Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-04-22-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 35. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ատեստավորումը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 35. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ատեստավորումը

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման նպատակով:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը երեք տարին մեկ անցնում է ատեստավորում:

3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանի հիման վրա կամ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ցանկությամբ:

5. Ատեստավորումն անցկացվում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն՝

1) հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և նրա տեղակալները.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները, եթե նրանք ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել.

3) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ծառայողները, եթե նրանք ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել.

4) սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ տվյալ տարում պաշտոնից ազատվողները:

7. Հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նրանք ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու:

8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև հակակոռուպցիոն կոմիտեի ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

9. Ատեստավորման ենթակա հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

10. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ծառայողական բնութագիրը:

11. Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի մասին, նրա գործնական, անձնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը հիմնվում է նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կատարած աշխատանքների մասին անմիջական ղեկավարի եզրակացության վրա:

12. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

13. Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

14. Ատեստավորման հանձնաժողովի գործառույթներն իրականացնում է սույն օրենքով նախատեսված մրցութային հանձնաժողովը:

15. Հանձնաժողովն ատեստավորման արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ ներառելով հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջխաղացման ցուցակում.

3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով.

4) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով արտահերթ դասային աստիճան շնորհելու մասին.

5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին.

6) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով պաշտոնից ազատելու մասին:

16. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և դրանց հետ համաձայն չլինելու դեպքում եռօրյա ժամկետում բողոքարկելու դրանք հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին:

17. Հանձնաժողովի եզրակացությունը հանձնաժողովի նախագահն ատեստավորման օրվանից հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին:

18. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ատեստավորման արդյունքների հիման վրա լրացուցիչ վերապատրաստում անցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, իսկ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում: Արտահերթ դասային աստիճան շնորհելու, ավելի ցածր պաշտոնի փոխադրելու կամ պաշտոնից ազատելու միջնորդությունների առկայության դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարող է համապատասխան որոշում ընդունել նույն ժամկետում:

19. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։