Հոդված 9. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ և ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Հոդված 9. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ և ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
1. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումները ենթակա են պարտադիր գրանցման և հաշվառման: Աշխարհագրական օբյեկտների գրանցման և հաշվառման տվյալների հիման վրա ստեղծվում է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը:
Սպառողներին Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների մասին պաշտոնական տեղեկատվությամբ ապահովելու համար աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի տվյալների հիման վրա պարբերաբար հրատարակվում է (են) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատու (գազետիր), ընդհանուր ու թեմատիկ բառարաններ, այլ տեղեկատուներ և ցանկեր:
1.1 . Հայաստանի Հանրապետության աշխարհագրական oբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների պետական գրանցումը իրականացվում է օրենքով լիազորված մարմինների ընդունած իրավական ակտերի հիման վրա՝
ա) մարզի, համայնքի, բնակավայրի անվանակոչման և (կամ) անվանափոխման դեպքում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից.
բ) ֆիզիկաաշխարհագրական և ինժեներատեխնիկական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից.
գ) (ենթակետն ուժը կորցրել է 21.03.12 ՀՕ-97-Ն)
2. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների գրանցման և հաշվառման, ինչպես նաև աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.04.08 ՀՕ-22-Ն, փոփ. 21.03.12 ՀՕ-97-Ն)