Հոդված 7. Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը
Հոդված 7. Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը
1. Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը (այսուհետ` փաստաբանների պալատ) սույն օրենքի հիման վրա ստեղծված փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Փաստաբանների պալատն իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով գրանցվելու պահից:
2. Փաստաբանների պալատի խնդիրներն են`
1) պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում.
2) կազմակերպել փաստաբանների արտոնագրման գործընթացը.
3) կազմակերպել փաստաբանի ունկնդիրների մասնագիտական ուսուցումը և փաստաբանների վերապատրաստումը.
4) վերահսկողություն իրականացնել իր անդամների կողմից սույն օրենքի, փաստաբանների պալատի կանոնադրության և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջների պահպանման, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ.
5) միջոցներ ձեռնարկել փաստաբանության հեղինակության բարձրացման ուղղությամբ.
6) սույն օրենքով նախատեսված դեպքերում յուրաքանչյուրի համար հավասարապես ապահովել մատչելի և արդյունավետ անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրականացումը.
7) նպաստել հանրային իրավագիտակցության և իրավական մշակույթի բարձրացմանը:
3. Փաստաբանների պալատը կարող է համագործակցել այլ երկրների փաստաբանական կառույցների, միջազգային և այլ կազմակերպությունների հետ:
4. Փաստաբանների պալատը կարող է անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայելու է սույն հոդվածով նախատեսված խնդիրների իրականացմանը: Փաստաբանների պալատն իրավունք ունի անձամբ զբաղվելու միայն իր կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով:
(7-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-121-Ն)