Հոդված 39.1. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը
Հոդված 39.1. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը
1. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) սույն օրենքի պահանջների խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջների խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
3) «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
4) «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
2. Սույն հոդվածի իմաստով՝
1) արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե փաստաբանը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը.
2) արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե փաստաբանը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
3. Փաստաբանի մասնակցությամբ գործով ի վնաս փաստաբանի վստահորդի ընդունված ակտն ինքնին չի առաջացնում փաստաբանի կարգապահական պատասխանատվություն:
4. Փաստաբանին վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու հնարավորությունը և հակառակը:
5. Փաստաբանը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության մեղքի բացակայության դեպքում:
6. Կարգապահական խախտման համար փաստաբանը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենքով սահմանված կարգով՝ Կարգապահական հանձնաժողովի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ուժի մեջ մտած որոշմամբ: Փաստաբանի կատարած կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են փաստաբանի օգտին: