Անցնել բովանդակությանը

Հոդված 222. Բանդիտիզմը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 222. Բանդիտիզմը

«1. Անձանց կամ կազմակերպությունների վրա հարձակվելու նպատակով կազմակերպված զինված խումբ (բանդա) ստեղծելը, այդպիսի խումբ ղեկավարելը կամ բանդայի կողմից կատարվող հարձակումներին մասնակցելը պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»։

3. 2011 թվականին ներմուծված փոփոխությունները

27. «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի օրենքով կատարվել են հետևյալ օրենսդրական փոփոխությունները.

28. 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

«1. Հանցագործությունների համակցություն է համարվում՝

1) սույն օրենսգրքով (տարբեր հոդվածներով կամ միևնույն հոդվածով կամ հոդվածի միևնույն կամ տարբեր մասերով կամ կետերով) նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել.»։

29. 21-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվել:

30. 59-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

«4. Հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելիս ազատազրկման ժամկետները լրիվ կամ մասնակիորեն գումարելու դեպքում ազատազրկման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել քսանհինգ տարին, իսկ դատավճիռների համակցությամբ՝ երեսուն տարին:»։

31. 66-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը շարադրվել են հետևյալ խմբագրությամբ.

«1. Հանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական և լրացուցիչ) նշանակելով` դատարանը վերջնական պատիժը որոշում է նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:

...

4. Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել քսանհինգ տարին: Եթե համակցության մեջ մտնող հանցանքներից մեկի համար դատարանը նշանակում է ցմահ ազատազրկում, ապա վերջնական հիմնական պատիժը որոշվում է կլանելու միջոցով ...»։

32. Նոր Քրեական օրենսգիրքը լրացվել է 67.1 հոդվածով, որը սահմանում է հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոնները (ինչպես սահմանված է 22-րդ հոդվածում): Համապատասխան մասն ունի հետևյալ բովանդակությունը.

«1. Հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս [դատարանի կողմից] հաշվի են առնվում կատարված հանցագործությունների քանակը, բնույթը և ծանրությունը, այն հանգամանքները, որոնց հետևանքով նախկին պատիժը բավարար չի եղել մեղավորի ուղղման համար, ինչպես նաև նոր հանցագործության բնույթը, ծանրությունը և հետևանքները»։

...»

33. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել: Սպանության համար նախատեսված պատիժը (104-րդ հոդվածի 1-ին մաս) փոխվել է ութից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկման, իսկ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության համար սահմանվել է պատիժ (104-րդ հոդվածի 2-րդ մաս)՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկում։

ԲՈՂՈՔՆԵՐԸ

34. Դիմումատուն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի հիման վրա բողոք է ներկայացրել առ այն, որ 1996 թվականի դեկտեմբերի 10-ի վերջնական դատավճռով իր նկատմամբ նշանակված պատժի վերանայմանն առնչվող վարույթում սպանության այն երկու դրվագների վերաորակումը որպես երկու կամ ավելի անձանց սպանություն, որոնց համար ինքը դատապարտվել էր վերոնշյալ դատավճռով, հակասել է իր կողմից համապատասխան հանցանքները կատարելու ժամանակ գործող օրենքին և իրավական պրակտիկային: Արդյունքում դիմումատուն հնարավորություն չի ունեցել օգտվելու 2011 թվականի մայիսի 23-ին Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո օրինական ուժի մեջ մտած ավելի մեղմ օրենքից։

35. Դիմումատուն Կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածով նաև բողոք է ներկայացրել առ այն, որ ինքը կրկնակի է դատապարտվել նույն հանցանքների համար, քանի որ պատժի վերանայման վարույթի շրջանակներում դատարանները նոր իրավական գնահատական են տվել այն հանցանքներին, որոնց համար ինքն արդեն դատապարտվել էր 1996 թվականի դեկտեմբերի 10-ի վերջնական դատավճռով։

ԻՐԱՎՈՒՆՔԸ

36. Դիմումատուն պնդել է, որ այն, ինչն ինքը 1996 թվականի դեկտեմբերի 10-ի վերջնական դատավճռով իր նկատմամբ նշանակված պատժի վերանայման վարույթում համարել է անկանխատեսելի իրավական վերագնահատում այն հանցանքների, որոնց համար ինքն արդեն դատապարտվել էր Գերագույն դատարանի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի վերջնական դատավճռով (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը), զրկել էր իրեն իր համար բարենպաստ օրենսդրական փոփոխությունից օգտվելու հնարավորությունից՝ հանգեցնելով Կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջների խախտման։ Նա նաև պնդել է, որ այն հանցանքների իրավական վերագնահատումը, որոնց համար ինքն արդեն դատապարտվել էր նույն դատավճռով, հանգեցրել էր իր՝ միևնույն հանցանքների համար կրկնակի դատապարտման, ինչը հակասում էր Կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի պահանջներին:

37. Դատարանը, հանդես գալով որպես գործի փաստերին օրենքով տրվելիք որակավորման մասնագիտացված կառույց (տե՛ս Ռոդամիլյան և այլք ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Radomilja and Others v. Croatia [GC]], թիվ 37685/10 և 22768/12, §§ 114, 124 և 126, 2018 թվականի մարտի 20), նպատակահարմար է գտնում դիմումատուի բողոքները քննել միայն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն, որի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

«1. Ոչ ոք չի կարող հանցագործության մեջ մեղադրվել որևէ արարք կատարելու կամ անգործության համար, որոնք կատարվելու պահին ազգային օրենքներով կամ միջազգային իրավունքով հանցագործություն չեն համարվել: Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին։

...»։

Ա. Կողմերի փաստարկները

1. Կառավարությունը

38. Կառավարությունը պնդել է, որ հին Քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մասը (տե՛ս վերևում՝ 24-րդ պարբերությունը) երկու կամ ավելի անձանց դիտավորյալ սպանությունը ներառել էր որպես ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության տեսակ այն ժամանակ, երբ դիմումատուն կատարել էր տվյալ հանցանքները: Հետևաբար դիմումատուի համար կանխատեսելի էր, որ երկու սպանությունների կազմակերպումը կարող էր որակվել որպես ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն:

39. Նրանք նաև պնդել են, որ դիմումատուի նկատմամբ նշանակված պատժի վերանայման վարույթի արդյունքում չեն վերագնահատվել նրա գործի փաստերը: Այդ վարույթի արդյունքում 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճիռը (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը) ընդամենը համապատասխանեցվել էր 2011 թվականին փոփոխված նոր Քրեական օրենսգրքին:

40. Հիմնվելով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի փետրվարի 15-ի որոշման վրա (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը)՝ Կառավարությունը պնդել է, որ 2011 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններով չէր ապաքրեականացվել այն հանցանքներից որևէ մեկը, որոնց համար դիմումատուն դատապարտվել էր 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով։ Հանցագործությունների կրկնակիության հասկացության (հետագայում՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետ) վերացումից հետո (տե՛ս վերևում՝ 29-րդ և 33-րդ պարբերությունները) ներպետական դատարաններն ընդլայնել էին 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի սահմանները: Այն է՝ մինչև 2011 թվականի փոփոխությունները ընդհանուր դիտավորությամբ երկու կամ ավելի անձանց դիտավորյալ սպանությունը կորակվեր 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ այն դեպքերում, երբ հանցանք կատարած անձն ունեցել է առանձին մտադրություններ, երկու կամ ավելի անձանց սպանությունը 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով կորակվեր որպես ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն: Առկա չի եղել որևէ հիմք, որը թույլ կտար ենթադրել, որ մեկից ավելի անձանց սպանության փաստական հանգամանքը 2011 թվականի օրենսդրական փոփոխություններից հետո այլևս չէր համարվի ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն։

41. Կառավարությունն այնուհետև պնդել է, որ դիմումատուի կողմից կատարված հանցանքների ծանրությունն այնքան ակնհայտ է եղել, որ պատժի վերանայման վարույթի շրջանակներում ներպետական դատարանների եզրահանգումներն առ այն, որ դիմումատուն պատասխանատվություն է կրելու ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության համար՝ անկախ օրենքի տեխնիկական փոփոխություններից, չի կարելի ասել, թե հակասում են Կոնվենցիայի 7-րդ հոդվածի առարկային ու նպատակին։

42. Կառավարության փաստարկում այն փաստը, որ դիմումատուն դատապարտված չի եղել հին Քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մասով, ըստ էության չի նշանակում, որ նրա գործողություններն այդ դրույթով օբյեկտիվորեն հանցանք չեն համարվել այն ժամանակ, երբ դրանք կատարվել են: Եթե հին Քրեական օրենսգիրքը չներառեր 99-րդ հոդվածի 8-րդ մասը, ապա դիմումատուի կողմից կազմակերպված սպանությունները, inter alia, կորակվեին 99-րդ հոդվածի 4-րդ մասով, որն էլ համարժեք էր նոր Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին:

43. Վերջապես Կառավարությունը պնդել է, որ սույն գործի շրջանակներում չի առաջացել առավել մեղմ քրեական օրենքի հետադարձ ուժի սկզբունքին առնչվող որևէ հարց՝ հաշվի առնելով այն փաստը, որ 2011 թվականի օրենսդրական փոփոխությունների արդյունքում ամբողջությամբ կամ մասնակիորեն չի ապաքրեականացվել որևէ հանցանք, որի համար դիմումատուն դատապարտվել է, և ոչ էլ այդ փոփոխություններն այլ կերպ ավելի բարենպաստ իրավիճակ են նախատեսել դիմումատուի համար: Հանցագործությունների կրկնակիության հասկացության վերացումը միայն փոխել է մոտեցումը կրկնվող հանցանքների իրավական գնահատման հարցում։

2. Դիմումատուն

44. Դիմումատուն պնդել է, որ 1996 թվականի դեկտեմբերի 10-ի վերջնական դատավճռով իր նկատմամբ նշանակված պատժի վերանայմանն առնչվող վարույթում սպանություն կատարելու հանցակցության այն երկու տարբեր դրվագների վերաորակումը, որոնց համար ինքը դատապարտվել էր վերոնշյալ դատավճռով, հակասել էր իր կողմից համապատասխան հանցանքները կատարելու պահին գործող օրենքին և իրավական պրակտիկային: Արդյունքում դիմումատուն 2011 թվականին ներմուծված պատժման նոր կանոնների լույսի ներքո իր պատժի վերանայման հնարավորություն չէր ունեցել:

45. Մասնավորապես, 1996 թվականի դեկտեմբերի 10-ի վերջնական դատավճռով դիմումատուն մեղավոր էր ճանաչվել Ա.Ն.-ի և Գ.Ս.-ի սպանությունները կատարելու հանցակցության համար, որոնք ընդհանուր դիտավորություն չէին հետապնդել, ինչպես եզրակացրել էր Գերագույն դատարանը (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը): Այսպիսով, Գերագույն դատարանը տվյալ պահին գործողության մեջ դրված օրենքի և իրավական պրակտիկայի համաձայն նրան մեղավոր էր ճանաչել Ա.Ն.-ի՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների կատարված սպանության (հին Քրեական օրենսգրքի 17-100-րդ հոդված) և Գ.Ս.-ի՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության հանցակցության համար (հին Քրեական օրենսգրքի 17-99-րդ հոդվածի 8-րդ մաս, այն է՝ սպանություն, որը կատարվել է նախկինում դիտավորյալ սպանություն կատարած անձի կողմից) (տե՛ս վերևում՝ 24-րդ պարբերությունը): Դիմումատուն պնդել է, որ ինքը չէր կարող կանխատեսել, որ Ա.Ն.-ի և Գ.Ս.-ի սպանությունները նոր Քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով կորակվեին որպես «երկու անձի» սպանություն կատարելու հանցակցություն (տե՛ս վերևում՝ 26-րդ և 33-րդ պարբերությունները): Թեև երկու կամ ավելի անձանց սպանություն կատարելու հանցանքը գոյություն էր ունեցել այն ժամանակ, երբ ինքը դատապարտվել էր (հին Քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մաս), Գերագույն դատարանը, այնուամենայնիվ, իրեն չէր դատապարտել վերոնշյալ դրույթի համաձայն։

46. Դիմումատուն այնուհետև պնդել է, որ քանի որ նոր Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը (այն է՝ նախկինում դիտավորյալ սպանություն կատարած անձի կողմից սպանության կատարման ծանրացուցիչ հանգամանքը) ուժը կորցրած էր ճանաչվել 2011 թվականի մայիսի 23-ի Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով (տե՛ս վերևում՝ 33-րդ պարբերությունը), Գ.Ս.-ի սպանությունը պետք է որակվեր որպես առանց ծանրացուցիչ հանգամանքների կատարված սպանություն, իսկ իր նկատմամբ նշանակված պատիժը պետք է համապատասխանաբար վերանայվեր հանցագործությունների համակցության դեպքում պատժման նոր կանոնների կիրառմամբ (տե՛ս վերևում՝ 30-րդ և 31-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, ներպետական դատարանների կողմից նոր Քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սպանություն կատարելու հանցակցության երկու դրվագների անկանխատեսելի վերաորակման պատճառով ինքը զրկվել էր առավել մեղմ քրեական օրենքի հետադարձ ուժի կիրառությունից օգտվելու հնարավորությունից։

Բ. Դատարանի գնահատականը

47. Կոնվենցիայի 7-րդ հոդվածին համապատասխան Դատարանի նախադեպային իրավունքից բխող համապատասխան սկզբունքներն ամփոփված են «Հանցանքի սահմանման մեջ «բլանկետային հղում» կամ «օրենսդրություն՝ ըստ հղման» տեխնիկայի կիրառման և հանցանքի կատարման պահին գործող քրեական օրենքի ու փոփոխված քրեական օրենքի համեմատության չափորոշիչների վերաբերյալ» խորհրդատվական կարծիքում ([ՄՊ], դիմում թիվ P16-2019-001, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան, §§ 60-62, 2020 թվականի մայիսի 29), ինչպես նաև Դել Ռիո Պրադան ընդդեմ Իսպանիայի [Del Río Prada v. Spain] ([ՄՊ], թիվ 42750/09, §§ 77-93, ՄԻԵԴ 2013) և Ռոհլենան ընդդեմ Չեխիայի Հանրապետության գործերում [Rohlena v. the Czech Republic] ([ՄՊ], թիվ 59552/08, §§ 50-53, ՄԻԵԴ 2015):

48. Դատարանն արձանագրում է, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է ոչ միայն ավելի խիստ քրեական օրենքների հետադարձ ուժ չունենալու սկզբունքը, այլև անուղղակիորեն ավելի մեղմ քրեական օրենսդրության հետադարձ ուժ ունենալու սկզբունքը: Այդ սկզբունքը տեղ է գտել այն կանոնի մեջ, համաձայն որի՝ այն դեպքում, երբ հանցանքի կատարման պահին գործող քրեական օրենքի և դրանից հետո ընդունված քրեական օրենքների միջև վերջնական վճիռ կայացնելիս առկա են տարբերություններ, ապա դատարանները պետք է կիրառեն այն օրենքը, որի դրույթներն ավելի բարենպաստ են մեղադրյալի համար (տե՛ս Սկոպոլան ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Scoppola v. Italy [GC]] (թիվ 2), թիվ 10249/03, § 109, 2009 թվականի սեպտեմբերի 17): Թեև այս սկզբունքը հստակորեն նշված չէ Կոնվենցիայի 7-րդ հոդվածում, սակայն այն առաջին անգամ ձևակերպվել է Սկոպոլայի գործով (վերևում հիշատակված, §§ 106-09) և հետագայում կիրառվել է Գուառե Պատտեն ընդդեմ Անդորրայի (թիվ 33427/10, §§ 28 36, 2016 թվականի հունվարի 12) և Կոպրիվնիկարն ընդդեմ Սլովենիայի (թիվ 67503/13, § 59, 2017 թվականի հունվարի 24) գործերում՝ նշանակված տույժերի կամ պատժի կիրառման օրենսդրական փոփոխությունների համատեքստում: Ավելին, Դատարանը գտել է, որ ավելի մեղմ քրեական օրենքի հետադարձ ուժի կիրառման սկզբունքը կիրառվում է նաև հանցանքի սահմանման հետ կապված փոփոխության ենթատեքստում (տե՛ս Պարմակ Բաքիրն ընդդեմ Թուրքիայի [Parmak and Bakır v. Turkey], թիվ 22429/07 և 25195/07, § 64, 2019 թվականի դեկտեմբերի 3, վերևում հիշատակված՝ «Հանցանքի սահմանման մեջ «բլանկետային հղում» կամ «օրենսդրություն՝ ըստ հղման» տեխնիկայի կիրառման և հանցանքի կատարման պահին գործող քրեական օրենքի ու փոփոխված քրեական օրենքի համեմատության չափորոշիչների վերաբերյալ» խորհրդատվական կարծիքը, § 82):

49. Թեև սույն գործի փաստերի նկատմամբ 7-րդ հոդվածի կիրառելիության հարցին կողմերը չեն անդրադարձել իրենց դիտարկումներում, Դատարանը գտնում է, որ առարկայական իրավազորության առումով համատեղելիությունը մի հարց է, որն այն պետք է քննի սեփական նախաձեռնությամբ (տե՛ս Բլեչիչն ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Blečić v. Croatia [GC]], թիվ 59532/00, § 67, ՄԻԵԴ 2006 III, և Դեմիրն ու Բայքարան ընդդեմ Թուրքիայի [GC] [Demir and Baykara v. Turkey [GC]], թիվ 34503/97, § 58, ՄԻԵԴ 2008):

50. Դատարանը նշում է, որ Գերագույն դատարանի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի վերջնական դատավճռով դիմումատուն դատապարտվել է բանդիտիզմի, այդ թվում՝ թմրանյութերի առևտրի, սպանության կատարման հանցակցության և ծանրացուցիչ հանգամանքներում սպանության կատարման հանցակցության (կատարված նախկինում սպանություն կատարած անձի կողմից) համար հին Քրեական օրենսգրքի համապատասխանաբար 72-րդ, 17-100-րդ հոդվածներով և 17-99-րդ հոդվածի 8-րդ մասով (տե՛ս վերևում՝ 4-րդ և 24-րդ պարբերությունները), և վերջին դրույթի համաձայն նրա նկատմամբ նշանակվել է կիրառելի առավելագույն պատիժը՝ մահապատիժ: 2003 թվականին նոր Քրեական օրենսգիրքն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դիմումատուի նկատմամբ նշանակված մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ (տե՛ս վերևում՝ 5-րդ և 6-րդ պարբերությունները):

51. Դատարանը նաև նշում է, որ նոր Քրեական օրենսգիրքը նմանատիպ դրույթներ էր պարունակում այն հանցանքների վերաբերյալ, որոնց համար դիմումատուն դատապարտվել է Գերագույն դատարանի վճռով (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը): Մասնավորապես՝ հին Քրեական օրենսգրքի 72-րդ (բանդիտիզմ), 100-րդ (դիտավորյալ սպանություն) հոդվածներով և 99-րդ հոդվածի 8-րդ մասով (դիտավորյալ սպանություն, որը կատարվել է նախկինում սպանություն կատարած անձի կողմից) սահմանված հանցանքները (տե՛ս վերևում՝ 24-րդ պարբերությունը) համապատասխանում էին նոր Քրեական օրենսգրքի համապատասխանաբար 222-րդ հոդվածին, 104-րդ հոդվածի 1-ին մասին և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետին (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը): Թեև Համայնքային դատարանը 2006 թվականի օգոստոսի 8-ի իր որոշման մեջ նշել է, որ այն հանցանքները, որոնց համար դիմումատուն դատապարտվել էր, համապատասխանում էին նոր Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասին, 38-104-րդ հոդվածի 1-ին մասին (երկու կամ ավելի անձանց սպանություն) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերին (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը), սակայն այդ որոշումը դիմումատուի կողմից վերաքննիչ բողոք ներկայացվելուց հետո բեկանվել է Վճռաբեկ դատարանի կողմից (տե՛ս վերևում՝ 12-րդ և 16-րդ պարբերությունները): Այնուհետև 2012 թվականի հուլիսի 12-ի իր որոշման մեջ (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը) Համայնքային դատարանը հաստատել է, որ այն հանցանքները, որոնց համար դիմումատուն դատապարտվել էր 1996 թվականի դեկտեմբերի 10-ի վերջնական դատավճռով, համապատասխանում էին նոր Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածին, 38-104-րդ հոդվածի 1-ին մասին և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետին. դրանք այն դրույթներն են, որոնք պատասխանատվություն են սահմանում բանդիտիզմի, սպանության և նախկինում սպանություն կատարած անձի կողմից սպանության հանցագործությունների համար:

52. 2011 թվականի մայիսի 23-ին նոր Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով (նույնն է, ինչ հին Քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 8-րդ մասը) սահմանված՝ «նախկինում սպանություն կատարած անձի կողմից սպանության կատարման» հանցագործությունը հանվել է 104-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանությունների ցանկից (տե՛ս վերևում՝ 27-րդ և 33-րդ պարբերությունները):

53. Այդ օրենսդրական փոփոխություններից հետո դիմումատուն պահանջել է վերանայել իր նկատմամբ նշանակված ցմահ ազատազրկման ձևով պատիժը (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը): Այդ առնչությամբ դիմումատուի պահանջը քննելիս ներպետական դատարաններից պահանջվել է համապատասխանեցնել, այն է՝ փոփոխված նոր Քրեական օրենսգրքի համաձայն իրավական որակում տալ այն հանցագործություններին, որոնց համար դիմումատուն դատապարտվել էր Գերագույն դատարանի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը). որակում տալ մասնավորապես նախկինում սպանություն կատարած անձի կողմից սպանություն կատարելու այն հանցագործության մասով, որն այլևս գոյություն չուներ որպես ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության տեսակ (տե՛ս վերևում՝ 33-րդ պարբերությունը): Դիմումատուն մասնավորապես պնդել է, որ հին Քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ Գ.Ս.-ի՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության հանցակցության համար իր դատապարտումը պետք է որակվի որպես առանց ծանրացուցիչ հանգամանքների կատարված սպանություն՝ հաշվի առնելով այն փաստը, որ նոր Քրեական օրենսգրքի համապատասխան 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետն ուժը կորցրած էր ճանաչվել 2011 թվականի մայիսի 23-ի օրենսդրական փոփոխությունների արդյունքում (տե՛ս վերևում՝ 19-րդ և 33-րդ պարբերությունները): 2013 թվականի փետրվարի 15-ին Վճռաբեկ դատարանը վերջնական որոշմամբ անփոփոխ է թողել Համայնքային դատարանի՝ դիմումատուի ցմահ ազատազրկման ձևով պատիժը պահպանելու վերաբերյալ որոշումը՝ համարելով, որ դիտարկվող օրենսդրական փոփոխություններով դիմումատուի համար ավելի բարենպաստ իրավիճակ չէր ստեղծվել նոր Քրեական օրենսգրքի համաձայն այն հանցագործությունների համար իրավական որակման առումով, որոնց համար նա դատապարտվել էր Գերագույն դատարանի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով (տե՛ս վերևում՝ 18-րդ և 23-րդ պարբերությունները)։

54. Այս կապակցությամբ հարց է առաջանում առ այն, թե արդյոք Կոնվենցիայի 7-րդ հոդվածը կիրառվում է այն վարույթի նկատմամբ, որով դիմումատուն պահանջել է վերանայել իր պատիժը 2011 թվականի օրենսդրական փոփոխություններից հետո, որոնք հանգեցրել են այն հանցանքներից մեկի ծանրացուցիչ հանգամանքի վերացմանը, որոնց համար նա դատապարտվել էր 1996 թվականին կայացված վերջնական դատավճռով։

55. Այս համատեքստում Դատարանը վկայակոչում է իր հաստատված նախադեպային իրավունքը, համաձայն որի՝ առավել մեղմ քրեական օրենքի հետադարձ ուժի սկզբունքը դրսևորվում է այն կանոնի մեջ, համաձայն որի՝ այն դեպքում, երբ իրավախախտման կատարման պահին գործող քրեական օրենքի և դրանից հետո ընդունված քրեական օրենքների միջև վերջնական վճիռ կայացնելիս առկա են տարբերություններ, ապա դատարանները պետք է կիրառեն այն օրենքը, որի դրույթներն ավելի բարենպաստ են մեղադրյալի համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Սկոպոլայի գործը, § 109)։ Հետևաբար դիմումատուի այն փաստարկը, որ իրեն պետք է տրվի ավելի բարենպաստ օրենքից օգտվելու հնարավորություն, որն ուժի մեջ է մտել իր դատավճիռը վերջնական դառնալուց շուրջ տասնհինգ տարի հետո, չի հաստատվում Դատարանի նախադեպային իրավունքով:

56. Այսպիսով, Դատարանը նշում է, որ Գուառե Պատտեի գործով իր կողմից կայացված դատավճռում այն ընդլայնել է 7-րդ հոդվածի՝ առավել մեղմ քրեական օրենքի հետադարձ ուժի վերաբերյալ երաշխիքները մինչև վերջնական պատիժը հետադարձ ուժով վերանայելու հնարավորությունը, եթե ներպետական օրենսդրությունը նախատեսում է այդպիսի հնարավորություն (տե՛ս վերևում հիշատակված՝ Գուառե Պատտեի գործը, §§ 33-36, ինչպես նաև տե՛ս վերևում հիշատակված՝ Կոպրիվնիկարի գործը, § 49)։ Այս դեպքում Դատարանը, այնուամենայնիվ, կիրառել է ավելի մեղմ պատժի հետադարձ ուժի սկզբունքը վերջնական դատապարտված անձի նկատմամբ այնքանով, որքանով որ ներպետական օրենսդրությամբ ներպետական դատարաններից հստակորեն կպահանջվի իրենց սեփական նախաձեռնությամբ վերանայել պատիժը, եթե հաջորդիվ ընդունված օրենքով կրճատվել է հանցագործության համար կիրառելի պատժաչափը (տե՛ս վերևում հիշատակված՝ Գուառե Պատտեի գործը, §§ 33 և 34)։ Դատարանը գտնում է, որ սույն գործով իրավիճակն այլ է։

57. Մասնավորապես, թեև նոր Քրեական օրենսգիրքը (տե՛ս վերևում՝ 5-րդ պարբերությունը), որն օրինական ուժի մեջ է մտել այն ժամանակ, երբ դիմումատուն պահանջել է վերանայել իր պատիժը (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը), նախատեսում էր արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակը բարելավող օրենքի հետադարձ ուժի կիրառությունն այն անձանց դեպքում, որոնք կրում են իրենց պատիժը (տե՛ս վերևում 26-րդ պարբերությունում հիշատակված՝ նոր Քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածը), այդ դրույթն այնքան հստակ չէ, որքան սահմանված է Անդորրայի օրենսդրությամբ (տե՛ս վերևում հիշատակված՝ Գուառե Պատտեի գործը, §§ 17 և 34), և որ ավելի կարևոր է, ներպետական դատարանները գտել են, որ դա չի կարող հիմք հանդիսանալ դիմումատուի գործը վերանայելու համար: Ըստ էության, փաստական և իրավական գնահատական տալով՝ դատարանները համարել են, որ դիմումատուի վիճակը չի փոխվել փոփոխված նոր Քրեական օրենսգրքի համաձայն այն հանցագործությունների իրավական որակման հետ կապված, որոնց համար վերջինս դատապարտվել էր Գերագույն դատարանի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով (տե՛ս վերևում՝ 18-րդ, 20-րդ և 23-րդ պարբերությունները)։

58. Այսպիսով, ուշադիր ուսումնասիրելով դիմումատուի կողմից իր վերաքննիչ բողոքներում ներկայացված փաստարկները (տե՛ս վերևում՝ 19-րդ և 21-րդ պարբերությունները)՝ Վճռաբեկ դատարանը 2013 թվականի փետրվարի 15-ի իր վերջնական որոշման մեջ (տե՛ս վերևում` 23-րդ պարբերությունը) եկել է այն եզրահանգման, որ 2011 թվականի մայիսի 23-ին կատարված օրենսդրական փոփոխությունները (տե՛ս վերևում` 27-33-րդ պարբերությունները) չեն փոխել իրավիճակը հօգուտ դիմումատուի: Այդպիսով Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով 2011 թվականի օրենսդրական փոփոխությունները, այդ թվում՝ նոր Քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածում կատարված փոփոխությունները (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը), որդեգրել է նոր մոտեցում՝ նոր Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ծանրացուցիչ հանգամանքի մեկնաբանման առնչությամբ։ Այն մասնավորապես որոշում է կայացրել առ այն, որ ի տարբերություն մինչ այդ փոփոխությունները կիրառված պրակտիկայի՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի նպատակներով երկու անձի դիտավորյալ սպանությունն իրար հետ չառնչվող դրդապատճառներով նույնպես պետք է որակվի որպես «երկու անձի սպանություն» (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը):

59. Այս համատեքստում Դատարանը կրկին նշում է, որ իր նախադեպային իրավունքում ընդունել է, որ իրավունքի, ներառյալ՝ քրեական իրավունքի ցանկացած համակարգում միշտ անհրաժեշտություն կլինի դատական մեկնաբանության միջոցով պարզաբանելու կասկածելի կետերը և հարմարեցնելու փոփոխվող հանգամանքներին (տե՛ս Կաֆկարիսն ընդդեմ Կիպրոսի [ՄՊ] [Kafkaris v. Cyprus [GC]], թիվ 21906/04, § 141, ՄԻԵԴ 2008)։

60. Դատարանն այնուհետև կրկին նշում է ներպետական օրենսդրության մեկնաբանման և կիրառման վերաբերյալ իր նախադեպային իրավունքով հաստատված հիմնարար սկզբունքը: Մասնավորապես ներպետական դատարաններին փոխարինելը Դատարանի խնդիրը չի համարվում։ Ներպետական օրենսդրության մեկնաբանման հետ կապված խնդիրները լուծելը հիմնականում ազգային իշխանությունների, մասնավորապես՝ դատարանների իրավասության շրջանակում է, այնպես որ իր դերը սահմանափակվում է պարզելով, թե արդյոք այդպիսի մեկնաբանության հետևանքները համատեղելի են Կոնվենցիայի հետ (տե՛ս Կորբելին ընդդեմ Հունգարիայի [ՄՊ] [Korbely v. Hungary [GC]], թիվ 9174/02, § 72, ՄԻԵԴ 2008, և Կոնոնովն ընդդեմ Լատվիայի [ՄՊ] [Kononov v. Latvia [GC]], թիվ 36376/04, § 197, ՄԻԵԴ 2010)։ Հետևաբար Դատարանը կասկածի տակ չի դնի ազգային դատարանների կողմից ազգային օրենսդրության մեկնաբանությունն ու կիրառությունը, քանի դեռ դա չի հանգեցրել Կոնվենցիային հակասող հետևանքների (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), վերևում հիշատակված՝ Կոնոնովի գործը, § 197, և Պլեչկովն ընդդեմ Ռումինիայի [Plechkov v. Romania], թիվ 1660/03, § 67, 2014 թվականի սեպտեմբերի 16)։ Սույն գործով Դատարանը չի տեսնում կամայականության կամ ակնհայտ չհիմնավորվածության որևէ տարր ներպետական դատարանների եզրակացություններում՝ 2011 թվականի փոփոխություններով նոր Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների լույսի ներքո նույն օրենսգրքի 13-րդ հոդվածը և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը մեկնաբանելիս։

61. Ելնելով վերոնշյալից և հաշվի առնելով իր նախադեպային իրավունքում սահմանված սկզբունքները (տե՛ս մասնավորապես վերևում՝ 48-րդ, 55-րդ, 59-րդ և 60-րդ պարբերությունները), Դատարանը գտնում է, որ դիտարկվող վարույթի վրա չի տարածվել Կոնվենցիայի 7-րդ հոդվածը:

62. Այստեղից հետևում է, որ սույն բողոքը ratione materiae (առարկայական իրավազորության առումով) անհամատեղելի է Կոնվենցիայի դրույթների հետ՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, և պետք է մերժվի 35-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան։

Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝

Հայտարարում է գանգատն անընդունելի:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի հունվարի 13-ին։

Անդրեա Տամիետտի

Յոնկո Գրոզև

Քարտուղար Նախագահ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։