավանդի դեպքում՝ հաստատության անվանումը, գտնվելու վայրը (եթե Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է), բանկային ավանդի չափը.
6) թանկարժեք գույքի դեպքում՝ գույքի անվանումը, նկարագրությունը, գույքը ձեռք բերելու տարին և եղանակը, գործարքի գինը (արժեքը), արժույթը.
7) դրամական միջոցի դեպքում՝ դրամական միջոցի չափը, ծագման աղբյուրը, տեսակը, արժույթը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առկա բանկային հաշիվների դեպքում՝ նաև հաստատության անվանումը և գտնվելու վայրը։».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Սույն հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերում նշված գույքի դեպքում ներառվում են նաև գույքի սեփականատիրոջ անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը և նրանց միջև առկա կապի բնույթը:».
5) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տարեկան հայտարարագրում ներառվում են նաև տվյալ տարվա (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) ընթացքում հանձնված կամ վերադարձված փոխառության գումարը (չափը) և արժույթը, պարտապանի անվանումը կամ ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, եթե նույն անձին հանձնված կամ վերադարձված փոխառության հանրագումարը գերազանցում է մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:».
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Բանկային ավանդի դեպքում տարեկան հայտարարագրում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ավանդի չափը, արժույթը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առկա ավանդի դեպքում՝ նաև հաստատության անվանումը և գտնվելու վայրը:».
7) 7-րդ մասը «արժույթը» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առկա բանկային հաշիվների դեպքում՝ նաև հաստատության անվանումը և գտնվելու վայրը» բառերով: