Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության իրավունք...

2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով...»:

Ա. Կողմերի ներկայացրած փաստարկները

1. Կառավարությունը

105. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի ունեցել տուժողի կարգավիճակ, քանի որ նա չի ներկայացրել փաստեր կամ ապացույցներ` ի հիմնավորումն իր այն պնդման, որ իր հետապնդումը կամ դատապարտումը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են եղել ազատ արտահայտվելու կամ խաղաղ հավաքների ազատության իր իրավունքների հետ: Ապօրինի կերպով զենք պահելու, պետական պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու և իշխանությունը յուրացնելու մասով դիմումատուին առաջադրված մեղադրանքները ոչ մի կապ չեն ունեցել Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով երաշխավորված նրա իրավունքների հետ: Ուստի նրա բողոքներն անընդունելի են:

2. Դիմումատուն

106. Դիմումատուն պնդել է, որ իր հետապնդման և դատապարտման իրական պատճառը եղել է 2008 թվականի փետրվարի 22-ին Ազատության հրապարակում անցկացվող հավաքին իր մասնակցությունը և ելույթ ունենալը: Իր նկատմամբ հետապնդումը հարուցվել է դրանից անմիջապես հետո, ինչը հետապնդել է իրեն պատժելու և չեզոքացնելու նպատակ, քանի որ ինքը հասարակության մեջ բարձր պաշտոն զբաղեցնող հայտնի հանրային գործիչ է եղել: Դիմումատուն նշել է, որ մի շարք գործոններ մատնանշում են իր հետապնդման և Ազատության հրապարակում իր ունեցած ելույթի միջև հստակ կապի առկայությունը: Նախ, 2008 թվականի հունիսի 6-ին կայացած հարցաքննության ընթացքում, երբ ինքը մեղադրվում էր ապօրինի զենք պահելու և ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, իրեն այնպիսի հարցեր են տրվել, որոնք գրեթե բացառապես առնչվել են Ազատության հրապարակում իր ելույթին և առնչություն չեն ունեցել իրեն առաջադրված մեղադրանքների հետ: Երկրորդ, 2008 թվականի հունիսի 13-ին իր դեմ նոր մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 300-րդ հոդվածով՝ իշխանությունը յուրացնելու համար, որն ամբողջովին հիմնված էր Ազատության հրապարակում իր ունեցած ելույթի վրա: Այդ ելույթի տեքստը ներառվել է իր դեմ հարուցված քրեական գործի ապացույցների շարքում: Երրորդ, իր եզրափակիչ խոսքում դատախազը խնդրել է դատարանին դիմումատուի նկատմամբ նշանակել խստագույն պատիժ՝ պատճառաբանելով, որ երկրում ստեղծված իրավիճակում դիմումատուն վտանգ է ներկայացնում հասարակության համար:

107. Դիմումատուն նաև հղում է կատարել իր դեմ առաջադրված կասկածների և մեղադրանքների պարբերաբար փոփոխվող բնույթին, որոնք նույն կերպ ենթադրում են, որ դրանք կեղծ են եղել: Այսպիսով, իրեն «բերման են ենթարկել» ոստիկանություն մեկ հիմքով, ձերբակալել մեկ այլ հիմքով, այնուհետև մեղադրանք են առաջադրել ու կալանավորել երրորդ հիմքով և իրեն կալանքի տակ պահելու ժամկետը երկարացրել են չորրորդ հիմքով: Ավելին, ինքը չորս ամիս պահվել է կալանքի տակ` ենթադրյալ ապօրինի կերպով զենք պահելու հիմքով, որը, ավելին, ի վերջո վերացվել է, չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները հենց սկզբից իրենց տրամադրության տակ ունեցել են ապացույցներ այն մասին, որ ինքը երկու զենքերն էլ օրինական կերպով է պահել և կրել: Վերջում դիմումատուն պնդել է, որ ինքը համարվել է Հայաստանում թիվ մեկ քաղաքական բանտարկյալ` այդ առնչությամբ հղում կատարելով իր քրեական գործի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների և դեսպանատների զեկույցներին, ինչպես նաև տարբեր լրատվամիջոցների հրապարակումներին, որոնք պնդել են, որ իր հետապնդման հիմքում առկա են քաղաքական դրդապատճառներ: Ամփոփելով, իր հետապնդումը, կալանավորումը և դատապարտումը հանգեցրել են 11-րդ հոդվածով սահմանված իր իրավունքների միջամտության: Նման միջամտությունը եղել է կամայական, քանի որ այն հետապնդել է քողարկված նպատակներ և չէր կարող համարվել օրինական: Ավելին, դա իրավաչափ նպատակ չի հետապնդել և անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում, քանի որ Ազատության հրապարակում իր ելույթը չի հրահրել բռնություն, հասարակական անկարգություններ կամ ատելություն:

Բ. Ընդունելիությունը

108. Դատարանը նշում է, որ Կառավարությունը, վիճարկելով դիմումատուի՝ տուժողի կարգավիճակը, ըստ էության, վիճարկել է Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով երաշխավորված դիմումատուի իրավունքներին միջամտելու փաստը: Այս հարցը, սակայն, սերտորեն կապված է դիմումատուի բողոքների էության հետ և պետք է միացվի գործի ըստ էության քննությանը:

109. Դատարանը նշում է, որ այս բողոքներն ակնհայտ անհիմն չեն կամ անընդունելի չեն Կոնվենցիայի 35-րդ հոդվածում թվարկված որևէ այլ հիմքով։ Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։

Գ. Ըստ էության քննությունը

1. Դիմումատուի բողոքների շրջանակը

110. Դատարանը նշում է, որ դիմումատուի՝ 10-րդ և 11-րդ հոդվածների համաձայն ներկայացված բողոքները գլխավորապես հիմնված են այն պնդման վրա, որ իր հետապնդումը և դատապարտումը եղել են ցույցերին իր մասնակցությունը կանխելուն և դրա համար պատժելուն ուղղված միջոց: Նման հանգամանքներում 10-րդ հոդվածը պետք է դիտվի lex generalis [ընդհանուր օրենք] 11-րդ հոդվածի առնչությամբ, որը lex specialis [հատուկ օրենք] է։ Դատարանը, հետևաբար, գտնում է, որ դիմումատուի բողոքները պետք է քննվեն միայն 11-րդ հոդվածի համաձայն (տե՛ս Էզելինն ընդդեմ Ֆրանսիայի [Ezelin v. France], 1991 թվականի ապրիլի 26, § 35, շարք Ա թիվ 202, և Կուդրևիչիուսը և այլք ընդդեմ Լիտվայի [ՄՊ] [Kudrevičius and Others v. Lithuania] [GC]], թիվ 37553/05, § 85, ՄԻԵԴ 2015)։

111. Մյուս կողմից, չնայած դրա ինքնավար դերին և կիրառության կոնկրետ ոլորտին, 11-րդ հոդվածը սույն գործով պետք է դիտարկվի նաև 10-րդ հոդվածի լույսի ներքո։ 10-րդ հոդվածով երաշխավորված սեփական կարծիք ունենալու իրավունքի պաշտպանությունը 11-րդ հոդվածով ամրագրված խաղաղ հավաքների ազատության նպատակներից մեկն է (տե՛ս Էզելինի գործը՝ վերևում հիշատակված, § 37, Կուդրևիչիուսի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 86, և Նավալնին ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] [Navalnyy v. Russia] [GC]] թիվ 29580/12 և եւս 4-ը, § 102, 2018 թվականի նոյեմբերի 15)։

2. Արդյո՞ք եղել է միջամտություն խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացմանը

112. Դատարանը վերահաստատում է, որ խաղաղ հավաքների ազատության իրավունքի միջամտությունը կարող է իրենից չներկայացնել ուղղակի արգելք՝ իրավական կամ փաստացի, այլ կարող է ներառել իշխանությունների կողմից ձեռնարկվող այլ տարբեր միջոցառումներ։ 11-րդ հոդվածի 2-րդ կետում նշված «սահմանափակում» եզրույթը պետք է մեկնաբանվի և՛ հավաքից առաջ, և՛ դրա ընթացքում ձեռնարկվող միջոցառումների ներառմամբ, ինչպիսիք են նախնական արգելքը, հանրահավաքը ցրելը կամ մասնակիցներին ձերբակալելը, ինչպես նաև հետագայում կիրառվող պատժամիջոցները, այդ թվում՝ հանրահավաքին մասնակցելու համար կիրառված պատիժները (տե՛ս Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, § 228)։

113. Սույն գործում կողմերի միջև վիճելի է այն փաստը, թե արդյոք եղել է դիմումատուի՝ հավաքների ազատության իրավունքի միջամտություն: Դիմումատուն պնդել է, որ իր հետապնդման և դատապարտման իրական պատճառը եղել է Ազատության հրապարակում ունեցած ելույթի համար իրեն պատժելը և որպես բարձր պաշտոն զբաղեցնող ընդդիմության կողմնակից իրեն չեզոքացնելը, մինչդեռ Կառավարությունը հերքել է դա և պնդել, որ դիմումատուն հետապնդվել է բացառապես նշված հանցագործությունների համար:

114. Դատարանը նշում է, որ կողմերը, ըստ էության, վիճարկում են դիմումատուի նկատմամբ հետապնդման և դատապարտման փաստական հիմքը: Դատարանը բազմաթիվ անգամ շեշտել է, որ զգուշորեն է մոտենում իր դերակատարման երկրորդական լինելու հարցին և ընդունում է, որ պետք է շրջահայաց գտնվի առաջին ատյանի դատական մարմնի դերը ստանձնելու հարցում, եթե դա անխուսափելի չէ՝ ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից։ Որպես կանոն, Դատարանի խնդիրը չէ ներպետական մակարդակով վարույթներ անցկացված լինելու դեպքում փաստերի վերաբերյալ իր գնահատականը փոխարինել ներպետական դատարանների գնահատականով, և վերջիններիս խնդիրն է այդ փաստերը հաստատել իրենց տրամադրության տակ եղած ապացույցների հիման վրա։ Թեև Դատարանի համար պարտադիր չեն ներպետական դատարանների եզրահանգումները, և այն ազատ է ներկայացված ամբողջ նյութի լույսի ներքո իր սեփական գնահատականը տալու հարցում, այնուամենայնիվ, բնականոն պայմաններում պահանջվում են համոզիչ փաստարկներ՝ ներպետական դատարանների կողմից փաստերի վերաբերյալ կատարված եզրահանգումներից շեղում կատարելու համար (տե՛ս Ջուլիանին և Գաջոն ընդդեմ Իտալիայի [ՄՊ], [Giuliani and Gaggio v. Italy [GC]] թիվ 23458/02, § 180, ՄԻԵԴ 2011 (քաղվածքներ), և Օստինը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Austin and Others v. the United Kingdom [GC]], թիվ 39692/09 և եւս 2-ը, § 61, ՄԻԵԴ 2012)։

115. Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ ապացույցները գնահատելիս այն կիրառում է ապացուցման «ողջամիտ կասկածից վեր» չափանիշը։ Այնուամենայնիվ, այն երբևէ չի ունեցել այդ չափանիշը կիրառող ազգային իրավական համակարգերի մոտեցումը որդեգրելու նպատակ։ Դատարանի դերը կայանում է ոչ թե հանցագործությունը կատարելու մեջ մեղավորության կամ քաղաքացիական պատասխանատվության վերաբերյալ, այլ Կոնվենցիայի համաձայն Պայմանավորվող պետությունների ստանձնած պարտավորությունների վերաբերյալ որոշում կայացնելու մեջ։ Կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն Դատարանի ստանձնած հանձնառության (Կոնվենցիայում ամրագրված հիմնարար իրավունքները երաշխավորելու՝ Պայմանավորվող պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելը) առանձնահատկությամբ է պայմանավորված ապացույցների և ապացուցման հարցերի վերաբերյալ դրա մոտեցումը։ Դատարանում վարույթի ընթացքում ապացույցների ընդունելիության առնչությամբ դատավարական որևէ խոչընդոտ կամ դրանց գնահատման նախանշված բանաձև չկա։ Դատարանն ընդունում է այն եզրակացությունները, որոնք իր կարծիքով հիմնավորված են բոլոր ապացույցների, այդ թվում՝ փաստերից կամ կողմերի ներկայացրած փաստարկներից բխող եզրահանգումների ազատ գնահատմամբ։ Իր հաստատված նախադեպային իրավունքի համաձայն՝ այդպիսի ապացույցը կարող է բխել համատեղ գոյություն ունեցող՝ խորապես հիմնավորված, պարզ և համահունչ եզրահանգումներից կամ նմանատիպ փաստերի անհերքելիության կանխավարկածից (տե՛ս Նաչովան և այլք ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [Nachova and Others v. Bulgaria [GC]], թիվ 43577/98 և 43579/98, § 113, ՄԻԵԴ 2005-VII)։

116. Դատարանն ի սկզբանե նշում է, որ արդեն քննել է Հայաստանի դեմ մի շարք գործեր, որոնցում դիմումատուները քաղաքական զգայունության բարձր աստիճան ունեցող այնպիսի ժամանակահատվածներում 11-րդ հոդվածի համաձայն միջամտության վերաբերյալ նմանատիպ պնդումներ են ներկայացրել, որոնք սովորաբար ներառել են ընտրությունների ժամանակաշրջանում զանգվածային բողոքներ, ինչը հանգեցրել է ընդդիմության կողմնակիցների կամ ակտիվիստների նկատմամբ վարչական կամ քրեական այնպիսի վարույթների միջոցով տարբեր տեսակի պատժամիջոցների կիրառման, որոնցում ոստիկանության ծառայողների ցուցմունքները դիմումատուներին ուղղակիորեն վերաբերող և նրանց հաջորդող դատապարտման համար, եթե այդպիսիք եղել են, բացառիկ հիմք ծառայած միակ ապացույցներն են եղել (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Հակոբյանը և այլք ընդդեմ Հայաստանի [Hakobyan and Others v. Armenia], թիվ 34320/04, §§ 87-90, 2012 թվականի ապրիլի 10, Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի [Virabyan v. Armenia], թիվ 40094/05, §§ 203-210, 2012 թվականի հոկտեմբերի 2, որը վերաբերում էր նմանատիպ պնդումների, սակայն Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համատեքստում, և Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 241-243, որը վերաբերում էր նույն բողոքի ակցիաներին, ինչպես և սույն գործում է)։ Դատարանը Հակոբյանի և այլոց գործով մասնավորապես գտել է, որ այն ժամանակաշրջանում, երբ 2003 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ անցկացվում էին ընդդիմության հանրահավաքներ, այդ հանրահավաքներին ընդդիմության ակտիվիստների մասնակցությունը խոչընդոտելու կամ կանխելու կամ դրա համար պատժելու վարչական պրակտիկա է եղել՝ կիրառելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված վարչական կալանքի ընթացակարգը, այդ թվում՝ այնպիսի հիմքերով, ինչպիսիք են հանրահավաքների հետ առնչություն չունեցող հանգամանքներում հայհոյական խոսք օգտագործելը կամ ոստիկանության աշխատողի կարգադրությանը կամ պահանջին չենթարկվելը։ Գտնելով, որ դիմումատուները` ընդդիմության երեք կողմնակիցները, այդ գործելակերպի զոհ են դարձել, Դատարանը մերժել է այդ հիմքերով նրանց դատապարտման փաստական հիմքը և եզրակացրել է, որ նրանց կալանքի իրական պատճառն ընդդիմության շարունակվող ցույցերին նրանց մասնակցությունը կանխելը կամ նրանց ետ պահելն է եղել (տե՛ս Հակոբյանի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, §§ 90-99)։ Նմանատիպ եզրակացություն է կայացվել նաև Վիրաբյանի գործով` ապօրինի կերպով զենք պահելու կասկածանքով դիմումատուի ձերբակալման առնչությամբ և ոստիկանության աշխատողի կարգադրությանը կամ պահանջին ենթադրաբար չենթարկվելու մասով հաջորդող վարչական վարույթի առնչությամբ (վերևում հիշատակված, §§ 203-210): Դատարանը կիրառել է նման մոտեցում 11-րդ հոդվածի համատեքստում նաև այլ երկրների դեմ մի շարք գործերում (տե՛ս Նեմցովն ընդդեմ Ռուսաստանի [Nemtsov v. Russia], թիվ 1774/11, §§ 66-71, 2014 թվականի հուլիսի 31, Կարպյուկը և այլք ընդդեմ Ուկրաինայի [Karpyuk and Others v. Ukraine], թիվ 30582/04 և 32152/04, §§ 194-206, 2015 թվականի հոկտեմբերի 6, և Հուսեյնլին և այլք ընդդեմ Ադրբեջանի [Huseynli and Others v. Azerbaijan], թիվ 67360/11 և եւս 2-ը, §§ 87-97, 2015 թվականի փետրվարի 11):

117. Դատարանն այնուհետև անդրադառնում է սույն գործի հանգամանքների շուրջ առկա ընդհանուր համատեքստին: Ինչպես արդեն նշվել է Մուշեղ Սաղաթելյանի գործում, այդ ժամանակահատվածը Հայաստանում քաղաքական զգայունության բարձր աստիճան ունեցող ժամանակահատված էր, ինչը ներառում էր ենթադրյալ անարդար նախագահական ընտրությունների արդյունքների դեմ ընդդիմության հանրահավաքներ։ Իշխանությունների՝ դրան հետևող արձագանքը, այդ թվում՝ ընդդիմության տասնյակ կողմնակիցների ձերբակալումն ու կալանավորումը դատապարտվել են ԵԽԽՎ-ի կողմից և նկարագրվել որպես «ընդդիմության de facto (փաստացի) հետապնդում»։ Նրանցից շատերին առաջադրված մեղադրանքները, հատկապես ՔՕ-ի 225-րդ և 300-րդ հոդվածների համաձայն և բացառապես ոստիկանության ապացույցների հիման վրա առաջադրված մեղադրանքները ենթադրաբար եղել են «արհեստական և քաղաքական շարժառիթներով պայմանավորված» (տե՛ս Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 125-131 և 243): Ավելին, եղել են ապացույցներ, որոնք հիմք են տվել ենթադրելու, որ ընդդիմության որոշ ակտիվիստներ, այդ թվում՝ ընտրությունները դատապարտելուց և բողոքի ակցիաներին իրենց աջակցությունը հայտարարելուց հետո իրենց զբաղեցրած պաշտոններից ազատված բարձրաստիճան որոշ անանուն պաշտոնյաներ, հնարավոր է, որ արդեն իսկ փետրվարի 20-29-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն` 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից և ընդդիմության առաջնորդների և կողմնակիցների դեմ թիվ 62202608 հիմնական քրեական գործը հարուցելուց առաջ դարձել են ձերբակալությունների և հետապնդումների զոհ՝ «առերևույթ արհեստական մեղադրանքների» հիման վրա (տե՛ս վերում՝ 70-րդ պարբերությունը): Հաշվի առնելով Եվրոպայի Խորհրդի տարբեր մարմինների կողմից վերոնշյալ զեկույցներում ներկայացված ընդհանուր համատեքստի նկարագրությունը, որոնք լուրջ մտահոգության տեղիք են տալիս և Դատարանից պահանջում են դիմումատուի կոնկրետ գործի վարման հարցում դրսևորել հատուկ զգոնություն և կատարել մանրակրկիտ ուսումնասիրություն, Դատարանն այս կապակցությամբ կանդրադառնա հետևյալ գործոններին։

118. Նախ, Դատարանը մատնանշում է այն փաստը, որ դիմումատուն եղել է բարձրաստիճան պետական պաշտոնյա, որն իր զբաղեցրած պաշտոնից ազատվել է այն բանից հետո, երբ հրապարակավ հայտնել է իր աջակցությունը բողոքի ակցիայի մասնակիցներին և քննադատել է ընտրությունները՝ որակելով դրանք կեղծված: Ազատության հրապարակում իշխանություններին քննադատող նրա ելույթին հաջորդող օրը և նրան հենց աշխատանքից հեռացնելու օրն իրականացվել են ոստիկանական գործողություններ, որոնց արդյունքում դիմումատուի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

119. Երկրորդ, Դատարանը նշում է այն hակասական եղանակը, որով դիմումատուի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Մասնավորապես, Հայաստանի ոստիկանության կայքում 2008 թվականի փետրվարի 23-ին արված հայտարարությունից պարզ է դառնում, որ դիմումատուի ձերբակալմանը հանգեցրած ոստիկանական գործողություններն իրականացվել են ԿՀԴՊԳՎ-ում ստացված, չնշված որոշ «օպերատիվ տեղեկությունների» հիման վրա (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը): Այդ տեղեկությունների ճշգրիտ բնույթն ու աղբյուրը վարույթի որևէ փուլում երբևէ չեն բացահայտվել կամ ուսումնասիրվել: Ուստի անհասկանալի է, թե ինչ հիմքով են կարծել, որ դիմումատուն և նրան ուղեկցող անձինք ապօրինի կերպով զինված են եղել և ավելին, նպատակ են ունեցել, ինչպես շատ անորոշ եզրույթով նշվում է, «ապակայունացնել իրավիճակը Երևանում»: Այդ ծրագրի վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացվել, այդ թվում` այն եղանակի, թե ինչպես այդ ապակայունացումը պետք է իրականացվեր, կամ դրա հիմքում ընկած շարժառիթների, ներառյալ`այն հանգամանքի, թե արդյոք դա որևէ կերպ կապված է եղել շարունակվող բողոքի ակցիաների հետ: Հատկանշական է, որ այն պնդումը, որ դիմումատուն եղել է զինված խմբի անդամ, որը պլանավորում էր ապակայունացնել իրավիճակը Երևանում, հաջորդող քննության ընթացքում երբևէ չի ուսումնասիրվել կամ նույնիսկ չի ներկայացվել, և գործը դիտվել է որպես ապօրինի կերպով զենք պահելու սովորական դեպք՝ առանց ավելի լայն համատեքստի, ինչն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ նման որևէ տեղեկություն երբևէ չի եղել, և որ այն պարզապես օգտագործվել է որպես պատրվակ՝ դիմումատուին կանգնեցնելու և խուզարկելու համար:

Ավելին, ինչ վերաբերում է դիմումատուի մոտ հայտնաբերված «CZ-75B» տեսակի ատրճանակին, որն առնվազն պաշտոնապես ծառայել է որպես նրա ձերբակալման հիմք, ապա անվիճելի է այն հանգամանքը, որ դիմումատուն ատրճանակը պահել և կրել է օրինական կերպով, և որ այդ տեղեկությունը հայտնի է եղել ձերբակալումն իրականացրած ոստիկանության ծառայողներին (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշվել է վերևում, գործի նյութերից չի երևում, թե երբ է այդ տեղեկությունը հայտնի դարձել (տե՛ս վերևում՝ 87-րդ պարբերությունը): Ըստ դիմումատուի՝ այս տեղեկությունը ձերբակալումն իրականացրած ոստիկանության ծառայողներին տրամադրված է եղել արդեն ոստիկանական գործողությունների ժամանակ, ինչը, եթե համարենք, որ այդպես է, կենթադրեր, որ դիմումատուն արգելանքի է վերցվել կամայական կերպով: Այնուամենայնիվ, նույնիսկ ենթադրելով, որ այս տեղեկությունը հայտնի է դարձել միայն ԿՀԴՊԳՎ-ում ստուգման արդյունքում, միևնույն է, հարց է առաջանում, թե ինչու է անհնար եղել այդ տեղեկությունը ստուգել տեղում և դրանով կանխել դիմումատուին ազատությունից անհարկի զրկելը: Հատկանշական է, որ դիմումատուին արգելանքի վերցնելու այս նախնական պատճառը գրեթե անմիջապես մոռացվել է, երբ նրան ձերբակալելուց հետո նրա նկատմամբ հետապնդման նոր հիմքեր են ծագել: Դիմումատուն այդ նախնական կասկածի առնչությամբ երբևէ նույնիսկ չի հարցաքննվել, սակայն փոխարենը նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել այլ հիմքով, այն է՝ ԿՀԴՊԳՎ-ում կատարված մեքենաներից մեկի խուզարկության արդյունքում հայտնաբերված այլ ատրճանակ ենթադրյալ ապօրինի կերպով պահելու առնչությամբ (տե՛ս վերևում՝ 24-րդ պարբերությունը)։ Վերոհիշյալ բոլոր գործոնները, ինչպես նաև դիմումատուի ձերբակալման նախնական պատճառներին վերաբերող բոլոր պաշտոնական փաստաթղթերի ցայտուն անորոշությունը (տե՛ս վերևում՝ 86-87-րդ պարբերությունները) Դատարանին դրդում են հավատալու, որ դիմումատուին արգելանքի վերցնելու համար իրական պատճառներ չեն եղել, և այն փաստը, որ նա ձերբակալվել է այդպիսի անորոշ հիմքերով, իրականում տպավորություն է ստեղծում, որ նպատակը դիմումատուին ամեն գնով ազատությունից զրկելն է եղել, և որ նրա ձերբակալումը, հնարավոր է, որ կատարվել է անբարեխղճորեն (համեմատի՛ր Վիրաբյանի գործի հետ՝ վերևում հիշատակված, §§ 205-207, և Մուշեղ Սաղաթելյանի գործի հետ՝ վերևում հիշատակված, § 249):

120. Երրորդ, Դատարանը նշում է, որ չնայած դիմումատուին առաջադրված նախնական մեղադրանքները, մասնավորապես՝ «Բրաունինգ» տեսակի ատրճանակը ենթադրյալ ապօրինի կերպով պահելը և արգելանքի տակ գտնվելու ընթացքում ոստիկանության երկու ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելը, կարծես թե կապ չեն ունեցել 2008 թվականի փետրվարի 19-ի վիճելի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում բռնկված բողոքի ակցիաների հետ, անհասկանալի պատճառներով նրա գործը միացվել է այդ բողոքի ակցիաների առնչությամբ ընդդիմության առաջնորդների և կողմնակիցների դեմ հարուցված թիվ 62202608 հիմնական քրեական գործին (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը): Ավելին, հարցաքննություններից մեկի ժամանակ դիմումատուին, երբ նրա նկատմամբ առաջադրված էին այդ մեղադրանքները, գրեթե բացառապես հարցեր են տրվել՝ կապված 2008 թվականի փետրվարի 22-ին Ազատության հրապարակում ունեցած իր ելույթի հետ (տե՛ս վերևում՝ 42-րդ պարբերությունը): Ընդ որում, հետագա փուլում դիմումատուի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 300-րդ հոդվածով՝ «իշխանությունը յուրացնելու» համար, որի նույնիսկ բավականին անորոշ ձևով կազմված լինելու պարագայում կարելի է հասկանալ, որ այն վերաբերում էր պրն Տեր-Պետրոսյանի կողմից գլխավորած բողոքի ակցիաներում դիմումատուի ներգրավվածությանը, այդ թվում՝ բողոքի այդ ակցիային դիմումատուի կողմից ցուցաբերած աջակցությանը՝ Ազատության հրապարակում անցկացվող հավաքին իր մասնակցության և այնտեղ իր ունեցած ելույթի միջոցով (տե՛ս վերևում՝ 43-րդ պարբերությունը): Չնայած այդ մեղադրանքն ի վերջո վերացվել է, քննիչը դիմումատուին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել` հղում կատարելով այդ մեղադրանքին, ինչպես նաև բողոքի ակցիայի քննության համար հարուցված հիմնական քրեական գործին (տե՛ս վերևում՝ 44-րդ պարբերությունը):

121. Չորրորդ, անվիճելի է այն փաստը, որ «Բրաունինգ» տեսակի ատրճանակը, ինչպես և «CZ-75B» տեսակի ատրճանակը, օրինական կերպով է պատկանել դիմումատուին: Քննության որևէ փուլում ոչ մի բացատրություն չի տրվել առ այն, թե ինչու է ենթադրվել, որ դա ապօրինի զենք է՝ հաշվի առնելով, որ դիմումատուն ունեցել է գործող լիցենզիա (տե՛ս վերևում՝ 24-րդ և 27-րդ պարբերությունները): Մեղադրանքը կրկին մանրամասներ չի պարունակել և ի վերջո վերացվել է ապացույցների բացակայության պատճառով՝ ակնհայտորեն առանց դրա առնչությամբ կատարված որևէ էական քննության և այն հիմնավորմամբ, որով չի պարզաբանվել այն հարցը, թե ինչու էր անհրաժեշտ առաջին հերթին դիմումատուին առաջադրել այդ մեղադրանքը (տե՛ս վերևում՝ 43-րդ պարբերությունը): Ուստի դիմումատուի հաջորդող դատապարտման միակ հիմքը եղել է այն արարքը, որը նա ենթադրաբար կատարել էր արգելանքի վերցվելուց հետո, այն է՝ ոստիկանության երկու ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելը (համեմատի՛ր Վիրաբյանի գործի հետ՝ վերևում հիշատակված, § 209): Ավելին, այդ դատապարտումը հիմնված է եղել բացառապես ոստիկանության տվյալ ծառայողների ցուցմունքների վրա, և ներպետական դատարանների կողմից այդ առնչությամբ կատարված փաստերի վերաբերյալ եզրահանգումները կարծես թե եղել են հանգամանքների զուտ և անվիճելի ամփոփում, ինչպես դրանք ներկայացված են եղել այդ ցուցմունքներում (համեմատի՛ր Հակոբյանի և այլոց գործի հետ՝ վերևում հիշատակված, § 98, և Մուշեղ Սաղաթելյանի գործի հետ՝ վերևում հիշատակված, § 243): Ուստի այդ մեղադրանքի հետ կապված վարույթի անցկացման եղանակը ցայտուն կերպով նման է մյուս դեպքերին, երբ ընդդիմության ակտիվիստները հետապնդվել և դատապարտվել են նմանատիպ արարքների համար, նմանատիպ հանգամանքներում և նմանատիպ ապացույցների հիման վրա, ինչը մատնանշում է կրկնվող ձեռագրի առկայությունը և կասկածի տակ է դնում դիմումատուի նկատմամբ քրեական վարույթի արժանահավատությունը (տե՛ս Հակոբյանի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, §§ 97-98, Վիրաբյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 204-209, և Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, § 253)։

122. Ի վերջո, հատկանշական է, որ դիմումատուի քրեական գործը, չնայած, ամբողջապես վերցրած, բողոքի ակցիաների հետ կապ չունենալուն, այնուամենայնիվ, ներառվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից մշտադիտարկվող գործերի շարքում՝ որպես 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված ընդդիմության առաջնորդների և կողմնակիցների դեմ հարուցված հարյուրից ավելի գործերով դատաքննության մշտադիտարկման ծրագրի մաս (տե՛ս վերևում՝ 71-րդ պարբերությունը):

123. Հետևաբար Դատարանը գտնում է, որ դիմումատուի գործի և վերը նշվածների միջև կան մի շարք ցայտուն նմանություններ (տե՛ս վերևում՝ 116-րդ պարբերությունը): Հաշվի առնելով բոլոր վերոնշյալ գործոնները՝ Դատարանը համարում է, որ սույն գործում կան համոզիչ փաստարկներ, որոնք կասկածի տակ են դնում այն հանգամանքը, թե արդյոք դիմումատուի ձերբակալման և հետագա հետապնդման իրական պատճառները ոստիկանության համապատասխան նյութերում նշվածներն են եղել։ Դատարանի տրամադրության տակ առկա նյութերի ամբողջությունը թույլ է տալիս կատարել խորապես հիմնավորված, պարզ և համահունչ եզրահանգումներ՝ ընդդիմության կողմից ղեկավարվող բողոքի ակցիայում դիմումատուի ներգրավված լինելու և դրան աջակցություն ցուցաբերելու հետ կապված նրա նկատմամբ հետապնդման և հետևաբար դրա արդյունքում դատապարտման առնչությամբ։ Հետևաբար Դատարանը պատրաստ է ենթադրել, որ փաստերի ամբողջությունը, որոնց վրա հիմնված են եղել դիմումատուի հետապնդումը և դատապարտումը, վիճելի հիմքերով կարող են համարվել խաղաղ հավաքների ազատության նրա իրավունքի «միջամտության» օրինակ (տե՛ս, mutatis mutandis, Հակոբյանի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 99, Վիրաբյանի գործը՝ վերևում հիշատակված, § 210, և Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, § 234)։

3. Արդյո՞ք միջամտությունը սահմանված է եղել օրենքով

124. Դատարանը կրկին նշում է, որ միջամտությունը կհամարվի Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում, եթե այն չլինի «սահմանված օրենքով», չհետապնդի 2-րդ կետով նախատեսված մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակ և չլինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակների իրականացման համար (տե՛ս Կուդրևիչիուսի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 102):

125. Դատարանի կողմից քննության առաջին քայլը որոշելն է, թե արդյոք դիմումատուի` խաղաղ հավաքների ազատության իրավունքի միջամտությունը «սահմանված է եղել օրենքով»: Դիմումատուն պնդել է, որ միջամտությունն անօրինական և կամայական է եղել, քանի որ իր հետապնդումը հանրահավաքներին իր մասնակցությունը կանխելու և դրա համար իրեն պատժելու քողարկված միջոց է եղել: Դատարանը կրկին նշում է, որ 11-րդ հոդվածի հիմնական էությունը պաշտպանվող իրավունքների իրականացման հարցում պետական մարմինների կամայական միջամտությունից անհատին պաշտպանելն է (տե՛ս Էլեկտրաքարշերի ինժեներների և հրշեջների միավորված միությունը (ԷԻՀՄՄ) ընդդեմ Միացյալ Թագավորության [Associated Society of Locomotive Engineers and Firemen (ASLEF) v. the United Kingdom], թիվ 11002/05, § 37, 2007 թվականի փետրվարի 27): Այն նշում է, որ արդեն գտել է նմանատիպ միջամտությունների դեպքեր, որոնք անօրինական և կամայական են և հետևաբար չեն համապատասխանում օրենքով սահմանված լինելու պահանջին (տե՛ս Հակոբյանի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, §§ 107-108, և Հուսեյնլիի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, §§ 98-100)։

126. Հաշվի առնելով միջամտության առկայության վերաբերյալ իր եզրահանգումները` Դատարանը համարում է, որ սույն գործում առկա իրավիճակը համեմատելի է վերոնշյալ Հակոբյանի և այլոց ու Հուսեյնլիի և այլոց գործերում քննության առնված իրավիճակի հետ: Իսկապես, դիմումատուն հետապնդվել և դատապարտվել է որոշակի արարքների, մասնավորապես՝ ոստիկանության երկու ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ այդպիսի արարքները քրեականացնող ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, մինչդեռ նրա քրեական պատժի իրական պատճառը բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցությունն է եղել: Այս հանգամանքներում դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի վիճարկվող միջամտությունը կարող էր միայն բնութագրվել որպես Կոնվենցիայի 11-րդ հոդվածի նպատակներով ակնհայտ կամայական և հետևապես՝ ապօրինի (տե՛ս, mutatis mutandis, Հակոբյանի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 107, և Հուսեյնլիի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 98):

127. Դատարանը, հետևաբար, եզրակացնում է, որ քննարկվող միջամտությունը չի բավարարել օրինականության մասով Կոնվենցիայի պահանջը: Այդպիսով, չի պահանջվում որոշել, թե արդյոք միջամտությունը հետապնդել է իրավաչափ նպատակ, և եթե այո, ապա արդյոք այն համաչափ է եղել հետապնդվող նպատակին: Նույն պատճառներով Դատարանը մերժում է դիմումատուի՝ տուժողի կարգավիճակի բացակայության մասով Կառավարության առարկությունը:

128. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում։

V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

129. Դիմումատուն այնուհետև բողոքել է, որ իր հետապնդումը և դատապարտումը պայմանավորված են եղել իր քաղաքական հայացքներով և հանգեցրել են խտրականության՝ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտմամբ, որով սահմանվում է հետևյալը՝

«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»:

130. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը:

131. Դատարանը, հաշվի առնելով Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն արած եզրահանգումները (տե՛ս վերևում՝ 116-128-րդ պարբերությունները), հայտարարում է, որ այս բողոքն ընդունելի է, սակայն համարում է, որ անհրաժեշտ չէ քննել՝ արդյոք տվյալ գործով եղել է Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ 11-րդ հոդվածի հետ համակցությամբ:

VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

132. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

Ա. Վնասը

133. Դիմումատուն պահանջել է 50 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

134. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի հիմնավորել իր պնդումները որևէ ապացույցով առ այն, որ ինքը կրել է ոչ նյութական վնաս:

135. Դատարանը համարում է, որ հայտնաբերված խախտումների հետևանքով դիմումատուն, անկասկած, կրել է ոչ նյութական վնաս։ Հետևաբար այն դիմումատուին շնորհում է 14 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

Բ. Ծախսերը և ծախքերը

136. Դիմումատուն նաև պահանջել է 3 000 000 ՀՀ դրամ` Դատարանում կրած ծախսերի համար` որպես հիմնավորում ներկայացնելով իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի պատճենը, ինչպես նաև 173 եվրո՝ փոստային ծառայությունների համար:

137. Կառավարությունը պնդել է, որ քանի որ դիմումատուն դեռևս չի վճարել քննարկվող գումարը և պայմանագրով պարտավոր է դա անել միայն գործի նպաստավոր ելքի դեպքում, պահանջված դատական ծախսերը չեն կարող համարվել իրականում կատարված: Ամեն դեպքում, պահանջվող գումարը չափազանցված է և չհիմնավորված: Ինչ վերաբերում է ենթադրյալ փոստային ծառայությունների մասով ծախսերին, ապա դրանք միայն մասամբ են հիմնավորված:

138. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք միայն այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործում հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել 2 000 եվրո՝ որպես բոլոր պահանջների մասով կրած ծախսերի ու ծախքերի փոխհատուցում։

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

139. Դատարանը նպատակահարմար է գտնում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

1. Որոշում է միացնել գանգատները.

2. Որոշում է դիմումատուի՝ տուժողի կարգավիճակի բացակայության մասով Կառավարության նախնական առարկությունը միացնել գործի ըստ էության քննությանը և մերժում է այն.

3. Հայտարարում է գանգատներն ընդունելի.

4. Վճռում է, որ դիմումատուի ձերբակալման օրինականության մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում․

5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի խախտում այն առումով, որ դիմումատուի ձերբակալումը հիմնված չի եղել հիմնավոր կասկածի վրա.

6. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում այն առումով, որ ներպետական դատարանները դիմումատուի կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառներ չեն ներկայացրել.

7. Վճռում է, որ տրիբունալի անաչառության մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.

8. Վճռում է, որ դիմումատուի հետապնդման և դատապարտման մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում.

9. Վճռում է, որ բողոքը Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հետ համակցությամբ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն քննելու անհրաժեշտություն չկա.

10. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 14 000 եվրո (տասնչորս հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 2 000 եվրո (երկու հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

11. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

Ռենատա Դեգեներ

Քարտուղարի տեղակալ

Քրշիշթոֆ Վոյտիչեկ

Նախագահ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։