Հոդված 41. Հանրային պաշտպանությունը
Հոդված 41. Հանրային պաշտպանությունը
1. Հանրային պաշտպանություն է համարվում սույն հոդվածով նախատեսված դեպքերում տրամադրվող անվճար իրավաբանական օգնությունը:
2. Անվճար իրավաբանական օգնությունը ներառում է`
1) խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում.
2) ներկայացուցչությունը կամ պաշտպանությունը` քրեական, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով:
3. Սույն հոդվածի իմաստով ներկայացուցչությունը կամ պաշտպանությունն իրականացվում է քրեական գործով մինչդատական վարույթում, Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում:
4. Քրեական գործերով վարույթն իրականացնող մարմինը անվճար իրավաբանական օգնությունն ապահովում է հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում, կամ եթե դա է պահանջում արդարադատության շահը:
5. Հանրային պաշտպանի գրասենյակը, բացառությամբ քրեական գործով կասկածյալին կամ մեղադրյալին իրավաբանական օգնություն տրամադրելու, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքերի, սույն հոդվածով նախատեսված անվճար իրավաբանական օգնությունը տրամադրում է հետևյալ անձանց`
1) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին.
2) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին.
3) .
4) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամներին.
5) Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին.
6) .
7) միայնակ բնակվող կենսաթոշակառուներին.
8) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց.
9) փախստականներին.
10) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացածներին.
11) :
(41-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ, 6-րդ և 11-րդ կետերը 08.12.11 ՀՕ-339-Ն օրենքի խմբագրությամբ ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:)
6. Անվճար իրավաբանական օգնություն ցույց չի կարող տրվել սույն հոդվածի 5-րդ մասում նշված անձանց`
1) ձեռնարկատիրական բնույթի գործերով (ներառյալ` կորպորատիվ վեճերով).
2) նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գույքային (գումարի) պահանջով գործերով, բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ.
3) եթե առկա են դիմող անձի անվճարունակությունը ժխտող փաստական հավաստի տվյալներ: