Հոդված 44.1. Կամավոր անհատույց իրավաբանական օգնությունը
Հոդված 44.1. Կամավոր անհատույց իրավաբանական օգնությունը
1. Կամավոր անհատույց իրավաբանական օգնությունը կամավոր հիմունքներով իրավաբանական օգնության անհատույց տրամադրումն է սույն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված անձանց, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Կամավոր անհատույց իրավաբանական օգնություն կարող են տրամադրել փաստաբանները, ինչպես նաև այլ անձինք՝ հաշվի առնելով իրավաբանական օգնություն տրամադրելու օրենսդրական սահմանափակումները:
3. Կազմակերպությունները, ներառյալ՝ փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպությունները և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից կազմակերպվող իրավաբանական կլինիկաները կարող են կազմակերպել կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրման ծրագրեր:
4. Կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանը կարող է դիմել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ տնտեսավարող սուբյեկտներին` անվճարունակ անձանց անվճարունակության փաստն ստուգելու, ինչպես նաև անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով: Նշված մարմիններն ու տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են հնգօրյա ժամկետում անհատույց տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ երբ պահանջվող փաստաթղթերն օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում:
5. Կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը խրախուսելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը՝
1) սահմանում է կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրման տարեկան խրախուսելի նվազագույն ժամաքանակը և այլ չափանիշներ, ներառյալ՝ փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից կազմակերպվող կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրման ծրագրերի չափանիշները.
2) սահմանում է յուրաքանչյուր տարի փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ սահմանված ժամաքանակով և այլ չափանիշներին համապատասխանող կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրած (ծրագրեր իրականացրած) փաստաբանների և փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ցուցակի կազմման և վարման կարգը: Սույն կետով սահմանված ցուցակում ներառվում են սույն օրենքի 44.2-րդ հոդվածի 2-րդ մասի միայն 1-3-րդ կետերով սահմանված տվյալները.
3) կարող է նախատեսել փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ սահմանված ժամաքանակով և այլ չափանիշներին համապատասխանող կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրած (ծրագրեր կազմակերպած) փաստաբաններին և փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպություններին խրախուսելու այլ միջոցներ:
6. Յուրաքանչյուր տարի փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ սահմանված ժամաքանակով և չափանիշներին համապատասխանող կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրած փաստաբաններն ազատվում են վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պարտականությունից: Սույն մասով սահմանված կանոնը չի կիրառվում արտոնագիրը վերականգնած փաստաբանի կողմից վերապատրաստման դասընթացներ անցնելու և որպես կարգապահական տույժ նշանակված վերապատրաստման դասընթացներ անցնելու դեպքերի նկատմամբ:
7. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ցուցակը փաստաբանների պալատը կազմում է յուրաքանչյուր տարի մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը և կազմելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:
8. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ցուցակը հրապարակվում է փաստաբանների պալատի պաշտոնական կայքում՝ փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:
(44.1-ին հոդվածը լրաց. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)