Հոդված 8
Հոդված 8.
էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների իրավունքներն ու պարտականությունները
(վերնագիրը փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն)
1. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողներն իրավունք ունեն տեսչական մարմնի պետական տեխնիկական վերահսկողության իրականացմամբ պայմանավորված գործողությունները բողոքարկելու վերադասության կամ դատական կարգով: 2. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողները պարտավոր են`
ա) թույլատրել տեսչական մարմնի ներկայացուցիչների մուտքը էներգատեղակայանքներ` սույն օրենքով նախատեսված տեխնիկական ստուգումներ իրականացնելու համար.
բ) տեսչական մարմնի տված կարգադրագրերի համաձայն և դրանցում նշված ժամկետներում իրականացնել միջոցառումներ՝ ուղղված տեխնիկական ստուգումների արդյունքում հայտնաբերված տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումների վերացմանը.
գ) ինքնուրույն կամ տեսչական մարմնի տված կարգադրագրի համաձայն անհապաղ դադարեցնել այն էներգատեղակայանքների (հանգույցների) շահագործումը, որոնց ընթացիկ տեխնիկական վիճակն սպառնում է մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին.
դ) չգործարկել էներգատեղակայանքը՝ մինչև տեսչական մարմնից գործարկման եզրակացություն ստանալը:
3. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք պատահարի դեպքում պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտնել տեսչական մարմնին:
(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.05 ՀՕ-1-Ն, փոփ. 09.07.20 ՀՕ-372-Ն)