Հոդված 34. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը
Հոդված 34. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը
1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանը. ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին:
2. Տույժերը ձևակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
3. Կարգապահական տույժի մասին հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:
4. Եթե կարգապահական տույժ նշանակվելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա:
5. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:
6. Ծառայողական քննության ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ, պաշտոնում մնալով, նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացումը: Այդ դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարձատրությունը պահպանվում է:
7. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս նրա լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել մինչև քրեական հետապնդումը դադարեցնելը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
8. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարան:
9. Կարգապահական տույժի ենթարկված հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը չի ազատվում նույն արարքի համար օրենքով սահմանված քաղաքացիական, վարչական կամ քրեական պատասխանատվությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ կարգապահական տույժը կիրառվել է առաքինության ստուգման շրջանակներում կատարված խախտման հիմքով: