ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2022 թվականի N 310-Ն
ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը:
2. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 1400 քաղաքացու, որոնցից 1205-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:
3. Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 136 միավոր տրանսպորտային միջոց՝ համաձայն հավելվածի:
4. Սահմանել, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, կնքված պայմանագրի համաձայն մարտական հերթապահության ներգրավման նպատակով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
10.03.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
մարտի 10-ի N 310-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN
ը/կ Տրանսպորտային միջոցի տեսակը Քանակը
(միավոր) Ծանոթագրություն
1. Մարդատար 4
2. Կողավոր (անձնակազմ տեղափոխելու համար) 72
3. Կողավոր 12
4. Կողավոր (ոչ պակաս 5 տոննայից) 28
5. Ուղևորաբեռնատար բարձր անցանելիությամբ 8
6. Սանիտարական 12
Ընդամենը 136
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
10.03.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մարտի 2022 թվական: