Հոդված 39.6. Կարգապահական գործի քննության կարգը
Հոդված 39.6. Կարգապահական գործի քննության կարգը
1. Կարգապահական գործը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի քննարկմանը ներկայացվելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նախագահը պարտավոր է նշանակել գործը զեկուցող կարգապահական հանձնաժողովի անդամին՝ խորհրդի սահմանած կարգով, ինչպես նաև նշանակել կարգապահական հանձնաժողովի նիստ և նիստի տեղի ու ժամանակի մասին պատշաճ ծանուցել փաստաբանին, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, դիմող կողմին, վկաներին և կարգապահական գործին մասնակցող այլ անձանց:
2. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը քննելու նպատակով փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նիստն իրավասու է (քվորում ունի), եթե դրան մասնակցում է կարգապահական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը, ներառյալ զեկուցողը:
3. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովում կարգապահական գործի քննությունն սկսվում է զեկուցողի կողմից կարգապահական գործի ներկայացմամբ:
4. Զեկուցողին լսելուց հետո փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը լսում է այն փաստաբանին, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամները կարող են հարցեր ուղղել փաստաբանին, որոնց փաստաբանը կարող է պատասխանել կամ հրաժարվել դրանց պատասխանելուց: Փաստաբանին լսելուց հետո փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովն անցնում է վարույթի նյութերի հետազոտմանը:
5. Կարգապահական գործի քննությունն ավարտված հայտարարվելուց հետո փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովն անցնում է որոշում կայացնելու:
6. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը քննում է ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան գործն ստանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
7. Բացառիկ դեպքերում փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան երեք ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով: