Հոդված 69. Պատժի ժամկետները հաշվարկելը և պատիժը հաշվակցելը
Հոդված 69. Պատժի ժամկետները հաշվարկելը և պատիժը հաշվակցելը
1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, կարգապահական գումարտակում պահելու, ազատազրկման ժամկետները հաշվարկվում են ամիսներով և տարիներով: Հանրային աշխատանքների ժամկետը հաշվարկվում է ժամերով: Կալանքի ժամկետը հաշվվում է օրերով և ամիսներով:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված պատիժները փոխարինելիս կամ գումարելիս, ինչպես նաև պատիժը հաշվակցելիս ժամկետները կարող են հաշվարկվել օրերով:
3. Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց, իսկ հանրային աշխատանքների դեպքում՝ մեկ օրը երեք ժամի դիմաց:
4. Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու կամ այլ պետությունում կատարած հանցանքի համար դատարանի դատավճռով ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու ժամանակ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի հիման վրա անձին հանձնելու դեպքում մեկ օրը հաշվարկվում է մեկ օրվա դիմաց:
5. Մինչև դատական քննությունը կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժ նշանակելիս դատարանը, հաշվի առնելով կալանքի տակ պահելու ժամկետը, մեղմացնում է նշանակված պատիժը կամ լրիվ ազատում պատիժը կրելուց:
6. Հանցանքը կատարելուց հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կիրառելու ժամկետը հաշվակցվում է պատժի ժամկետին: (69-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 01.06.06 ՀՕ-119-Ն)