Հոդված 73. Օտարերկրյա անձանց ներկայացուցչությունը
Հոդված 73. Օտարերկրյա անձանց ներկայացուցչությունը
1. Օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն մշտական բնակության վայր կամ իրական և գործող արդյունաբերական կամ առևտրային հաստատություն (այսուհետ՝ օտարերկրյա անձինք), սույն օրենքի համաձայն` իրենց իրավունքների ձեռքբերման և պաշտպանության հետ կապված գործերը պետական լիազոր մարմնում վարում են ներկայացուցչի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի պահանջներից և հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները` օտարերկրյա անձինք կարող են պետական լիազոր մարմին հայտ ներկայացնել, հայտի ներկայացման թվականի առնչությամբ գործողություններ կատարել, գործավարության կատարման համար վճարել պետական տուրքեր, սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն` առաջնության իրավունքի խնդրարկման դեպքում ներկայացնել առաջին հայտի վավերացված պատճենները և այդ գործավարության վերաբերյալ պետական լիազոր մարմնի կողմից ստանալ ծանուցագիր՝ առանց ներկայացուցչի:
3. Եթե օտարերկրյա անձը, սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, փաստաթղթերը պետական լիազոր մարմին ներկայացնելու համար չունի ներկայացուցիչ, ապա նա պետական լիազոր մարմնի հետ նամակագրության համար տալիս է փոստային հասցե, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ցանկացած ծանուցագիր, որը պետական լիազոր մարմինն ուղարկում է տվյալ փոստային հասցեով, համարվում է բավարար ծանուցում:
4. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի պահանջներից` տարեկան պետական տուրքը կարող է վճարել ցանկացած անձ:
5. Եթե օտարերկրյա անձը պետական լիազոր մարմնի հետ գործավարության համար չի նշանակում ներկայացուցիչ և չի նշում Հայաստանի Հանրապետությունում գտնվող նամակագրության հասցե, ապա պետական լիազոր մարմինը նրան ծանուցագիր է ուղարկում այն ստանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, ներկայացուցիչ նշանակելու և լիազորագիր ներկայացնելու, կամ սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նամակագրության համար փոստային հասցե նշելու առաջարկությամբ։ Եթե օտարերկրյա անձը ժամանակին ներկայացուցիչ չի նշանակում և լիազորագիր չի ներկայացնում, կամ սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` փոստային հասցե չի նշում, ապա պետական լիազոր մարմինը մերժում է գործավարության հետ կապված ցանկացած դիմում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: