Հոդված 223. Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը
Հոդված 223. Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը
(վերնագիրը լրաց. 22.01.20 ՀՕ-87-Ն)
1. Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցություն ղեկավարելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
2. Հանցավոր համագործակցությանը մասնակցելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) անչափահասի ներգրավմամբ,
3) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից՝
պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
4. Իր կողմից հանցավոր համագործակցությանը մասնակցելու մասին քրեական հետապնդման մարմիններին կամովին հայտնած և դրա գործունեության խափանմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
(223-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 22.01.20 ՀՕ-87-Ն)