Հոդված 20. Արտոնագիր ստանալու իրավունքը
Հոդված 20. Արտոնագիր ստանալու իրավունքը
1. Արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է հեղինակին, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ և փոխանցելի է օրենքով սահմանված կարգով:
2. Եթե գյուտն ստեղծվել է մի քանի ֆիզիկական անձանց համատեղ ստեղծագործական աշխատանքով (համահեղինակությամբ), ապա արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է նրանց` համատեղ:
3. Եթե նույն գյուտն ստեղծվել է մի քանի ֆիզիկական անձանց կողմից` իրարից անկախ, ապա արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է այն անձին, որի հայտը, սույն օրենքի 43-րդ հոդվածի համաձայն, ունի ավելի վաղ ներկայացման թվական, իսկ եթե խնդրարկվում է առաջնություն` ավելի վաղ առաջնության թվական:
4. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ սույն հոդվածի 3-րդ մասում նշված գյուտերն ունեն առաջնության միևնույն թվականը, ապա հայտատուները ծանուցվում են այդ մասին՝ նշելով նաև հայտատուների համաձայնությամբ նրանց մեկ արտոնագիր տալու հնարավորության մասին: Նշված ծանուցումն ուղարկելու օրվանից՝ մեկ տարվա ընթացքում, համաձայնության չգալու դեպքում նրանց հայտերը համարվում են հետկանչված: Համաձայնության գալու դեպքում նրանց տրվող արտոնագրում նշվում են երկու հայտերում հիշատակված բոլոր հեղինակները, եթե նրանք չեն հրաժարվել որպես այդպիսին լինելուց:
5. Մինչև գյուտի պետական գրանցումը արտոնագիր ստանալու գործընթացի նպատակով հայտատուն կարող է արտոնագիր ստանալու իրավունքն օրենքով սահմանված կարգով փոխանցել այլ անձի: