Հոդված 27. Արտոնագրից բխող իրավունքների սահմանափակումները
Հոդված 27. Արտոնագրից բխող իրավունքների սահմանափակումները
1. Արտոնագրատերը կամ բացառիկ լիցենզիա ունեցող անձն իրավունք չունի արգելելու արտոնագրով պահպանվող գյուտ պարունակող կամ արտոնագրով պահպանվող եղանակի կիրառմամբ ստացված արտադրանքը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական շրջանառության մեջ մտցնելը, եթե այդ արտադրանքը կամ իրը Հայաստանի Հանրապետությունում վաճառքի միջոցով օրինական ճանապարհով քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ կամ որևէ այլ օրինական ձևով, ինչպիսիք են հարկադրական լիցենզիաները:
2. Արտոնագրատերը կամ բացառիկ լիցենզիա ունեցող անձն իրավունք չունի արգելելու նաև արտոնագրով պահպանվող գյուտ պարունակող կամ արտոնագրով պահպանվող եղանակի կիրառմամբ ստացված արտադրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, եթե դա արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ, կամ որևէ այլ օրինական ճանապարհով, ինչպիսիք են հարկադրական լիցենզիաները, քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել այլ երկրում, որի հետ գործում է ընդհանուր շուկայի կամ ընդհանուր մաքսային սահմանի մասին միջազգային պայմանագիր:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում ավելի վաղ առաջնություն ունեցող այլ արտոնագրերի խախտման համար իր դեմ հարուցված գործում պաշտպանվելու նպատակով արտոնագրատերը չի կարող հիմնվել իր արտոնագրի վրա:
4. Այն փաստը, որ արտոնագրված գյուտը չի կարող կիրառվել առանց այլ անձի ավելի վաղ արտոնագրով պահպանվող գյուտը (առաջին գյուտ) օգտագործելու, խոչընդոտ չի հանդիսանում տվյալ գյուտի (երկրորդ գյուտ) արտոնագրի գործողության համար: Այսպիսի դեպքերում առաջին արտոնագրատերը չի կարող երկրորդ գյուտն օգտագործել դրա արտոնագրի գործողության ընթացքում` առանց դրա արտոնագրատիրոջ համաձայնության, ոչ էլ երկրորդ արտոնագրատերը կարող է օգտագործել այդ երկու գյուտերից որևէ մեկն առաջին արտոնագրի գործողության ընթացքում, մինչև չստանա առաջին արտոնագրատիրոջ համաձայնությունը կամ հարկադրական լիցենզիա: