Հոդված 4. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները
Հոդված 4. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները
1. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից:
2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) հարկադիր կատարման ծառայության գլխավոր պաշտոններ.
2) հարկադիր կատարման ծառայության առաջատար պաշտոններ:
3. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում և (կամ) փոփոխում է գլխավոր հարկադիր կատարողը և վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Անվանացանկում չեն ներառվում գլխավոր հարկադիր կատարողի և նրա տեղակալների պաշտոնները:
4. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողները համարվում են հարկադիր կատարման ծառայողներ (այսուհետ՝ հարկադիր կատարողներ):
5. Գլխավոր հարկադիր կատարողը և նրա տեղակալները համարվում են պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ընդգրկվում հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկում։
6. Սույն օրենքով հարկադիր կատարողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները տարածվում են գլխավոր հարկադիր կատարողի և նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը գլխավոր հարկադիր կատարողի և նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:
(4-րդ հոդվածը խմբ., փոփ. 16.12.05 ՀՕ-29-Ն, 15.06.06 ՀՕ-132-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, փոփ. 09.07.19 ՀՕ-127-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-16-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)