Հոդված 3. • Հանձնում (Ռուսաստան) • Մեկնելու համար վատառողջ դիմումատուին՝ ծանր առողջական վիճակի պատճառով նույնիսկ բժշկական հսկողության տակ հանձնելու մասին որոշում • Հանձնումն առանց տեղափոխման հետ կապված ռիսկերի պատշաճ գնահատման կարող է հանգեցնել խախտումների • Ընդունող պետության երաշխիքները բավարար չեն, քանի որ դրանք սահմանափակվում են տեղափոխման ընթացքում բժշկական հսկողության առկայությամբ • Որոշակի ժամանակակետում անհատի առողջական վիճակը և դրան բնորոշ հիմնավոր բժշկական ռիսկերը անհատական կարգով ուսումնասիրելու պահանջ՝ հաշվի առնելով կոնկրետ տեղափոխման պայմանները • Համապատասխան ներպետական իրավական երաշխիքների և ընթացակարգերի բացակայություն
Հոդված 3 • Հանձնում (Ռուսաստան) • Մեկնելու համար վատառողջ դիմումատուին՝ ծանր առողջական վիճակի պատճառով նույնիսկ բժշկական հսկողության տակ հանձնելու մասին որոշում • Հանձնումն առանց տեղափոխման հետ կապված ռիսկերի պատշաճ գնահատման կարող է հանգեցնել խախտումների • Ընդունող պետության երաշխիքները բավարար չեն, քանի որ դրանք սահմանափակվում են տեղափոխման ընթացքում բժշկական հսկողության առկայությամբ • Որոշակի ժամանակակետում անհատի առողջական վիճակը և դրան բնորոշ հիմնավոր բժշկական ռիսկերը անհատական կարգով ուսումնասիրելու պահանջ՝ հաշվի առնելով կոնկրետ տեղափոխման պայմանները • Համապատասխան ներպետական իրավական երաշխիքների և ընթացակարգերի բացակայություն
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
24 հունիսի 2021թ
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Խաչատուրովն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Քրշիշթոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek]՝ Նախագահ,
Թիմ Այքը [Tim Eicke],
Ալեշ Պեյխալ [Aleš Pejchal],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Պաուլին Կոսկելո [Pauliine Koskelo],
Ռաֆաելե Սաբատո [Raffaele Sabato],
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos]՝ դատավորներ,
և Ռենատա Դեգեներ [Renata Degener]՝ Բաժանմունքի քարտուղար,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացի պրն Սուրեն Խաչատուրովի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2017 թվականի օգոստոսի 18-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 59687/17),
գանգատի մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու մասին որոշումը,
Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն՝ պատասխանող Կառավարությանն ուղղված միջանկյալ միջոց կիրառելու կարգադրություն նախատեսող որոշումը և այն փաստը, որ այս միջանկյալ միջոցը կիրառելու պահանջը կատարվել է,
գանգատի մասին Ռուսաստանի Դաշնությանը չծանուցելու մասին որոշումը (տե՛ս Այն ընդդեմ Շվեդիայի [I v. Sweden], թիվ 61204/09, §§ 42-46, 2013 թվականի սեպտեմբերի 5),
կողմերի դիտարկումները,
2021 թվականի մայիսի 25-ին անցկացնելով փակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն ներկայացված գանգատը վերաբերում է դիմումատուի այն հայտարարությունը, որ եթե իրականացվի իրեն Ռուսաստանին հանձնելու մասին որոշումը, ապա իր տեղափոխմամբ վտանգի կենթարկվի իր կյանքը և ֆիզիկական բարօրությունը՝ հաշվի առնելով իր առողջական վիճակը։
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուն ծնվել է 1974 թվականին և ապրում է Երևանում։ Դիմումատուին ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ պրն Տ. Եգորյանը և պրն Ն. Բաղդասարյանը:
3. Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև պրն Ե. Կիրակոսյանը։
4. Գործով այն փաստերը, որոնք ներկայացրել են կողմերը, կարելի է ամփոփ շարադրել հետևյալ կերպ։
5. Դիմումատուն, որը ծագումով հայ է, նախքան 2015 թվականի հունիսի չպարզված օրը Հայաստան վերադառնալն ապրել և աշխատել է Ռուսաստանում։ Նա եղել է Մոսկվա քաղաքի պետական բյուջետային հիմնարկներից մեկի առաջին փոխտնօրենը։
I. Ռուսաստանում դիմումատուի դեմ հարուցված քրեական ԳՈՐԾՈՎ վարույթները
6. 2015 թվականի մայիսի 27-ին Մոսկվայի հյուսիսային վարչական շրջանի քննչական բաժնում դիմումատուի դեմ քրեական գործով վարույթ է հարուցվել՝ կաշառք ստանալու փորձի կասկածանքով։
7. 2015 թվականի հունիսի 1-ին դիմումատուն պարտավորվել է ներկայանալ, երբ կանչվել է նախաքննության մարմնի կողմից, ինչպես նաև պարտավորվել է քննիչին անհապաղ տեղեկացնել բնակության կամ գրանցման վայրի որևէ փոփոխության մասին։
8. 2015 թվականի հունիսի 10-ին դիմումատուին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու փորձի առթիվ։
9. Նույն օրը դիմումատուն Մոսկվայում վթարի է ենթարկվել և անցողիկ ուղեղային իշեմիայով տեղափոխվել համապատասխան հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունք։ 2015 թվականի հունիսի 14-ին նա դուրս է գրվել։
10. 2015 թվականի հունիսի 16-ին քննիչը դիմումատուին հայտարարել է որպես հետախուզվող անձ՝ նրան ընդգրկելով հետախուզման մեջ գտնվող անձանց դաշնային ցուցակում։
11. 2015 թվականի հուլիսի 8-ին դիմումատուն հայտարարվել է որպես միջազգային հետախուզման մեջ գտնվող անձ։
12. 2015 թվականի հուլիսի 14-ին Մոսկվայի Սավելևսկի շրջանային դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ դիմումատուին կալանավորելու պահանջով։ Այդպիսով, այն մերժել է դիմումատուի փաստաբանի փաստարկները՝ դիմումատուի վատ առողջական վիճակի վերաբերյալ, և այն փաստը, որ նա ստացիոնար բուժում է ստացել Երևանում, ինչի մասին քննիչը տեղյակ է եղել։ Դատարանը գտել է, inter alia (ի թիվս այլնի), որ դիմումատուն գիտակցաբար որոշել է բուժում չստանալ Ռուսաստանում և երկրից մեկնել է՝ անտեսելով իր դեմ հարուցված քրեական գործով վարույթը։
II. Հանձնման հետ կապված վարույթները Հայաստանում ԵՎ դիմումատուի առողջական վիճակը
13. 2017 թվականի ապրիլի 11-ին դիմումատուն ձերբակալվել է Երևանում։ Այսպիսով, նա կալանավորվել է՝ իրեն Ռուսաստանին հանձնելու վերաբերյալ որոշում ընդունելուց առաջ։
14. 2017 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և
Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (Վարչական շրջանի դատարան)՝ պահանջելով քառասուն օր ժամկետով կալանավորել դիմումատուին՝ մինչև նրան Ռուսաստանին հանձնելու վերաբերյալ որոշում ընդունելը։
15. Նույն օրը Վարչական շրջանի դատարանը թույլատրել է 2017 թվականի ապրիլի 11-ից սկսած քառասուն օր ժամկետով կալանավորել դիմումատուին։
16. 2017 թվականի ապրիլի 19-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել Վարչական շրջանի դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 14-ի որոշման դեմ՝ պնդելով, որ ինքը պետք է դիտարկվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչն իրավական հիմք է իր հանձնումը չթույլատրելու համար։ Դիմումատուն ներկայացրել է մի շարք փաստաթղթեր, օրինակ՝ իր ծննդյան վկայականը, հին անձնագրերը, Հայաստանում իր զինապարտության վերաբերյալ փաստաթղթերը և այլն, հիմնավորելու համար, որ ինքը բավարարում է «Քաղաքացիության մասին» օրենքի 10-րդ բաժնի պահանջները և հետևաբար պետք է համարվի որպես Հայաստանի քաղաքացի։
17. 2017 թվականի մայիսի 30-ին Վերաքննիչ քրեական դատարանը (Վերաքննիչ դատարան) մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը։ Մասնավորապես, ուսումնասիրելով մեղադրող կողմի այն փաստը հիմնավորելու համար ներկայացրած փաստաթղթերը, որ դիմումատուն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ստացել 1995 թվականի հուլիսի 13-ից առաջ, որը Սահմանադրությունն ուժի մեջ մտնելու օրն է («Քաղաքացիության մասին» օրենքի 10-րդ բաժնի պահանջներից մեկը), Վերաքննիչ դատարանը գտել է, որ դիմումատուի կալանավորմամբ՝ վերջինիս օտարերկրյա պետությանը հանձնելու նպատակով կխախտվեն նրա իրավունքները, քանի որ նրա քաղաքացիության հարցը վիճելի է։ Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ դիմումատուի կալանավորումը՝ մինչև Հայաստանում նրա նկատմամբ հետապնդում իրականացնելու նպատակով նրա դեմ հարուցված քրեական գործը ստանալը, օրինական է եղել Քրեական դատավարության օրենսգրքի 478.2-րդ և 478.3-րդ հոդվածների համաձայն։
18. 2017 թվականի մայիսի 12-ին Ռուսաստանի գլխավոր դատախազը դիմել է դիմումատուին հանձնելու պահանջով՝ «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի 1993 թվականի կոնվենցիայի համաձայն։ Նման պահանջով դիմումի մեջ նշվել է նաև, որ դիմումատուն չի ենթարկվի խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։
19. 2017 թվականի մայիսի 14-ին Հայաստանի Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Վարչական շրջանի դատարան՝ պահանջելով երկու ամսով կալանավորել դիմումատուին՝ նրա հանձնումն իրականացնելու նպատակով։
20. 2017 թվականի մայիսի 19-ին Վարչական շրջանի դատարանը թույլատրել է երկու ամիս ժամկետով կալանավորել դիմումատուին։
21. 2017 թվականի հունիսի 16-ին դիմումատուն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Կենտրոնական բանտային հիվանդանոց հետևյալ ախտորոշմամբ՝ «Սրտի իշեմիկ հիվանդություն, կրիտիկական վիճակի հասնող զարկերակային հիպերտենզիա»։
22. 2017 թվականի հունիսի 23-ի որոշման մեջ Հայաստանի գլխավոր դատախազը թույլատրել է հանձնումը՝ հրահանգելով ոստիկանությանը և Կենտրոնական բանտային հիվանդանոցին, որտեղ դիմումատուն կալանավորված է եղել, որոշումը վերջնական դառնալուց հետո ապահովել նրա հանձնումը Ռուսաստանին։ Որոշման մեջ նշվել է, որ Ռուսաստանի Գլխավոր դատախազության կողմից ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ 1994 թվականի հուլիսի 26-ին դիմումատուն ստացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, և որ նա դեռևս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։ Ուստի նրա հանձնման համար իրավական խոչընդոտներ չկան։
23. 2017 թվականի հուլիսի 3-ին Կենտրոնական բանտային հիվանդանոցի փոխտնօրենը տրամադրել է դիմումատուի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք։ Դրանում նշվում է, որ նա սուր վեստիբուլոպաթիա ունի և ակնագնդերի շարժունակության սահմանափակմամբ ուղեկցվող հետկաթվածային վիճակում է, ձախ միջին‑ուղեղային զարկերակի շրջանում առկա են աջակողմյան ռեֆլեկտոր հեմիպարեզով ուղեկցվող կաթվածի հետևանքներ, հեմիպարեզի հետևանքով քայլելու հետ կապված դժվարություններ, 2-րդ աստիճանի աթերոսկլերոտիկ էնցեֆալոպաթիա, 1-ին աստիճանի զարկերակային հիպերտենզիա, սրտանոթային բարդությունների առաջացման 15% ռիսկ։
24. 2017 թվականի հուլիսի 6-ին դիմումատուն 2017 թվականի հունիսի 23-ի՝ հանձնման մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան։ Նա պնդել է, որ իր առողջական վիճակը հաշվի առնելով՝ իրեն Ռուսաստան տեղափոխելը կարող է անդառնալի վնաս հասցնել իր առողջությանը կամ վտանգել իր կյանքը։ Իր բողոքը հիմնավորելու համար դիմումատուն որպես հիմք է մատնանշել 2017 թվականի հուլիսի 3-ի բժշկական տեղեկանքը։
25. 2017 թվականի հուլիսի 12-ի գրությամբ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը հայցել է, որ Հայաստանի Գլխավոր դատախազությունը տեղեկացնի դիմումատուի տեղափոխման նշանակված օրվա մասին՝ երաշխավորելով, որ դիմումատուի կալանավորման ընթացքում, իսկ նրան դատապարտելու դեպքում՝ պատիժը կրելու ընթացքում, Ռուսաստանում Հայաստանի հյուպատոսության անձնակազմը հնարավորություն կունենա կապ հաստատել նրա հետ։ Բացի այդ, նույն ժամանակահատվածում դիմումատուին հարկ եղած դեպքում կտրամադրվի անհրաժեշտ բուժօգնություն։
26. Նույն օրը Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբանը տրամադրել է բժշկական տեղեկանք, որում նշվում է, որ դիմումատուի մոտ առկա են իշեմիկ կաթվածի հետևանքներ, որոնք վկայում են սրտանոթային և նյարդային համակարգերի լուրջ խանգարումների մասին։ Հաշվի առնելով այս ռիսկերը՝ չի կարելի բացառել, որ դիմումատուի՝ օդային կամ ցամաքային ճանապարհով Ռուսաստան տեղափոխումը կարող է հանգեցնել ևս մեկ կաթվածի կամ սրտամկանի ինֆարկտի։
27. 2017 թվականի հուլիսի 14-ի հաջորդ գրությամբ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը երաշխավորել է, որ հատուկ պահակախմբի ուղեկցությամբ կմեկնի համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկ՝ դիմումատուի տեղափոխման ընթացքում անհրաժեշտություն առաջանալու դեպքում վերջինիս բուժօգնության ցուցաբերելու համար։
28. 2017 թվականի հուլիսի 19-ին Վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը։ Այն անդրադարձել է դիմումատուի՝ Ռուսաստան տեղափոխվելու ընթացքում կամ նրա՝ կալանքի տակ գտնվելու, իսկ դատապարտման դեպքում՝ պատիժը կրելու ընթացքում բժիշկ-մասնագետի ներկայության մասով Ռուսաստանի Գլխավոր դատախազության կողմից տրամադրված երաշխիքներին։
29. 2017 թվականի հուլիսի 26-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել 2017 թվականի հուլիսի 19-ի որոշման դեմ՝ պնդելով, որ իր համար նշանակված թարգմանիչը չի ներկայացել նիստին, և որ վճռի ռուսերեն պատճենն իրեն չեն տրամադրել։ Բացի այդ, դիմումատուն չի կարողացել արդյունավետ կերպով մասնակցել վարույթին, քանի որ իրեն ո՛չ հնարավորություն են տվել, ինչպես հարկն է, փաստարկներ ներկայացնել, ո՛չ էլ իրազեկել են իր իրավունքների մասին։ Վերջապես, դիմումատուն պնդել է, որ Վերաքննիչ դատարանը չի պարզել իր առողջական վիճակը տեղափոխման ընթացքում առաջացող ռիսկերի մասով։
30. 2017 թվականի հուլիսի 28-ի տեղեկանքում բժիշկ Ա.Կ.-ն՝ Երևանի հիվանդանոցներից մեկի նյարդաբանական բաժնի վարիչը, հաստատել է դիմումատուի՝ 2017 թվականի հուլիսի 12-ի բժշկական տեղեկանքում նշված ախտորոշումը (տե՛ս վերևում 26-րդ պարբերությունը)։ Դրանում հաջորդիվ նշվել է, որ դիմումատուի մոտ առաջացել է լույսի (ֆոտոֆոբիա) և ձայնի (ֆոնոֆոբիա) նկատմամբ զգայունությամբ ուղեկցվող ուղեղային խանգարում, որը պահանջում է բուժում և ցանկալի է՝ նյարդաբանի հսկողության տակ։ Այս հանգամանքները և ռիսկի գործոնները հաշվի առնելով՝ եզրակացություն է արվել այն մասին, որ օդային կամ ցամաքային ճանապարհով դիմումատուի տեղափոխումը չպետք է թույլատրվի, քանի որ հետագայում դա կարող է հանգեցնել սրտի և ուղեղի հետ կապված խնդիրների։
31. 2017 թվականի օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուն ստացել է ստացիոնար բուժզննում և բուժում քաղաքացիական հիվանդանոցում։ Նա դուրս է գրվել հետևյալ ախտորոշմամբ՝
«Կրիտիկական վիճակի հասնող զարկերակային հիպերտենզիա, արյան շրջանառության քրոնիկ անբավարարության բարձր ռիսկ և հաճախ կրկնվող անցողիկ իշեմիկ գրոհներ վերտեբրոբազիլյար ավազանում։ Իշեմիկ հարվածներով 3-րդ աստիճանի դիսցիրկուլյատոր անգիոէնցեֆալոպաթիա վերտեբրոբազիլյար ավազանում և միջին ձախ ուղեղային զարկերակի ավազանում՝ միջին ուղեղի, կամրջի և ուղեղաբնի վրա հետկաթվածային կիստաներով, աջակողմյան չափավոր հեմիպարեզի տեսքով կայուն մնացորդային երևույթներով լեյկոարեոզով ուղեկցվող, վեստիբուլոպաթիա, քայլելու ֆունկցիայի չափավոր խանգարում, հաճախակի կրկնվող ցեֆալգիայով դրսևորվող հիպերտենզիվ համախտանիշ։ Սրտի իշեմիկ հիվանդություն, կայուն կրծքային անգինա ... »:
32. 2017 թվականի օգոստոսի 21-ին Վճռաբեկ դատարանը բեկանել է 2017 թվականի հուլիսի 19-ի որոշումը և ուղարկել գործը նոր քննության այն հիմքով, որ Վերաքննիչ դատարանը չի հավաստիացել, թե արդյոք դիմումատուն հասկացել է վարույթի լեզուն և տեղյակ է եղել իր իրավունքների մասին։
33. 2017 թվականի սեպտեմբերի 13-ին դիմումատուին դուրս գրելու ախտորոշման շրջանակներում բժիշկ Ա.Կ.-ն ներկայացրել է մեկ այլ բժշկական եզրակացություն նրա առողջական վիճակի վերաբերյալ (տե՛ս վերևում 31-րդ պարբերությունը)։ Նա մասնավորապես նշել է հետևյալը՝
«Դիմումատուի [վիճակը] ծանր է և անկանխատեսելի՝ հաշվի առնելով հետագայում գրոհների մեծ հավանականությունը հիպերտոնիկ ճգնաժամերի և անցողիկ իշեմիկ գրոհների տեսքով, նախորդ երկու իշեմիկ հարվածները վերտեբրոբազիլյար ավազանում և միջին ձախ ուղեղային զարկերակի ավազանում։
Այսպիսի խնդիրներ ունեցող անձը չի կարող մասնակցել դատական նիստերին, քանի որ ցանկացած հուզական լարվածություն կարող է հանգեցնել նոր հավանական բարդությունների առաջացման»։
34. 2017 թվականի հոկտեմբերի 25-ի նիստում 2017 թվականի հունիսի 23-ի՝ հանձնման մասին որոշման դեմ դիմումատուի վերաքննիչ բողոքի նոր քննության ընթացքում նրա փաստաբանը միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով նշանակել փորձագետ՝ նրա առողջական վիճակը գնահատելու համար։ Դատախազն առարկություն է ներկայացրել այդ միջնորդության դեմ՝ պնդելով, որ բավարար հիմքեր չկան եզրակացնելու համար, որ դիմումատուի տեղափոխումը Ռուսաստան վտանգի կենթարկի նրա առողջությունը կամ կյանքը։ Նա պատճառաբանել է, որ դիմումատուի հանձնման պահանջով դիմումի քննության ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազը դիմումատուի առողջությանն առնչվող որևէ բժշկական փաստաթուղթ իր տրամադրության տակ չի ունեցել։ Բացի այդ, դատախազը դիմումատուի առողջական վիճակի վերաբերյալ կասկածներ է հայտնել՝ հղում անելով քրեակատարողական հիմնարկից ստացված՝ 2017 թվականի հուլիսի 13-ի գրությանը, որում ասվում է, որ նրա առողջական վիճակը թույլ է տալիս մասնակցել դատավարությանը։
35. Նույն օրը Վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը՝ գտնելով, որ դիմումատուի հանձնմանը խոչընդոտող հանգամանքներ առկա չեն։ Մասնավորապես դիմումատուն Ռուսաստանի քաղաքացի է, և նրա դեմ հարուցված քրեական գործով վարույթի շրջանակներում Ռուսաստանի համապատասխան մարմինները տրամադրել են նրա իրավունքների ապահովմանն ուղղված երաշխիքներ։ Վերաքննիչ դատարանը հաստատել է՝ դիմումատուին Ռուսաստանին հանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազի որոշումը՝ հիմնվելով Ռուսաստանի համապատասխան մարմինների կողմից տրամադրվող լրացուցիչ երաշխիքների վրա այն մասին, որ Ռուսաստան տեղափոխվելիս և դրանից հետո դիմումատուն ապահովված կլինի բժշկի հսկողությամբ։ Միևնույն ժամանակ այն նաև մերժել է դիմումատուի՝ դատաբժշկական փորձագետ նշանակելու պահանջն այն հիմքով, որ դատաբժշկական փորձաքննության նշանակումը հանձնման հետ կապված վարույթի ընթացքում ներպետական օրենսդրությամբ սահմանված չէ։
36. Դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ վիճարկելով, որ Վերաքննիչ դատարանում դատաքննությունը չի անցկացվել հրապարակային լսումների և մրցակցային դատավարության պայմաններում։ Նա վերահաստատել է իր տեղափոխման հետ կապված բժշկական ռիսկերի մասին իր փաստարկները։
37. 2017 թվականի նոյեմբերի 23-ին Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունել համապատասխան հիմքերի բացակայության պատճառով։ Հետևաբար Հայաստանի գլխավոր դատախազի որոշումը՝ դիմումատուին Ռուսաստանին հանձնելու մասին, վերջնական է դարձել։
38. 2017 թվականի նոյեմբերի 30-ին 2017 թվականի նոյեմբերի 23-ի որոշումը հանձնվել է դիմումատուի փաստաբանին։
III. Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոցԻ ԿԻՐԱՌՈՒՄ ԿԱՐԳԱԴՐԵԼԸ
39. 2017 թվականի օգոստոսի 18-ին դիմումատուն հայցել է, որ Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն՝ Դատարանը կարգադրի Կառավարությանն ընդհատել՝ իրեն Ռուսաստանին հանձնելու գործընթացը, մինչև Դատարանն ըստ էության կքննի իր բողոքները։
40. 2017 թվականի նոյեմբերի 30-ին դիմումատուն Դատարանին տեղեկացրել է, որ ազգային դատարանները կայացրել են` իրեն Ռուսաստանին հանձնելու մասին վերջնական որոշում։
41. Նույն օրը Դատարանը (հերթապահ դատավորը) որոշել է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն կարգադրել Կառավարությանը չթույլատրել դիմումատուի հանձնումը մինչև հետագա ծանուցումը։ Միևնույն ժամանակ Դատարանը (հերթապահ դատավորը) որոշել է Դատարանի կանոնակարգի 54-րդ կանոնի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն Կառավարությունից պահանջել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 15-ը պատասխանել հետևյալ հարցերին.
«1. Ի՞նչ գործնական քայլեր են ձեռնարկվել (եթե ձեռնարկվել են) դիմումատուին արդյունավետ կերպով Ռուսաստանի Դաշնություն տեղափոխելու համար։
2. Եթե ձեռնարկվել են քայլեր, ապա ե՞րբ և ինչպե՞ս կիրականացվի դիմումատուի տեղափոխումը (օդային, ցամաքային ճանապարհով)։
3. Արդյո՞ք դիմումատուին կտրամադրվի բուժօգնություն ուղևորության ընթացքում։ Եթե այո, ապա խնդրում ենք մանրամասնել։
4. Արդյո՞ք կան բժշկական ցուցումներ՝ ժամանելուն պես դիմումատուին Ռուսաստանի համապատասխան մարմիններին հանձնելու համար»։
42. Իր պատասխանի մեջ Կառավարությունը նշել է, որ դիմումատուն դիտավորությամբ փորձել է խոչընդոտել իր հանձնումն իրականացնելը՝ նախ՝ մոլորեցնող տեղեկություններ տրամադրելով՝ հիմնավորելու համար այն փաստը, որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ապա հավաքելով բժշկական փաստաթղթեր իր առողջական վիճակի շեշտակի վատթարացման վերաբերյալ։ Ավելին, դիմումատուի մոտ արդեն իսկ առկա են եղել 2017 թվականի հուլիսի 12-ի բժշկական տեղեկանքում նշված հիվանդությունները, երբ նա 2015 թվականի հունիսին ինքնաթիռով ուղևորվել է Հայաստան։
Կառավարությունը հիմնվել է 2017 թվականի հուլիսի 12-ի և 14-ի (տե՛ս վերևում 26-րդ և 27-րդ պարբերությունները) և դեկտեմբերի 14-ի (տե՛ս ստորև 49-րդ պարբերությունը) այն գրությունների վրա, որոնցում Ռուսաստանի համապատասխան մարմինները երաշխավորել են, որ դիմումատուին կտրամադրվի անհրաժեշտ բուժօգնություն նրան Ռուսաստան տեղափոխելու, իսկ դատապարտվելու դեպքում՝ պատիժը կրելու ընթացքում։ Այն նշել է, որ հաստատված գործելակերպի համաձայն՝ Հայաստանից անձի հանձնում կատարվում է միայն այն դեպքում, երբ Կենտրոնական բանտային հիվանդանոցի կողմից տրամադրվում է տեղափոխման համար նրա առողջ լինելը հավաստող բժշկական փաստաթուղթ։
43. Ի պատասխան Կառավարության փաստարկների՝ դիմումատուն պնդել է, որ ինքն առողջական խնդիրներ է ունեցել առնվազն 1994 թվականից սկսած, երբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով։ Այնուամենայնիվ, իր առողջական վիճակը կտրուկ վատթարացել է միայն 2015 թվականից սկսած՝ իր նկատմամբ հետապնդում հարուցելու պատճառով առաջացած լարվածության և անհանգստության հետևանքով։ Իր վատառողջ լինելու պատճառով նա կալանավորված լինելու ընթացքում գտնվել է Կենտրոնական բանտային հիվանդանոցում և համապատասխան մարմինների կողմից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց՝ մասնագիտական օգնություն ստանալու նպատակով։ Ավելին, Կառավարությունն ընդհանրապես չի պահանջել նրա առողջական վիճակի գնահատում, որպեսզի պարզի, թե արդյոք նրա առողջական վիճակը բավարար է վերջինիս հանձնումն իրականացնելու համար։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը մերժել է դատաբժշկական փորձագետի կողմից նրան հետազոտելու վերաբերյալ միջնորդությունը։
Դիմումատուն պնդել է, որ Ռուսաստանի համապատասխան մարմիններից ստացված ընդհանուր երաշխիքները բավարար չեն եղել Դատարանի կողմից կարգադրված միջոցի կիրառումը դադարեցնելու համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ տարբեր բժիշկ-մասնագետներ հաստատել են, որ ինքը ծանր հիվանդ է։ Նա հիմնվել է նաև բժշկական ցուցումների վրա այն մասին, որ իրեն չի կարելի տեղափոխել Ռուսաստան՝ լինի դա օդային, թե ցամաքային ճանապարհով՝ հաշվի առնելով այդ տեղափոխման այն հավանական ռիսկերը, որոնց մասին նշել են բժիշկները։
44. 2018 թվականի փետրվարի 6-ին Դատարանը (հերթապահ դատավորը) որոշել է ուժի մեջ թողնել 2017 թվականի նոյեմբերի 30-ին կարգադրված միջանկյալ միջոցը։
IV.Զուգահեռ ԵՎ հետագա զարգացումները
45. 2017 թվականի սեպտեմբերի 27-ին դիմումատուն ապաստան ստանալու պահանջով դիմել է Միգրացիոն պետական ծառայություն։
46. 2017 թվականի նոյեմբերի 14-ի որոշման մեջ Միգրացիոն պետական ծառայությունը մերժել է դիմումատուի՝ ապաստան ստանալու պահանջով դիմումը։
47. 2017 թվականի դեկտեմբերի 11-ին դիմումատուն ազատ է արձակվել կալանքից, քանի որ մինչև հանձնումը հատկացված՝ կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը լրացել է։
48. Նույն օրը հետազոտվելու և բուժում ստանալու համար նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունք։
49. 2017 թվականի դեկտեմբերի 14-ի գրությամբ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը, անդրադառնալով Ռուսաստանի՝ Պատիժների կատարման դաշնային ծառայության գրությանը, Հայաստանի գլխավոր դատախազին տեղեկացրել է, որ դիմումատուին ուղեկցող հատուկ պահակախմբի կազմում կընդգրկվի բժիշկ-մասնագետ, որը պատրաստ կլինի դիմումատուի առողջական վիճակին համարժեք բուժօգնություն տրամադրել վերջինիս։ Ավելին, դիմումատուի տեղափոխման ընթացքում նրան ուղեկցող բժշկի հայեցողության տակ առկա կլինեն սրտանոթային խնդիրների դեպքում նրան օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ դեղորայք ու բժշկական սարքավորումներ։ Գրության մեջ ընդգծվում է նաև, որ նախքան դիմումատուի տեղափոխման ակտը ստորագրելը, անհրաժեշտ է, որ ուղեկցող բժիշկն ուսումնասիրի նրա բժշկական քարտը՝ պարզելու համար այնպիսի հակացուցումների բացակայությունը, որոնք կարող են խոչընդոտել օդային տրանսպորտով նրա տեղափոխումը։ Ի վերջո, նշվել է, որ քրեակատարողական հիմնարկ ժամանելուն պես դիմումատուն կանցնի բժշկական հետազոտություններ և խորհրդակցություններ՝ նրա քրոնիկ հիվանդությունների ամբուլատոր հսկողությունը կազմակերպելու համար։
50. 2017 թվականի դեկտեմբերի 18-ին դիմումատուն հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով դատական կարգով վերանայել Միգրացիոն պետական ծառայության՝ 2017 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը (տես՛ վերևում 46-րդ պարբերությունը)։
51. 2017 թվականի դեկտեմբերի 21-ին Վարչական դատարանը դիմումատուի հայցը վարույթ է ընդունել։ Այս վարույթի ելքի մասին Դատարանին տեղեկություններ չեն հաղորդվել։
52. 2017 թվականի դեկտեմբերի 26-ին դիմումատուին հաշմանդամության կարգ է տրամադրվել։
53. 2017 թվականի դեկտեմբերի 28-ին դիմումատուն հիվանդանոցից դուրս է գրվել հետևյալ ախտորոշմամբ՝
«Կրիտիկական վիճակի հասնող զարկերակային հիպերտենզիա, արյան շրջանառության քրոնիկ անբավարարության բարձր ռիսկ և հաճախ կրկնվող անցողիկ իշեմիկ գրոհներ վերտեբրոբազիլյար ավազանում։ Իշեմիկ հարվածներով երրորդ աստիճանի դիսցիրկուլյատոր անգիոէնցեֆալոպաթիա վերտեբրոբազիլյար ավազանում և միջին ձախ ուղեղային զարկերակի ավազանում՝ միջին ուղեղի, կամրջի և ուղեղաբնի վրա հետկաթվածային կիստաներով, աջակողմյան չափավոր հեմիպարեզի տեսքով կայուն մնացորդային երևույթներով լեյկոարեոզով ուղեկցվող, վեստիբուլոպաթիա, քայլելու ֆունկցիայի չափավոր խանգարում, հիպերտենզիվ համախտանիշով և հաճախակի կրկնվող ցեֆալգիայով։ Սրտի իշեմիկ հիվանդություն, 2-րդ դասի կրծքային անգինա, 1-ին դասի սրտային անբավարարություն (NYHA դասակարգում)։ Ողնաշարի բազմաշերտ դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխություններ, C4-C5, C5-C6, C6-C7 մակարդակներում ճողվածքներով 4-րդ աստիճանի օստեխոնդրոզ, հիդրոմիելիա։
Ցուցում՝ նյարդաբանի կողմից մշտական հսկողություն։ Տվյալ պահին նրա առողջական վիճակը բավարար չէ մեկնելու համար։ Հիպոտենզիվ և հակաագրեգանտ դեղորայքի մշտական ընդունում»։
V. պատասխանող Կառավարությանը գանգատի մասին ծանուցելուց հետո տեղի ունեցԱԾ Իրադարձություններ
54. 2019 թվականի հունվարի 9-ին Կառավարությունը Դատարանին տեղեկացրել է, որ այն կարգադրել է իրականացնել դիմումատուի՝ Ռուսաստան տեղափոխմամբ պայմանավորված հավանական ռիսկերի լրացուցիչ անաչառ բժշկական գնահատում՝ դիմումատուի առողջական վիճակի վերաբերյալ նրա կողմից ներկայացված ապացույցների հիման վրա։
55. 2019 թվականի հունվարի 11-ին նյարդաբանը հետազոտել է դիմումատուին և հաստատել 2017 թվականի դեկտեմբերի 28-ի եզրակացության մեջ նշված ախտորոշումը (տե՛ս վերևում 53-րդ պարբերությունը)։ Բացի այդ, նյարդաբանը նշել է հետևյալը՝
«... տվյալ պահին օդային կամ ցամաքային ճանապարհով տեղափոխումը հակացուցված է, քանի որ ճնշման ցանկացած փոփոխություն (վերելք, վայրէջք, երկար ժամանակ անազատության պայմաններում գտնվելու հանգամանք, թթվածնի պակաս, շարժման հիվանդություն, ցանկացած հանկարծակի և արագ շարժում) կարող է վատթարացնել հիվանդության վիճակը, ինչը սպառնալիք է ոչ միայն պացիենտի առողջության, այլ նաև նրա կյանքի համար»։
56. 2019 թվականի հունվարի 31-ի գրության մեջ Կառավարության ներկայացուցիչն առողջապահության նախարարին խնդրել է ձևավորել բժշկական հանձնաժողով, որը մասնագիտական բժշկական եզրակացություններ կտրամադրի հետևյալ հարցերի վերաբերյալ՝
«Հաշվի առնելով [Մարդու իրավունքների եվրոպական դատարան] ներկայացված բժշկական փաստաթղթերում նշված [դիմումատուի] ախտորոշումը՝ արդյոք օդային կամ ցամաքային ճանապարհով նրա տեղափոխումը Ռուսաստանի Դաշնություն վտանգի կենթարկի նրա կյանքը և ֆիզիկական առողջությունը։
Եթե [դիմումատուի] տեղափոխումը վտանգի կենթարկի նրա կյանքը և ֆիզիկական առողջությունը, ապա արդյոք վերջինիս տեղափոխման ընթացքում ուղեկցող բժշկի (հատկապես ինչ մասնագիտացմամբ) ներկայությունը կվերացնի, թե կնվազեցնի այդ ռիսկերը»։
57. 2019 թվականի փետրվարի 12-ին առողջապահության նախարարը ներկայացրել է 2019 թվականի փետրվարի 11-ին հրավիրված բժշկական հանձնաժողովի եզրակացությունը։ Բժշկական հանձնաժողովը պատասխանել է Կառավարության ներկայացուցչի՝ 2019 թվականի հունվարի 31-ի գրության մեջ ձևակերպված հետևյալ հարցերին (տե՛ս վերևում 56-րդ պարբերությունը)՝
«Հարց 1-ի պատասխան. Այո՛, օդային կամ ցամաքային ճանապարհով Ռուսաստանի Դաշնություն [դիմումատուի] տեղափոխմամբ պայմանավորված բարձր ռիսկերը կապված են նրա բժշկական փաստաթղթերում ... նշված քրոնիկ հիվանդությունների և դրանց հավանական, անկանխատեսելի խորացման հետ։
Հարց 2-ի պատասխան. Ո՛չ, քանի որ [քրոնիկ հիվանդությունների] խորացման դեպքում կարող է մասնագիտացված բուժհաստատությունում շտապ բուժօգնության անհրաժեշտություն առաջանալ»։
58. 2019 թվականի մայիսի 2-ին դիմումատուի կողմից Դատարան է ներկայացվել 2019 թվականի փետրվարի 11-ին հրավիրված բժշկական հանձնաժողովի այն եզրակացությունը, որը նա ստացել էր ի պատասխան 2019 թվականի ապրիլին Առողջապահության նախարարություն ուղարկված հարցմանը։
59. Կողմերը դիմումատուի առողջական վիճակի փոփոխությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չեն ներկայացրել։
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ
I. Համապատասխան ներպետական օրենսդրությունը
Ա. Սահմանադրությունը (2015 թվականի դեկտեմբերի 6-ին կատարված և 2015 թվականի դեկտեմբերի 22-ին ուժի մեջ մտած փոփոխություններով)