Անցնել բովանդակությանը
Գլուխ 10 · ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԳՅՈՒՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՈՒՄԸ, ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ

Հոդված 70. Իրավունքների փոխանցումը և լիցենզիայի տրամադրումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 70. Իրավունքների փոխանցումը և լիցենզիայի տրամադրումը

1. Արտոնագրատերն իր իրավունքներն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է պայմանագրով փոխանցել այլ անձի և (կամ) տրամադրել գյուտի օգտագործման թույլտվություն` լիցենզիա (այդ թվում՝ ֆրանչայզինգ):

2. Արտոնագրատերը (լիցենզատուն) լիցենզային պայմանագրով թույլատրում է մեկ այլ անձի (լիցենզառուին) արտոնագրով պահպանվող գյուտը պայմանագրով նախատեսված ծավալով օգտագործել, իսկ լիցենզառուն պարտավորվում է լիցենզատուին վճարել պայմանագրով սահմանված վճարները և իրականացնել պայմանագրով նախատեսված այլ գործողություններ:

3. Բացառիկ լիցենզիայի դեպքում գյուտի օգտագործման բացառիկ իրավունքը լիցենզառուին փոխանցվում է պայմանագրով որոշված սահմաններում (ծավալով ու տարածքում), ընդ որում, լիցենզատուն պահպանում է գյուտի օգտագործման իրավունքն այն մասով, որը չի փոխանցվել լիցենզառուին:

4. Հասարակ լիցենզիայի դեպքում լիցենզատուն, գյուտի օգտագործման իրավունքը լիցենզառուին տրամադրելով, պահպանում է իր բոլոր իրավունքները, այդ թվում՝ երրորդ անձանց լիցենզիա տրամադրելու իրավունքը:

5. Արտոնագրատերը կարող է դիմել պետական լիազոր մարմին` գյուտի օգտագործման իրավունքն այլ անձի տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարություն հրապարակելու խնդրանքով (բաց լիցենզիա): Այս դեպքում արտոնագիրը գործողության մեջ պահելու համար օրենքով սահմանված պետական տուրքերը նվազեցվում են 50 տոկոսով՝ սկսած բաց լիցենզիա տալու պատրաստակամության մասին հայտարարության հրապարակման տարվա հաջորդ տարվանից: Հայտարարություն հրապարակելուց հետո` երկու տարվա ընթացքում, լիցենզային պայմանագիր կնքելու մասին գրավոր առաջարկություն չստանալու դեպքում նշված ժամկետը լրանալուց հետո արտոնագրատերը կարող է դիմել պետական լիազոր մարմին` իր դիմումը հետ կանչելու խնդրանքով: Այս դեպքում հայտարարությունը հրապարակվելուց մինչև դրա հետկանչման թվականն ընկած ժամանակահատվածի համար արտոնագիրը գործողության մեջ պահելու տարեկան պետական տուրքերը ենթակա են լրավճարման, իսկ հետագա ժամկետների համար դրանք վճարվում են լրիվ դրույքաչափերով: Պետական լիազոր մարմինն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում դիմումը հետ կանչելու մասին:

6. Արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցումը և լիցենզիան (այդ թվում՝ ֆրանչայզինգը) ենթակա են գրանցման պետական լիազոր մարմնում: Արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցումը և լիցենզիան (այդ թվում՝ ֆրանչայզինգը) գրանցվում են Կառավարության սահմանած կարգով:

7. Համապատասխան գրանցամատյանում գյուտի նկատմամբ իրավունքների փոխանցումը կամ լիցենզիան (այդ թվում՝ ֆրանչայզինգը) գրանցելու համար փոխանցումն իրականացնող կամ լիցենզային պայմանագրի կողմերից մեկը պետական լիազոր մարմին է ներկայացնում`

1) դիմում՝ իրավունքների փոխանցումը կամ լիցենզիան գրանցելու մասին.

2) իրավունքների փոխանցումը հավաստող փաստաթուղթը՝ իրավունքները փոխանցողի և ստացողի կողմից ստորագրված կամ լիցենզային պայմանագիրը, լիցենզային պայմանագրից քաղվածքը կամ լիցենզիայի տրամադրման մասին հայտարարությունը՝ ստորագրված լիցենզատուի և լիցենզառուի կողմից.

3) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, համապատասխան դեպքում՝ նաև նվազեցված դրույքաչափով վճարման հիմքերը` համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի 28-րդ հոդվածի.

4) ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը (ներկայացուցչի առկայության դեպքում):

8. Պետական լիազոր մարմնում չգրանցված արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցումը կամ լիցենզիան (այդ թվում՝ ֆրանչայզինգը) անվավեր է:

9. Լիցենզային պայմանագիրը, լիցենզային պայմանագրից քաղվածքը և լիցենզիայի տրամադրման մասին հայտարարությունը պետք է պարունակեն հետևյալ տվյալները.

1) լիցենզատուի ազգանունը, անունը (անվանումը) և գտնվելու վայրը (հասցեն).

2) լիցենզառուի ազգանունը, անունը (անվանումը) և գտնվելու վայրը (հասցեն).

3) արտոնագրի համարը, որի համար տրամադրվում է լիցենզիան.

4) լիցենզիայի տեսակը.

5) գյուտերը, որոնց համար տրամադրվում է լիցենզիան.

6) լիցենզիայի գործողության ժամկետը.

7) լիցենզիայի գործողության տարածքը։

10. Պետական լիազոր մարմինը սույն հոդվածի 7-րդ մասում նշված փաստաթղթերն ստանալու օրվանից հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում է դրանց փորձաքննությունը և սույն հոդվածի պահանջներին համապատասխանելու դեպքում լիցենզիան գրանցում է պետական գրանցամատյանում։

11. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված լիցենզիայի պայմանների հետագա փոփոխությունները, ինչպես նաև լիցենզիայի չեղյալ հայտարարումը գրանցվում են պետական գրանցամատյանում, որի համար լիցենզային պայմանագրի կողմերից մեկը պետական լիազոր մարմին ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում՝ լիցենզիայի փոփոխությունը կամ չեղյալ հայտարարումը գրանցելու մասին.

2) լիցենզիայի փոփոխությունը կամ չեղյալ հայտարարումը հաստատող փաստաթուղթ կամ լիցենզիայի փոփոխության կամ չեղյալ հայտարարման մասին հայտարարություն՝ ստորագրված լիցենզատուի և լիցենզառուի կողմից:

12. Սույն հոդվածում նշված դիմումների ձևերը, դրանց լրացման, ներկայացման և քննարկման կարգը սահմանում է Կառավարությունը:

13. Սույն հոդվածով նախատեսված դիմումները չեն կարող մերժվել՝ առանց դիմողին լիցենզիայի կամ դրա փոփոխությունների գրանցման օգտին փաստարկներ ներկայացնելու հնարավորություն ընձեռելու:

14. Սույն հոդվածի համաձայն` ներկայացված դիմումների որևէ նշման կամ փաստաթղթի հավաստիության վերաբերյալ հիմնավոր կասկածներ առաջանալու դեպքում պետական լիազոր մարմինը կարող է պահանջել համապատասխան ապացույցներ:

15. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են ենթալիցենզիաների և օրենքով սահմանված դեպքերում՝ ֆրանչայզինգի նկատմամբ մութաթիս մութանդիս (mutatis mutandis)։

16. Լիցենզիայի, այդ թվում՝ ֆրանչայզինգի և արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցման գրանցման հետ կապված պետական լիազոր մարմնի որոշումները դրանց ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում, կարող են բողոքարկվել պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ կամ դատական կարգով:

17. Սույն հոդվածի 1-ին մասը կիրառվում է նաև հայտատուի նկատմամբ մութաթիս մութանդիս (mutatis mutandis):

18. Գյուտերի հայտերի կամ արտոնագրերի նկատմամբ իրավունքները երրորդ անձանց նկատմամբ չեն գործում, եթե դրանք գրանցված չեն համապատասխան գրանցամատյանում: Արտադրանքի վրա չի կարող նշում կատարվել գյուտի հայտի կամ արտոնագրի մասին, եթե դրա նկատմամբ իրավունքները գրանցված չեն համապատասխան գրանցամատյանում: Սույն մասի դրույթների խախտումը, որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն, առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։