Հոդված 10. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին մասով.
Հոդված 10. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին մասով.
«3.1) Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետում հիշատակված անձինք։»։
Առաջարկությունը պայմանավորված է կարգավորումները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու հանգամանքով և բխում է նախագծի 5-րդ հոդվածում կատարված՝ կադրերի ռեզերվում գրանցելու մասին առաջարկությունից:
Ըստ այդմ հոդվածների համարակալումն անհրաժեշտ է վերանայել:
8․ Նախագծի 10-րդ հոդվածը համարակալել որպես 12-րդ հոդված և փոփոխվող հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 50․ Դիվանագիտական անձնագրի տրամադրման, մերժման և անվավեր ճանաչման կարգը
1. Դիվանագիտական անձնագիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի հիման վրա առավելագույնը հինգ տարի վավերականության ժամկետով։
2. Դիվանագիտական անձնագրի տրամադրման ժամկետների առումով սույն օրենքի իմաստով գործում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները։
3․ Դիվանագիտական անձնագրի տրամադրումը մերժվում է, եթե՝
1) դիմումատուն ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր.
2) դիմումատուն չի ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր.
3) դիմումատուի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, բացառությամբ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ անձին դիվանագիտական անձնագրի տրամադրման դեպքի։
4. Պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը հանձնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական գործառույթներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում՝ պաշտոնավարման ավարտից հետո 10-օրյա ժամկետում:
Օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության ավարտից հետո Հայաստանի Հանրապետություն վերադարձած դիվանագետների ընտանիքի անդամներն իրենց դիվանագիտական անձնագրերն ի պահ են հանձնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական գործառույթներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում՝ վերադառնալուց հետո 5-օրյա ժամկետում:
5. Սույն հոդվածի 4-րդ մասում սահմանված պահանջներին համապատասխան` չհանձնված, ինչպես նաև կորած, կեղծված․ սույն օրենքի պահանջների խախտմամբ ձեռք բերված դիվանագիտական անձնագրերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ճանաչում է անվավեր:
6. Դիվանագիտական անձնագիր տալու, հաշվառելու, մերժելու, հետ վերցնելու և անվավեր հայտարարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:»։
9․ Նախագծի 11-րդ հոդվածից առաջ ավելացնել հետևյալ առաջարկությունը.
«Հոդված 13. Օրենքի 52-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1․ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (այսուհետ` դիվանագիտական դպրոց) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2․1-ին մասով.
«2.1. Դիվանագիտական դպրոցում ուսանելու ժամանակաշրջանը դիվանագիտական դպրոցի շրջանավարտի՝ դիվանագիտական ծառայության պաշտոնի ըստ կարգի նշանակվելու դեպքում ներառվում է դիվանագիտական ծառայության ստաժում։»:
Առաջին մասով ներկայացված առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող օրենսդրությամբ դիվանագիտական դպրոցն ունի ՊՈԱԿ-ի կարգավիճակ, ինչը սահմանափակում է դիվանագիտական դպրոցի կողմից ֆինանսական այլ միջոցների ներգրավումը, տնօրինումը, ինչի հետևանքով սահմանափակվում է դիվանագիտական դպրոցի կողմից առաջարկված ծրագրերի, վերապատրաստման դասընթացների իրականացումը։
Երկրորդ մասով ներկայացված առաջարկության նպատակը դիվանագետի աշխատանքային հարաբերությունների առավել համապարփակ կարգավորումն է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիվանագիտական դպրոցում ուսանելու ժամանակահատվածը բովանդակային առումով հանդիսանում է դիվանագետին աշխատանքի ընթացքում ձեռք բերած ստաժին՝ գիտելիքների և հմտությունների առումով, ինչը հնարավորություն է տալիս նորանշանակ դիվանագետին դիմել հերթական ատեստավորման համար նշանակումից հետո առավել կարճ ժամկետում:
10․ Նախագծի 11-րդ հոդվածը համարակալել որպես 14-րդ հոդված և շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) մինչև այն ուժի մեջ մտնելն ստացված դիվանագիտական աստիճանները պահպանվում են։ Այն դիվանագետներին, որոնք օրենքի գործող կարգավորումներով սահմանված կարգով արդեն իսկ ծառայել են այն ժամկետով, որով վերջիններիս կարող էր շնորհվել հերթական դիվանագիտական աստիճան, սակայն դեռ չի շնորհվել, շնորհվում է հերթական դիվանագիտական աստիճան․
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող դիվանագետները շարունակում են պաշտոնավարել իրենց պաշտոններում՝ մինչև մեկ տարվա ընթացքում նրանց տեղափոխումը նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ կամ ենթակա մարմին համապատասխան դիվանագիտական պաշտոնների.
3) երկրորդ դասի խորհրդականին շնորհվում է խորհրդականի դասային աստիճան, իսկ առաջին դասի խորհրդականին՝ ավագ խորհրդականի դասային աստիճան՝ համապատասխան դասային աստիճան ունենալու ամբողջ ժամկետի պահպանմամբ.
4) առաջին և երկրորդ դասերի երկրորդ քարտուղարի դասային աստիճան ունեցողներին շնորհվում է երկրորդ քարտուղարի դասային աստիճան՝ համապատասխան դասային աստիճան ունենալու ամբողջ ժամկետի պահպանմամբ.
5) առաջին և երկրորդ դասերի առաջին քարտուղարի դասային աստիճան ունեցողներին շնորհվում է առաջին քարտուղարի դասային աստիճան՝ համապատասխան դասային աստիճան ունենալու ամբողջ ժամկետի պահպանմամբ.
6) արտահերթ դիվանագիտական աստիճանի կամ սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճանի շնորհման համար կարող են դիմել միայն այն դիվանագետները, որոնց դեպքում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դա չի իրականացվել։»։
Առաջարկը բխում է ԱԳՆ բազմամյա գործունեության փորձից և դիվանագետների կարիքների առավել արդարացի և արդյունավետ բավարարման սկզբունքից՝ հաշվի առնելով նաև իրավական կարգավորումների համար անհրաժեշտ ժամանակահատվածները։