Հոդված 40. Կարգապահական հանձնաժողովի անդամի, խորհրդի անդամի և սպասարկող անձնակազմի աշխատակցի անկախությունը, բացարկ հայտնելու հիմքերը և կարգը
Հոդված 40. Կարգապահական հանձնաժողովի անդամի, խորհրդի անդամի և սպասարկող անձնակազմի աշխատակցի անկախությունը, բացարկ հայտնելու հիմքերը և կարգը
1. Կարգապահական վարույթ հարուցելիս, կարգապահական վարույթն իրականացնելիս և կարգապահական պատասխանատվության ենթարկելիս կարգապահական հանձնաժողովի անդամը և սպասարկող անձնակազմի աշխատակիցը, իսկ կարգապահական գործը վերանայելիս՝ խորհրդի անդամը, անկախ են և ենթարկվում են միայն սույն օրենքին, փաստաբանների պալատի կանոնադրությանը և փաստաբանի վարքագծի կանոնագրքին:
2. Փաստաբանը կամ կարգապահական խախտման մասին հաղորդում (դիմում, տեղեկանք, միջնորդություն) ներկայացրած անձը (մարմինը) իրավունք ունի բացարկ հայտնելու կարգապահական հանձնաժողովի անդամին, սպասարկող անձնակազմի աշխատակցին կամ խորհրդի անդամին, եթե՝
1) նա առնչվում է օրակարգով քննարկման դրված հարցին և դրանով հանդիսանում է շահագրգիռ անձ.
2) նա համապատասխան գործով կողմերից մեկին տվել է խորհրդատվություն, մասնակցել է կամ մասնակցում է որպես կողմ կամ նրա ներկայացուցիչ.
3) նա կողմերից որևէ մեկի մերձավոր ազգականն է.
4) նա կողմից գտնվում է անձնական կամ աշխատանքային այլ կախվածության մեջ.
5) կան այլ հանգամանքներ, որոնք հիմք են տալիս համարելու, որ նա ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է տվյալ գործի ելքով:
3. Բացարկի վերը նշված հիմքերն իրեն հայտնի դառնալու պահից կարգապահական հանձնաժողովի անդամը, սպասարկող անձնակազմի աշխատակիցը կամ խորհրդի անդամը պարտավոր են ինքնաբացարկ հայտնել:
4. Բացարկը ներկայացվում է գրավոր` նշելով կոնկրետ այն փաստական հանգամանքները, որոնք բացառում են բացարկման ենթակա անձի մասնակցությունը կարգապահական վարույթին:
5. Բացարկման ենթակա անձն իրավունք ունի գրավոր կամ բանավոր բացատրություններ ներկայացնելու իրեն ներկայացված բացարկի վերաբերյալ:
6. Կարգապահական հանձնաժողովի անդամին կամ խորհրդի անդամին հայտնված բացարկը լուծում է համապատասխանաբար կարգապահական հանձնաժողովը կամ խորհուրդը` բացարկված անդամի բացակայությամբ: Սպասարկող անձնակազմի աշխատակցին հայտնված բացարկը լուծում է փաստաբանների պալատի նախագահը:
7. Բացարկի հարցը չի քննարկվում, եթե կարգապահական հանձնաժողովի անդամը, սպասարկող անձնակազմի աշխատակիցը կամ խորհրդի անդամը գրավոր կամ բանավոր ինքնաբացարկ են հայտնել: