Հոդված 43. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը
Հոդված 43. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը
1. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ նշանակում է փաստաբանների պալատի խորհուրդը` առնվազն տասը տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից, չորս տարի ժամկետով:
2. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ փաստաբանների պալատի խորհրդի կողմից` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով` փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով և դեպքերում:
3. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը`
1) ներկայացնում է հանրային պաշտպանի գրասենյակը.
2) կազմակերպում է սույն օրենքով նախատեսված դեպքերում յուրաքանչյուրի համար հավասարապես մատչելի և արդյունավետ իրավաբանական օգնության իրականացումը.
3) կատարում է աշխատանքի բաժանում հանրային պաշտպանների միջև.
4) ընդունում է որոշումներ հանրային պաշտպանի գրասենյակի բնականոն գործունեությունն ապահովելու ուղղությամբ.
5) քրեական վարույթն իրականացնող մարմնի դիմումի կամ որոշման հիման վրա կամ սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում քաղաքացու դիմումի հիման վրա որոշում է կայացնում հանրային պաշտպանություն իրականացնելու մասին որոշումը կամ դիմումը բավարարելու և գործը հանրային պաշտպանին հանձնելու մասին կամ հանրային պաշտպանություն իրականացնելու դիմումը մերժելու մասին, երբ այն նախատեսված չէ սույն օրենքի 41-րդ հոդվածով.
6) հսկողություն է իրականացնում հանրային պաշտպանների կողմից իրավաբանական օգնություն իրականացնելու որակի և ժամկետների նկատմամբ.
7) միջնորդություն է ներկայացնում հանրային պաշտպանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար.
8) կարող է դիմել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ տնտեսավարող սուբյեկտներին` անվճարունակ անձանց անվճարունակության փաստը ստուգելու, ինչպես նաև անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով: Նշված մարմիններն ու տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են հնգօրյա ժամկետում անհատույց տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ պահանջվող փաստաթղթերը օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում:
4. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է փաստաբանների պալատի խորհրդի նիստերին: