Հոդված 27. Դասային աստիճանների շնորհման ժամկետները
Հոդված 27. Դասային աստիճանների շնորհման ժամկետները
1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն սկզբնական դասային աստիճան է և շնորհվում է հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնի նշանակվելիս, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքի: Հակակոռուպցիոն կոմիտեում մյուս պաշտոններում նշանակվելիս ծառայողին շնորհվում է սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված` տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճան:
2. Եթե սույն օրենքի 26-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման հետևանքով այն ավելի բարձր է հակակոռուպցիոն կոմիտեում տվյալ պաշտոնին նշանակվելու համար սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան:
3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15 օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
4. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանի շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.
1) երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` երկու տարի.
2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` երեք տարի.
3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` երեք տարի.
4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` չորս տարի.
5) արդարադատության երկրորդ դասի դասային աստիճան ունեցողի համար` հինգ տարի:
5. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ծառայողին բարձրագույն դասային աստիճան շնորհելու համար ծառայության ժամկետ չի սահմանվում:
6. Նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանը շնորհելու մասին իրավական ակտն ստորագրելու հաջորդ օրվանից, իսկ սույն օրենքի 26-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցումից հետո` զինվորական կամ այլ հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:
7. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, եթե`
1) ատեստավորումից հետո որոշում է ընդունվել ատեստավորումը հետաձգելու և նրան վերապատրաստման գործուղելու մասին.
2) նա ունի կարգապահական տույժ.
3) նրա լիազորություններն օրենքով սահմանված կարգով կասեցվել են, կամ կատարվում է ծառայողական քննություն:
8. Հերթական դասային աստիճանի շնորհման հետաձգման՝ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերը վերանալուց հետո՝ 15-օրյա ընթացքում, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին շնորհվում է հերթական դասային աստիճանը: