Հոդված 27
Հոդված 27.
Ամուսնության պետական գրանցման կարգը
1. Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմին համատեղ դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո, բայց երեք ամսից ոչ ուշ: Մինչև մեկ ամիսը լրանալը ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրանցումը կատարվում է, եթե առկա են հարգելի պատճառներ: Այդ դեպքում ՔԿԱԳ մարմնում ամուսնության պետական գրանցումը կատարվում է դիմումում նշված օրը, բայց ոչ շուտ, քան դիմում տալուց հետո` եռօրյա ժամկետում: Հարգելի պատճառների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
2. (մասն ուժը կորցրել է 23.05.06 ՀՕ-64-Ն)
3. Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ:
4. Ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցումը կարող է կատարվել հանդիսավոր պայմաններում:
5. Եթե ամուսնացող անձինք (ամուսնացողներից մեկը) չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին ծանր հիվանդության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարգելի այլ պատճառներով, ապա ամուսնության պետական գրանցումն ամուսնացող անձանց ներկայությամբ կարող է կատարվել տանը, բժշկական կամ այլ հաստատությունում:
6. Կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց հետ ամուսնության պետական գրանցումն իրականացնում է ՔԿԱԳ մարմնի ղեկավարը՝ քրեակատարողական համապատասխան հաստատության ղեկավարի համաձայնությամբ ընտրված վայրում:
7. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսված ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայությունը հաստատող ապացույցների դեպքում ՔԿԱԳ մարմնի ղեկավարը պարտավոր է մերժել ամուսնության պետական գրանցումը:
8. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար անձը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից տրված տեղեկանք` ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ: Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(27-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)