Հոդված 21. Գլխավոր հարկադիր կատարողի լիազորությունները
Հոդված 21. Գլխավոր հարկադիր կատարողի լիազորությունները
1. Գլխավոր հարկադիր կատարողը`
1) ղեկավարում և հսկողություն է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ.
2) ապահովում է սույն օրենքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև համապատասխան նախարարի հրամանների և ցուցումների կատարումը.
3) ընդունում է հարկադիր կատարման ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս է ցուցումներ.
4) առաջարկություն է ներկայացնում համապատասխան նախարարին` ծառայության կառուցվածքի վերաբերյալ.
5) միջնորդություն է ներկայացնում համապատասխան նախարարին` գլխավոր հարկադիր կատարողի տեղակալին խրախուսելու կամ նրա նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.
6) քննում է հարկադիր կատարողների նկատմամբ բերված բողոքները, վերացնում է հարկադիր կատարողների անօրինական որոշումները.
7) նշանակում և անցկացնում է ծառայողական քննություններ.
8) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել իր կողմից պաշտոնի նշանակված ծառայողի լիազորությունները.
9) իրականացնում է հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովությունը.
10) օրենսդրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է ծառայության դեպոզիտ հաշիվը և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցները.
11) սահմանում է մարզային (Երևանի քաղաքային) բաժինների պետերի կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգը և ժամկետները.
12) կազմակերպում է ծառայողների մասնագիտական և հատուկ ուսուցումը.
13) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում հարկադիր կատարման ծառայության` իր կողմից պաշտոնում նշանակված ծառայողներին.
14) առաջարկություններ է ներկայացնում համապատասխան նախարարին` դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:
Գլխավոր հարկադիր կատարողն ունի նաև օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:
2. Գլխավոր հարկադիր կատարողը պատասխանատվություն է կրում ծառայության խնդիրների իրականացման համար:
3. Գլխավոր հարկադիր կատարողի բացակայության ժամանակ նրա լիազորություններն իրականացնում է նրա տեղակալը: Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը կատարում է նաև գլխավոր հարկադիր կատարողի այլ հանձնարարություններ:
(21-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, 15.06.06 ՀՕ-132-Ն, լրաց. 17.11.09 ՀՕ-208-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն)