Հոդված 4. Տեղեկատվական ամփոփագրերը
Հոդված 4. Տեղեկատվական ամփոփագրերը
1. Բանկը պարտավոր է իր կողմից առաջարկվող յուրաքանչյուր տիպի ավանդային պայմանագրի համար հաստատել և ունենալ սակագների, տոկոսադրույքների, տարեկան տոկոսային եկամտաբերության, տույժերի և ավանդների ներգրավման կարգի և պայմանների վերաբերյալ տեղեկատվական ամփոփագիր: Բոլոր տիպի ավանդային պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվական ամփոփագրերը կարող են համախմբվել նաև մեկ միասնական տեղեկատվական ամփոփագրում, պայմանով, որ միասնական տեղեկատվական ամփոփագիրը պարունակի յուրաքանչյուր տիպի ավանդային պայմանագրի վերաբերյալ սույն օրենքով սահմանված տեղեկատվությունը:
2. Բանկի հաստատած և քաղաքացիներին տրամադրվող յուրաքանչյուր տեղեկատվական ամփոփագիր պետք է հստակ և առանց որևէ շփոթեցուցիչ, խրթին կամ մոլորեցնող ձևակերպումների առնվազն պարունակի հետևյալը.
1) տեղեկատվություն սակագների և տուժանքների մասին, մասնավորապես`
ա. հաշվից գանձվելիք կամ ավանդատուի կողմից վճարվելիք սակագների և տուժանքների նկարագրությունը, չափերը (կամ դրանց հաշվարկման մեթոդը) և կիրառման դեպքերը, կարգն ու պայմանները,
բ. այն դեպքում, երբ հաշվի նվազագույն մնացորդ չպահելու համար գանձվելու են սակագներ կամ տուժանքներ, ապա հաշվի նվազագույն մնացորդի չափերը կամ նվազագույն մնացորդի հաշվարկման մեթոդը.
2) տեղեկատվություն տոկոսադրույքների վերաբերյալ, մասնավորապես`
ա. տարեկան տոկոսային եկամտաբերության չափը՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով հաշվարկված,
բ. ավանդային պայմանագրի գործողության ժամկետը, որի ընթացքում ավանդատուն կստանա խոստացված տարեկան տոկոսային եկամտաբերությունը,
գ. տարեկան պարզ տոկոսադրույքի չափը,
դ. տոկոսների կապիտալացման (compoսnding) և վճարման հաճախականությունը,
ե. հաշվի այն մնացորդի հաշվարկման մեթոդը, որի նկատմամբ վճարվելու են տոկոսներ,
զ. հաշվի այն մնացորդի չափը, որը պետք է պահպանվի խոստացված տոկոսները կամ այլ եկամուտները ստանալու համար, ինչպես նաև այդ մնացորդի հաշվարկման մեթոդը,
է. այն ժամանակահատվածային պահանջները, որոնք անհրաժեշտ է պահպանել խոստացված տոկոսները կամ այլ եկամուտները ստանալու համար,
ը. կիրառելիության պարագայում տեղեկատվություն այն մասին, որ հավելագրված, սակայն դեռևս չվճարված տոկոսները չեն վճարվելու, եթե ավանդատուն մարման ժամկետից շուտ է պահանջում ավանդի գումարը,
թ. հայտարարություն այն մասին, որ բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ,
ժ. տվյալ տեսակի ավանդային պայմանագրով վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ.
3) հաշվի սպասարկումից կամ ավանդային պայմանագրից բխող վեճերի լուծման կարգի, պայմանների և սահմանափակումների, ինչպես նաև ավանդատուի իրավունքների պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն.
4) սույն հոդվածում չներառված, սակայն սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված հրապարակման ենթակա այլ տեղեկատվություն.
5) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
3. Տեղեկատվական ամփոփագրերը գրվում են հայերեն: Հայերենին զուգահեռ այլ լեզուների օգտագործումը չի արգելվում:
4. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սույն հոդվածի պատշաճ կիրառման նպատակով սահմանել տեղեկատվական ամփոփագրերի պարտադիր կիրառման ենթակա ձև, տեքստ կամ օրինակելի տարբերակներ, ինչպես նաև նվազագույն պահանջներ: