Անցնել բովանդակությանը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՎՃԻՌԸ ՇԻՐԽԱՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Վճիռ ընդդեմ Հայաստանիընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Պայմանավորվող կողմերը հարգում են սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին պարբերությունում նշված անձանց՝ Դատարանի հետ ազատ նամակագրություն պահպանելու իրավունքը։

2. Ինչ վերաբերում է կալանքի տակ գտնվող անձանց, ապա սույն իրավունքի կիրարկումը, հատկապես, ենթադրում է, որ՝

...

գ. այդ անձինք ունեն այլ անձանց լսելիության սահմաններից դուրս իրավաբանի հետ նամակագրություն ունենալու և նրա հետ խորհրդակցելու իրավունք, որն ունի Դատարան ներկայացված գանգատի կամ դրանից բխող որևէ վարույթի առնչությամբ այն երկրի դատարաններում հանդես գալու որակավորում, որտեղ գտնվում են այդ կալանավորված անձինք»։

ԻՐԱՎՈՒՆՔԸ

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ԵՎ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

111. Դիմումատուն բողոքել է, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում իրավասու պետական մարմիններն իրեն չեն տրամադրել պատշաճ բուժում և ամենօրյա խնդիրների հարցում օգնություն՝ խախտելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որը շարադրված է հետևյալ բովանդակությամբ.

«Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։

112. Դիմումատուն բողոքել է նաև, որ իր տրամադրության տակ չի եղել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն իր բողոքների մասով իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 13-րդ հոդվածով, որը շարադրված է հետևյալ բովանդակությամբ.

«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք ....»:

Ա. Ընդունելիությունը

113. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի բարձրացրել իր բողոքները «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 13-րդ հոդվածում թվարկված ներպետական մարմինների առջև (Օրենք, տե՛ս վերևում՝ 94-րդ պարբերությունը) և Պետությունից չի պահանջել ոչ նյութական վնասի դիմաց փոխհատուցում (տե՛ս վերևում՝ 101-105 պարբերությունները)։

Կառավարությունն այնուհետև պնդել է, որ մինչև 2016 թվականի մարտի 16-ը տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող դիմումատուի բողոքները պետք է անընդունելի ճանաչվեն վեցամսյա ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու պատճառով՝ հաշվի առնելով այն փաստը, որ դիմումատուն իր բողոքները ներկայացրել է 2016 թվականի սեպտեմբերի 16-ին:

114. Դիմումատուն նշել է, որ իր կողմից իրավասու պետական մարմիններին, այդ թվում՝ քրեակատարողան հիմնարկի վարչակազմին ուղղված բողոքներn անօգուտ են եղել, և հետևաբար ինքը չի ունեցել պաշտպանության արդյունավետ միջոց, որի միջոցով կարող էր իր բուժման որակի մասով բողոք ներկայացնել։

115. Դատարանը նշում է, որ պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասով Կառավարության առարկությունը սերտորեն կապված է դիմումատուի այն բողոքին, ըստ որի կալանքի տակ գտնվելու ընթացքում ինքն արդյունավետ բժշկական օգնության և աջակցության բացակայության մասին իր բողոքների համար իր տրամադրության տակ արդյունավետ միջոց չի ունեցել։ Հետևաբար Կառավարության առարկության քննությունը պետք է միացվի դիմումատուի՝ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի շրջանակներում ներկայացված բողոքի ըստ էության քննությանը։

116. Ինչ վերաբերում է դիմումատուի կողմից վեցամսյա ժամկետը չպահպանելու վերաբերյալ Կառավարության առարկությանը, ապա Դատարանը նկատում է, որ Կառավարությունը չի նշել այն վերջնական դատական ակտը, որի կայացման պահից, իրենց կարծիքով, սկսվել է վեցամսյա ժամկետի հաշվարկը՝ մինչև դիմումատուի՝ 2016 թվականի մարտի 16-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ունեցած բողոքների առնչությամբ։

117. Դատարանը վերահաստատում է, որ որպես կանոն՝ վեցամսյա ժամկետը սկսում է հաշվարկվել պաշտպանության ներպետական միջոցները սպառելու գործընթացի արդյունքում վերջնական որոշում կայացնելու օրվանից: Այնուամենայնիվ, եթե ի սկզբանե պարզ է, որ դիմումատուին հասանելի չէ պաշտպանության որևէ արդյունավետ միջոց, ապա ժամկետը սկսվում է այն գործողությունները կատարելու կամ միջոցները նշանակելու պահից, որոնց առնչությամբ բողոք է ներկայացվում, կամ այդ ակտի կամ դիմումատուի վրա դրա ազդեցության կամ դրանով վերջինիս վնաս պատճառվելու մասին հայտնի դառնալու ամսաթվից, իսկ եթե իրավիճակը շարունակական է, ապա այն ավարտվելու պահից (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Մոկանուն և այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Mocanu and Others v. Romania [GC] թիվ 10865/09 և 2 այլ թվեր, § 259, ՄԻԵԴ 2014թ. (քաղվածքներ))։

118. Դիմումատուների՝ կալանքի պայմանների վերաբերյալ բողոքների նկատմամբ վեցամսյա ժամկետի կանոնի կիրառման վերաբերյալ Դատարանի մոտեցումն ամփոփվել է հետևյալ կերպ. կալանքի ժամկետը պետք է դիտվի որպես «շարունակվող իրավիճակ», եթե կալանքը կրվել է նույն տեսակի քրեակատարողական հիմնարկում՝ զգալիորեն նման պայմաններում։ Բացակայության կարճ ժամանակահատվածները, որոնց ընթացքում դիմումատուին դուրս են հանել հիմնարկից հարցաքննությունների կամ դատավարական այլ գործողությունների համար, որևէ ազդեցություն չի ունենում կալանքի շարունակական բնույթի վրա։ Դիմումատուի ազատ արձակումը, սակայն, կամ կալանքի մեկ այլ ռեժիմի փոխադրելը թե՛ քրեակատարողական հիմնարկի ներսում, թե՛ դրանից դուրս վերջ կդներ «շարունակվող իրավիճակ»-ին։ Կալանքի պայմանների մասին բողոքը պետք է ներկայացվի այն իրավիճակի ավարտից հետո, որի կապակցությամբ ներկայացվում է բողոքը, կամ եթե առկա է եղել արդյունավետ պաշտպանության ներպետական միջոց, որը պետք է սպառվեր, ապա սպառման գործընթացի արդյունքում վերջնական դատական ակտ կայացնելուց հետո վեց ամսվա ընթացքում (տե՛ս Անանևը և այլք ընդդեմ Ռուսաստանի [Ananyev and Others v. Russia], թիվ 42525/07 և 60800/08, § 78, 2012 թվականի հունվարի 10 և Գորբուլյան ընդդեմ Ռուսաստանի [Gorbulya v. Russia], թիվ 31535/09, § 47, 2014 թվականի մարտի 6):

119. Դատարանը նկատում է, որ դիմումատուին բերել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ 2015 թվականի դեկտեմբերի 21-ին, որտեղից նրան 2017 թվականի ապրիլի 3-ին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ (տե՛ս վերևում՝ 14-րդ և 64-րդ պարբերությունները)։ Դատարանը նկատում է նաև, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում դիմումատուին երկու անգամ կարճ ժամանակահատվածով՝ 2016 թվականի մարտի 18-ից մինչև 21-ը և 2017 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 3-ը, տեղափոխել են հիվանդանոց (տե՛ս վերևում՝ 33-34-րդ և 57-58-րդ պարբերությունները)։ Հաշվի առնելով կալանքի պայմանների վերաբերյալ բողոքների նկատմամբ վեցամսյա ժամկետի կանոնի կիրառման իր մոտեցումը (տե՛ս վերևում՝ 118-րդ կետը)՝ Դատարանը համարում է, որ 2015 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2017 թվականի ապրիլի 3-ը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում դիմումատուի կրած կալանքը հավասարազոր է եղել «շարունակվող իրավիճակ»-ի։ Քանի որ դիմումատուն իր բողոքները ներկայացրել է 2016 թվականի սեպտեմբերի 16-ին, երբ դեռևս գտնվում էր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, ուստի նա պահպանել է վեցամսյա ժամկետի կանոնը՝ կապված այդ հիմնարկում իր գտնվելու ամբողջ տևողությանը վերաբերող իր ներկայացրած բողոքների հետ (տե՛ս վերևում հիշատակված՝ mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Անանևը և այլք, § 73): Ուստի վեցամսյա ժամկետը չպահպանելու վերաբերյալ Կառավարության առարկությունը պետք է մերժվի։

120. Դատարանը նշում է, որ սույն բողոքները ո՛չ ակնհայտորեն անհիմն են, ո՛չ էլ անընդունելի են Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։

Բ. Ըստ էության քննությունը

1. Կողմերի փաստարկները

ա) Դիմումատուն

121. Դիմումատուն պնդել է, որ ինքը չի ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն ներկայացված իր բողոքների մասով պաշտպանության որևէ արդյունավետ ներպետական միջոց՝ կապված կալանքի տակ գտնվելու ընթացքում անհրաժեշտ բժշկական օգնության և աջակցության հետ։ Նա շարունակաբար դիմել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմին անհրաժեշտ բժշկական զննումներ անցնելու հնարավորություն ստանալու պահանջով, սակայն այդ պահանջները կա՛մ մերժվել են, կա՛մ բավարարվել են անհարկի ձգձգումներով։ Նա գրություններ է ուղարկել նաև Արդարադատության նախարարություն և Քրեակատարողական ծառայություն։ Դիմումատուն պնդել է, որ Կառավարությունը ցույց չի տվել, որ առողջական լուրջ խնդիր ունեցող կալանավորված անձանց համար գոյություն են ունեցել հատուցում տրամադրելու արդյունավետ մեխանիզմներ պատշաճ բուժում ստանալու կամ կալանքի պատշաճ պայմաններ ունենալու նրանց իրավունքը խախտվելու դեպքում։ Ինչ վերաբերում է Պետությունից ոչ նյութական վնասների փոխհատուցում պահանջելու հնարավորությանը, ապա դիմումատուն նշել է, որ այդ մասով փոխհատուցումը կախված էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման մասով ազգային դատարանների կողմից կայացրած որոշումից։ Ամեն դեպքում դրամական փոխհատուցումը չէր կարող համարվել անհրաժեշտ բժշկական օգնություն և աջակցություն ստանալու իրավունքի շարունակական խախտման դիմաց պատշաճ հատուցում։

122. Դիմումատուն պնդել է նաև, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պատշաճ կերպով չի ապահովել նրա բժշկական հետազոտությունները և համապատասխան բուժումը, և որ նա չի ստացել բժշկի կողմից անհրաժեշտ ուշադրություն կամ դեղորայք։ Արդյունքում նա հայտնվել է կյանքին վտանգ սպառնացող մի իրավիճակում, որում առաջացել է անհետաձգելի բժշկական միջամտության անհրաժեշտություն։ Ինչ-որ պահի ինքը ստիպված է եղել հրաժարվել կենսական նշանակություն ունեցող դեղորայք ընդունելուց՝ որպես վերջին միջոց՝ փորձելով իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրել իր առողջական ծանր վիճակի վրա։ Ավելին, ինքն իր ամենօրյա խնդիրները լուծելիս զրկված է եղել տարրական օգնությունից, բացարձակ անտեսվել են նրա շարժունակության հետ կապված խնդիրները, և ժամանակի մեծ մասը ստիպված է եղել ապավինել խցակիցների օգնությանը, որոնք ոչ միշտ են ազատ եղել։ Դիմումատուն բողոքել է նաև, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում իրավասու պետական մարմիններն իրեն չեն տրամադրել անվասայլակ, չեն ապահովել նրա անձնական հիգիենան և չեն թույլատրել ամենօրյա զբոսանքներ՝ հաշվի առնելով շարժունակության հետ կապված իր խնդիրները։ Նա նաև նշել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ևս զրկված է եղել պատշաճ բժշկական օգնությունից, քանի որ այնտեղ չկար անոթային վիրաբուժության և անգիոլոգիայի որևէ մասնագետ։

բ) Կառավարությունը

123. Կառավարությունը նշել է, որ իրավասու պետական մարմինները պետական միջոցներով ապահովել են դիմումատուի՝ բարձր մակարդակի բժշկական օգնությունը, որն ավելին էր, քան տվյալ հարցի մասով պահանջում էր Դատարանի իրավական պրակտիկան։ Մասնավորապես դիմումատուն ըստ անհրաժեշտության բուժվել է քաղաքացիական հիվանդանոցներում, հաճախակի հետազոտվել է երկրի առաջատար մասնագետների կողմից, այդ թվում՝ իր իսկ ընտրած մասնագետների կողմից, և եղել է մշտական բժշկական հսկողության ներքո: Միևնույն ժամանակ դիմումատուն մի քանի անգամ հրաժարվել է ընդունել իրեն առաջարկված դեղորայքը կամ հետազոտվել քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմի կողմից։ Դիմումատուին ժամանակ առ ժամանակ տրամադրվել է ցնցուղ ընդունելու հնարավորություն։ Չնայած դրան՝ 2016 թվականի օգոստոսի 12-ին նա հրաժարվել է ցնցուղ ընդունելուց՝ բացատրելով, որ ի վիճակի չէ կանգնել և միայն իր կնոջ օգնությամբ լոգանք կընդունի։ Նրա ստորին վերջույթները կանոնավոր կերպով վիրակապվել են առաձգական վիրակապով։ 2017 թվականի ապրիլի 3-ից դիմումատուն գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Նա կարողացել է ինքնուրույն տեղաշարժվել և ժամանակ առ ժամանակ օգտվել է քրեակատարողական հիմնարկի կողմից իրեն տրամարդված անվասայլակից և հենակներից։ Կառավարությունը նշել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում ամենօրյա խնդիրները լուծելիս դիմումատուին համապատասխան անձնակազմը կանոնավոր կերպով օգնություն է ցուցաբերել։

124. 2018 թվականի փետրվարի 28-ի իր հետագա դիտարկումներում Կառավարությունը նշել է, inter alia, որ այդ պահին դիմումատուին շուրջօրյա տրամադրվում է անվասայլակ։ Կառավարությունը հայտնել է, որ նշանակված որոշ դեղամիջոցներ դիմումատուին տրամադրել են վերջինիս հարազատները, և պնդել, որ իրավասու պետական մարմինները դիմումատուի համար երբեք որևէ խոչընդոտ չեն ստեղծել այլ աղբյուրներից դեղամիջոցներ ստանալու հետ կապված:

2. Դատարանի գնահատականը

ա) Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառումը և Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ենթադրյալ խախտումը

i) Ընդհանուր սկզբունքները

125. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ ներպետական իրավական պաշտպանության միջոցները սպառելու կանոնը պարտավորեցնում է այն անձանց, որոնք ցանկանում են պետության դեմ գործ հարուցել որևէ միջազգային դատական ատյանում, առաջին հերթին օգտվել ներպետական իրավական համակարգով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից՝ դրանով իսկ պետությանը զերծ պահելով միջազգային ատյանի առջև իրենց գործողությունների համար պատասխան տալուց՝ նախքան սեփական իրավական համակարգի միջոցով խնդիրները լուծելու հնարավորություն ունենալը: Այս կանոնը պահպանելու համար դիմումատուն պետք է սահմանված կարգով օգտվի իրավական պաշտպանության այն միջոցներից, որոնք առկա և բավարար են ենթադրյալ խախտումների մասով հատուցում ստանալու համար։ Տվյալ իրավական պաշտպանության միջոցների գոյությունը պետք է բավականաչափ հստակ լինի ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում, հակառակ դեպքում դրանք չեն ունենա անհրաժեշտ մատչելիությունը և արդյունավետությունը (տե՛ս Վուչկովիչը և այլք ընդդեմ Սերբիայի [Vučković and Others v. Serbia] [GC] [ՄՊ] (նախնական առարկություն), թիվ 17135/11 և մյուս 29-ը, § 70, 2014 թվականի մարտի 25):

126. Կանոնը հիմնված է այն ենթադրության վրա, որն արտացոլված է Կոնվենցիայի 13-րդ հոդվածում, և որի հետ այն սերտ կապված է, և այն ենթադրության վրա, որ գոյություն ունի իրավական պաշտպանության արդյունավետ միջոց՝ Կոնվենցիայի համաձայն «վիճարկելի բողոքն» ըստ էության քննարկելու և պատշաճ լուծում տալու համար: Ընդ որում, սկզբունքի կարևոր հայեցակետ է համարվում այն, որ Կոնվենցիայով սահմանված իրավական պաշտպանության մեխանիզմը գործում է որպես մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգերի լրացում (տե՛ս Կուդլան ընդդեմ Լեհաստանի [ՄՊ] [Kudła v. Poland] [GC], թիվ 30210/96, § 152, ՄԻԵԴ 2000 XI, և Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության [Handyside v. the United Kingdom], 1976 թվականի դեկտեմբերի 7, § 48, Շարք Ա թիվ 24)։

127. Իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասին պնդող Կառավարության պարտավորությունն է ապացուցել Դատարանին, որ իրավական պաշտպանության միջոցը եղել է արդյունավետ, ինչպես նաև համապատասխան պահին հասանելի և՛ տեսականորեն, և՛ գործնականում։ Այն դեպքում, երբ ապացուցման այս բեռը կատարված է, դիմումատուի վրա է դրվում այն փաստը հաստատելու պարտականությունը, որ Կառավարության կողմից առաջարկվող իրավական պաշտպանության միջոցը, ըստ էության, սպառված է եղել կամ որոշ պատճառներով գործի կոնկրետ հանգամանքներում եղել է ոչ պատշաճ և անարդյունավետ, կամ որ գոյություն են ունեցել հատուկ հանգամանքներ, որոնք նրան ազատել են սույն պահանջի կատարումից (տե՛ս վերևում հիշատակված՝Վուչկովիչի և այլոց գործը, § 77):

128. Պայմանավորվող պետությունների՝ 13-րդ հոդվածով սահմանված պարտավորությունների շրջանակը տարբերվում է՝ դիմումատուի բողոքի բնույթով պայմանավորված. 13-րդ հոդվածի իմաստով «իրավական պաշտպանության միջոցի» «արդյունավետությունը» կախված չէ դիմումատուի համար նպաստավոր ելքի որոշակիությունից։ Միևնույն ժամանակ 13-րդ հոդվածով պահանջվող իրավական պաշտպանության միջոցը պետք է «արդյունավետ» լինի ինչպես գործնականում, այնպես էլ օրենսդրության մեջ` թե՛ ենթադրյալ խախտումը կամ դրա շարունակությունը կանխելու, թե՛ արդեն տեղի ունեցած որևէ խախտման դիմաց պատշաճ հատուցում տրամադրելու իմաստով (տե՛ս վերևում հիշատակված՝ Կուդլայի գործը, §§ 157-58, և Վասերմանն ընդդեմ Ռուսաստանի [Wasserman v. Russia] (թիվ 2), թիվ 21071/05, § 45, 2008 թվականի ապրիլի 10)։

129. Ինչ վերաբերում է խոշտանգումներից ու անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից պաշտպանված լինելու հիմնարար իրավունքին, ապա կանխարգելիչ և փոխհատուցման միջոցները պետք է լինեն միմյանց փոխլրացնող՝ արդյունավետ համարվելու համար: Իրավական պաշտպանության կանխարգելիչ միջոցի առկայությունը պարտադիր է անձանց՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելվող վերաբերմունքից արդյունավետ պաշտպանության համար: Իսկապես, Դատարանի կարծիքով՝ Կոնվենցիայով այդ դրույթին տրվող առանձնահատուկ նշանակությունը պահանջում է, որ Կողմ պետությունները բացի փոխհատուցման միջոցից ստեղծեն արդյունավետ մեխանիզմ՝ ցանկացած նման վերաբերմունքին արագ վերջ դնելու համար: Հակառակ դեպքում հետագա փոխհատուցման հեռանկարը կարող է լեգիտիմացնել առանձնապես ծանր տառապանքները՝ խախտելով Կոնվենցիայի սույն հիմնարար դրույթը (տե՛ս վերևում հիշատակված՝ Անանևի և այլոց գործը, § 98):

Սույն համատեքստում Դատարանը վերահաստատում է, որ այն անձի համար, որը պահվում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջների հետ անհամատեղելի պայմաններում, շարունակական խախտումներն արագորեն վերջ տվող իրավական պաշտպանության միջոցը մեծագույն արժեք է և, իսկապես, անփոխարինելի՝ հաշվի առնելով այդ հոդվածով նախատեսված իրավունքին տրվող հատուկ նշանակությունը։ Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ վիճարկվող իրավիճակն ավարտվել է, քանի որ անձն ազատ է արձակվել, կամ նրան այնպիսի պայմաններում են պահել, որոնք համապատասխանում են 3-րդ հոդվածի պահանջներին, նա պետք է ունենա արդեն իսկ տեղի ունեցած ցանկացած խախտման համար հայցի ուժով օժտված փոխհատուցման իրավունք (տե՛ս՝ Նեշկովը և այլք ընդդեմ Բուլղարիայի [Neshkov and Others v. Bulgaria], թիվ 36925/10 և մյուս 5-ը, § 181, 2015 թվականի հունվարի 27):

ii) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ

130. Սույն գործով, ըստ Կառավարության, դիմումատուն իր տրամադրության տակ ունեցել է իրավական պաշտպանության ներպետական արդյունավետ միջոց, այն է՝ նա հնարավորություն է ունեցել բողոք ներկայացնել Օրենքի 13-րդ հոդվածի համաձայն (տե՛ս վերևում՝ 113-րդ պարբերությունը):

131. Դատարանը նկատում է, որ համաձայն վերոնշյալ դրույթի՝ կալանավորված անձն իրավունք ունի իր իրավունքների խախտման վերաբերյալ բողոքներ ներկայացնելու քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, նրա վերադասներին, դատարան, դատախազություն, Մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին և կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին (տե՛ս վերևում՝ 94-րդ պարբերությունը): Թեև այս դրույթով թվարկվում են բազմաթիվ գերատեսչություններ և մարմիններ, որոնց կալանավորված անձն ունի բողոքներ ներկայացնելու իրավունք, այնուամենայնիվ, Կառավարությունը հատկապես պնդել է, որ դիմումատուն չի դիմել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, դատախազին և դատարան (տե՛ս վերևում՝ 113-րդ պարբերությունը):

132. Դատարանը նշում է, որ կալանքի ոչ պատշաճ պայմանների վերաբերյալ մի քանի գործերով արդեն ուսումնասիրել է Կառավարության կողմից առաջարկված իրավական պաշտպանության միջոցի արդյունավետությունը և գտել է, որ այն անարդյունավետ է: Դատարանը մասնավորապես գտել է, որ Կառավարությունը չի հստակեցրել, թե Օրենքի 13-րդ հոդվածում նշված բազմաթիվ մարմիններից որոնց պետք է դիմեին դիմումատուները (տե՛ս վերևում՝ 94-րդ պարբերությունը), և ինչ կոնկրետ միջոցներ կարող էին ձեռնարկվել այդ մարմինների կողմից՝ դիմումատուների բողոքների համար հատուցում տրամադրելու համար՝ հաշվի առնելով այն, որ բարձրացված հարցերը կառուցվածքային բնույթի էին (տե՛ս Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի [Kirakosyan v. Armenia], թիվ 31237/03, §§ 57-58, 2008 թվականի դեկտեմբերի 2, Մխիթարյանն ընդդեմ Հայաստանի [Mkhitaryan v. Armenia], թիվ 22390/05, § 43, 2008 թվականի դեկտեմբերի 2, և Գասպարին ընդդեմ Հայաստանի [Gaspari v. Armenia], թիվ 44769/08, § 46, 2018 թվականի սեպտեմբերի 20): Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ սույն գործով դիմումատուի կողմից բարձրացված հարցերը կառուցվածքային բնույթ չեն կրում և վերաբերում են նրա անձնական իրավիճակին, Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել նույն պաշտպանության ներպետական միջոցի արդյունավետությունը՝ կապված դիմումատուի՝ բժշկական օգնության որակին և հատուկ օգնություն պահանջող անձանց կալանքի պայմաններին վերաբերող բողոքների հետ։

1) Բողոքի ներկայացումը քրեակատարողական հիմնարկի վարչակազմին

133. Օրենքի 13-րդ հոդվածը սահմանում է կալանավորված անձանց՝ իրենց իրավունքների խախտման առնչությամբ քրեակատարողական հիմնարկի վարչակազմ բողոք ներկայացնելու իրավունքը (տե՛ս վերևում՝ 94-րդ պարբերությունը)։ Ավելին, Դատարանը նկատում է, որ քրեակատարողական հիմնարկների համար պատասխանատու մարմինները առաջնային պատասխանատվություն են կրում կալանքի պատշաճ պայմանների, այդ թվում՝ կալանավորված անձանց տրամադրվող պատշաճ բժշկական օգնության համար։ Սրանից հետևում է, որ ծանր հիվանդություն ունեցող կալանավորված անձանց համար ոչ պատշաճ բժշկական օգնության և պահանջվող օգնության բացակայության մասին բողոքներն անպայմանորեն կասկածի տակ կդնեն այն հարցը, թե ինչպես է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կատարել կալանավորված անձանց համար պատշաճ առողջապահական խնամք ապահովելու իր պարտականությունը (տե՛ս վերևում հիշատակված՝ Ռեշետնյակն ընդդեմ Ռուսաստանի [Reshetnyak v. Russia], թիվ 56027/10, § 62, 2013 թվականի հունվարի 8, և վերևում հիշատակված՝ Գորբուլյայի գործը, § 56):

134. Ըստ այդմ, Դատարանը համարում է, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջները բավարարելու համար չէր ունենա բավականաչափ անկախ դիրքորոշում (տե՛ս Սիլվերը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [Silver and Others v. the United Kingdom], 1983 թվականի մարտի 25, § 113, Շարք Ա թիվ 61). կալանքի պայմանների կամ կալանավորված անձի բժշկական օգնության հետ կապված բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս, որոնց համար պատասխանատու էին իրենք, նրանք փաստորեն դատավորներ կլինեին իրենց գործով (տե՛ս վերևում հիշատակված՝Ռեշետնյակի, § 62, Գորբուլյայի, § 56, և Անանևի և այլոց, § 101, գործերը)։

2) Բողոքի ներկայացումը դատախազին

135. Կառավարությունը չի հստակեցրել փոխհատուցման տեսակը, որը դիմումատուն կարող էր ստանալ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն իր իրավունքների ենթադրյալ խախտման առնչությամբ դատախազին բողոք ներկայացնելով։

136. Այնուամենայնիվ, Դատարանը նկատում է, որ ներպետական իրավական համակարգում դատախազն իրավասու է հսկողություն իրականացնելու նախնական քննության օրինականության և քրեական պատժամիջոցներ կիրառելու նկատմամբ (տե՛ս վերևում՝ 97-րդ և 100-րդ պարբերությունները):

137. Ինչ վերաբերում է նախնական քննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելուն, ապա դատախազն իրավասու է վերացնելու քրեական վարույթ իրականացնող մարմնի անօրինական կամ անհիմն որոշումները և որոշում կայացնելու վերջինիս որոշումների և գործողությունների դեմ բերված բողոքների վերաբերյալ (տե՛ս վերևում՝ 98-րդ պարբերությունը)։ Այնուամենայնիվ, այս դեպքում, երբ ծանր հիվանդություն ունեցող կալանավորված անձին տրամադրվող բժշկական օգնության և աջակցության որակի վերաբերյալ բողոքները վերաբերում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործողություններին կամ անգործությանը, այլ ոչ թե քրեական վարույթ իրականացնող մարմնի կոնկրետ որոշմանը կամ գործողությանը (գործողության կամ անգործության), ապա որևէ հիմք չկա ենթադրելու, որ դատախազին ներկայացված բողոքը կհամարվի նման բողոքների մասով պաշտպանության արդյունավետ միջոց։

138. Քանի որ դատախազն ունի նաև կիրառելի օրենսդրական կարգավորումներին քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից համապատասխանությունը վերահսկելու լիազորություն, ուստի Դատարանը նշում է, որ «Դատախազության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ դատախազի իրավասությունը սահմանափակվում է միայն պաշտոնատար անձանց կողմից բացատրություններ պահանջելով (տե՛ս վերևում՝ 100-րդ պարբերությունը)։

139. Այս համատեքստում Դատարանը վերահաստատում է, որ վերադասության կարգով բերվող բողոքը, որն այն ներկայացնող անձին չի տալիս Պետության կողմից իր վերահսկողական լիազորությունների իրացման անձնական իրավունք, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի նպատակներով չի կարող համարվել պաշտպանության արդյունավետ միջոց (տե՛ս Հորվաթն ընդդեմ Խորվաթիայի [Horvat v. Croatia], թիվ 51585/99, § 47, ՄԻԵԴ 2001 VIII).

140. Թեև Դատարանն ընդունում է այն պնդումը, որ կալանավորված անձինք կարող են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի դեմ ուղղված բողոքներ ներկայացնել դատախազին, Դատարանը նշում է, որ ամեն դեպքում դատախազի համար սահմանված որևէ իրավական պահանջ չկա՝ լսելու բողոքաբերին կամ ապահովելու նրա արդյունավետ մասնակցությունը բողոքի քննությանը, որն ամբողջությամբ լինելու է հսկող դատախազի և հսկվող մարմնի, այսինքն՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջև առկա հարց։ Ամեն դեպքում դատախազը նման բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու մասով ներպետական օրենսդրությամբ նախատեսված որևէ իրավական պարտավորություն չունի (տե՛ս վերևում՝ 100-րդ պարբերությունը)։ Բացի այդ, բողոքաբերը չէր լինելու որևէ վարույթի կողմ և իրավասու էր լինելու տեղեկություններ ստանալ միայն այն մասին, թե ինչպես է վերահսկող մարմինը զբաղվում բողոքի քննությամբ։ Քանի որ դատախազին ներկայացված բողոքն այն ներկայացնող անձին չի տալիս Պետության կողմից իր վերահսկողական լիազորություններն իրականացնելու անձնական իրավունք, ուստի այն չի կարող համարվել արդյունավետ միջոց (տե՛ս վերևում հիշատակված՝ Ռեշետնյակի գործը, § 64):

3) Բողոքի ներկայացումը դատարան

141. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն իր բողոքների մասով պատշաճ դատական բողոք չի ներկայացրել (տե՛ս վերևում՝ 113-րդ պարբերությունները):

142. Դատարանը նկատում է, որ ինչպես վերևում հիշատակված՝ Հայաստանի դեմ մյուս գործերում (տե՛ս վերևում՝ 132-րդ պարբերությունը), սույն գործում Կառավարությունը չի նշել, թե որ դատական մարմինն էր իրավասու քննելու կալանքի տակ գտնվելու ընթացքում պատշաճ բժշկական օգնության և աջակցության բացակայության մասով բողոքները, և որ ամենակարևորն է, ինչպիսի հատուցում կարող էր տրամադրվել։ Ավելին, նույնիսկ պարզ չէ, թե ըստ Կառավարության՝ արդյոք դիմումատուն պետք է բողոք ներկայացներ այլ դատարան, քան այն դատարանը, որն իր կալանքի վերաբերյալ որոշում կայացնող դատարանն է, թե պետք է առանձին բողոք ներկայացներ նույն դատարան։

143. Դատարանը նշում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝ քրեական դատավարության այն մասնակիցները, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են, ունեն նախնական քննություն և քրեական հետապնդում իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողութունների դեմ դատարան բողոքներ ներկայացնելու իրավունք (տե՛ս վերևում՝ 99-րդ պարբերությունը): Դատարանը նկատում է, որ Կառավարությունը, այնուամենայնիվ, ներպետական նախադեպային իրավունքից որևէ օրինակ չի ներկայացրել՝ ցույց տալու, որ կալանավորված անձը կարողացել է պաշտպանել իր իրավունքները՝ դիմելով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից գործողությունների կամ անգործությունների համատեքստում իրավական պաշտպանության այս միջոցին՝ կապված հատուկ օգնության կարիք ունեցող կալանավորների առողջության պահպանման և կալանքի պայմանների հետ։ Հետևաբար Դատարանը չի կարող եզրակացնել, որ պաշտպանության այս միջոցի արդյունավետությունն ապացուցված է։

4) Ոչ նյութական վնասի փոխհատուցման մասին պահանջը

144. Ի վերջո, Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն կարող էր ոչ նյութական վնասի համար Պետությունից փոխհատուցում պահանջել։ Դատարանն այս կապակցությամբ նկատում է, որ 2014 թվականի նոյեմբերի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններից հետո Քաղաքացիական օրենսգիրքը Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների, այդ թվում՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով պաշտպանված իրավունքների խախտման համար ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու հնարավորություն է տալիս (տե՛ս վերևում՝ 103-րդ, 104-րդ և 106-րդ պարբերությունները):

145. Դատարանը նշում է, որ Քաղաքացիական օրենսգրքում նոր ներդրված 162.1 հոդվածով նշվում է, որ անձը կարող է Պետությունից պահանջել ոչ նյութական վնասի փոխհատուցում, եթե քրեական հետապնդումն իրականացնող մարմինը կամ դատարանը հաստատել են, որ տեղի է ունեցել խախտում (տե՛ս վերևում՝ 103-րդ պարբերությունը), իսկ նույն Օրենսգրքում նոր ներդրված 1087.2 հոդվածը (տե՛ս վերևում՝ 104-րդ պարբերությունը), որով սահմանում է համապատասխան ընթացակարգը, նախատեսում է, որ ոչ նյութական վնասի դիմաց փոխհատուցում ստանալու պահանջը կարող է ներկայացվել դատարան Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտումը հաստատելու պահանջի հետ միասին: Այնուամենայնիվ, Կառավարությունը չի ներկայացրել գործերի օրինակներ, որոնցով դատարանը միաժամանակ քննարկել է և՛ անձի՝ կոնվենցիոն իրավունքի խախտման, և՛ ոչ նյութական վնասի փոխհատուցման հարցը, իսկ ներկայիս պրակտիկան դեռևս շարունակում է մնալ այն, որ փոխահատուցումը պայմանավորված է քրեական հետապնդումն իրականացնող մարմնի կամ դատարանի կողմից անձի իրավունքների խախտման նախնական հաստատմամբ։ Ամեն դեպքում, ինչպես նշվել է վերևում, սույն գործով չի ապացուցվել, որ գոյություն ունի դատարան բողոքներ ներկայացնելու հստակ ընթացակարգ՝ կապված հատուկ աջակցության կարիք ունեցող կալանավորներին տրամադրվող ոչ պատշաճ բժշկական օգնության և նրանց կալանքի պայմանների հետ (տե՛ս վերևում՝ 142-րդ և 143-րդ պարբերությունները)։ Հետևաբար պարզ չէ, թե որ դատական մարմինն էր իրավասու հաստատելու կալանքի տակ գտնվելու ընթացքում պատշաճ բժշկական օգնության և աջակցության բացակայության մասով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումը և քննելու այդ խախտումից բխող ոչ նյութական վնասի դիմաց փոխհատուցման պահանջը։ Հետևաբար Դատարանը գտնում է, որ պաշտպանություն սույն միջոցը չէր կարող հաջողության ողջամիտ հեռանկարներ առաջարկել դիմումատուի համար: Այս եզրակացությունը հիմնավորվում է նաև այն փաստով, որ Կառավարությունը չի ներկայացրել ներպետական նախադեպային իրավունքի օրինակ, որով ոչ նյութական վնասի փոխհատուցում է տրվել՝ կապված ծանր հիվանդություն ունեցող կալանավորներին պատշաճ բուժօգնության և խնամքի որակի բացակայության վերաբերյալ բողոքների հետ։

146. Ամեն դեպքում, ինչպես նշվել է վերևում, միայն փոխհատուցման միջոցի առկայությունը բավարար չէր լինի՝ հաշվի առնելով այն, որ դիմումատուն իր գանգատը ներկայացնելիս դեռևս կալանքի տակ է գտնվել (տե՛ս վերևում՝ 129-րդ պարբերությունը):

5) Եզրակացությունը

147. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը եզրակացնում է, որ Կառավարության կողմից ներկայացված իրավական ճանապարհներից ոչ մեկը պաշտպանության արդյունավետ միջոց չէ, որը կարող էր օգտագործվել՝ ենթադրյալ խախտումները կամ նրանց շարունակությունը կանխելու և դիմումատուին Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն իր բողոքների համար պատշաճ և բավարար փոխհատուցում տրամադրելու համար:

148. Համապատասխանաբար Դատարանը գտնում է, որ դիմումատուն իր տրամադրության տակ չի ունեցել իր բողոքների համար արդյունավետ պաշտպանության ներպետական միջոց, ինչով խախտվել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածը, և մերժում է Կառավարության՝ պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասին առարկությունը։

բ) Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ենթադրյալ խախտումը

i) Ընդհանուր սկզբունքները

149. Ազատությունից զրկված անձանց ցուցաբերվելիք բժշկական օգնության համապատասխան սկզբունքներն ամփոփ ներկայացված են Բլոխինն ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] ([Blokhin v. Russia] [GC] (թիվ 47152/06, 2016 թվականի մարտի 23) գործով Դատարանի վճռի 135-137 պարբերություններում։

150. Ընդհանուր առմամբ Դատարանը բավականաչափ ճկունություն է պահպանում բժշկական օգնության անհրաժեշտ չափանիշը սահմանելու հարցում՝ որոշելով այն ըստ յուրաքանչյուր գործի։ Այդ չափանիշը պետք է լինի կալանավորված անձի՝ «մարդու արժանապատվությանը համապատասխան», սակայն պետք է նաև հաշվի առնվեն «ազատազրկման պրակտիկ պահանջները» (տե՛ս Ալեքսանյանն ընդդեմ Ռուսաստանի [Aleksanyan v. Russia], թիվ 46468/06, § 140, 2008 թվականի դեկտեմբերի 22)։

151. Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող կալանավորներին առնչվող գործերին, ապա Դատարանը համարել է, որ եթե իրավասու պետական մարմինները որոշել են հաշմանդամություն ունեցող անձին կալանքի տակ վերցնել և պահել, ապա նրանք պետք է հատուկ հոգածություն ցուցաբերեն այնպիսի պայմաններ ապահովելու համար, որոնք համապատասխանում են նրա հաշմանդամությամբ պայմանավորված հատուկ կարիքներին (տե՛ս, օրինակ, Զ.Հ.-ն ընդդեմ Հունգարիայի [Z.H. v. Hungary], թիվ 28973/11, § 29, 2012 թվականի նոյեմբերի 8, և Յասինսկիսն ընդդեմ Լատվիայի [Jasinskis v. Latvia], թիվ 45744/08, § 59, 2010 թվականի դեկտեմբերի 21)։

152. Դատարանը գտել է նաև, որ ծանր ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձին այն վիճակում դնելը, որ վերջինս պետքարանից օգտվելու, լոգանք ընդունելու և հագնվելու կամ հագուստը հանելու հարցում հույս դնի իր խցակիցների վրա, Դատարանին հանգեցրել է այն եզրակացության, որ կալանքի պայմանները հավասարազոր են նվաստացնող վերաբերմունքի (տե՛ս՝ Դ. Գ.-ն ընդդեմ Լեհաստանի [D.G. v. Poland], թիվ 45705/07, § 177, 2013 թվականի փետրվարի 12, Հելհալն ընդդեմ Ֆրանսիայի [Helhal v. France], թիվ 10401/12, § 62, 2015 թվականի փետրվարի 19, և Տոպեխինն ընդդեմ Ռուսաստանի [Topekhin v. Russia], թիվ 78774/13, § 86, 2016 թվականի մայիսի 10):

153. Ի վերջո, վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդումները պետք է հիմնավորվեն համապատասխան ապացույցներով։ Չհիմնավորված պնդումն այն մասին, որ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, ուշ է ցուցաբերվել կամ այլ կերպ եղել է ոչ գոհացուցիչ, որպես կանոն, բավարար չէ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում հայտնաբերելու համար։ Արժանահավատ բողոքը պետք է, որպես կանոն, ներառի, ի թիվս այլնի, բավարար հղում խնդրո առարկա առողջական վիճակին, այն բուժմանը, որի համար դիմել են, որը ցուցաբերվել է, կամ հրաժարվել են ցուցաբերել, և որոշ ապացույցներ, ինչպես օրինակ՝ փորձագիտական արձանագրություններ, որոնց միջոցով հնարավոր է վեր հանել դիմումատուին ցուցաբերած բժշկական օգնության գործընթացում առկա լուրջ թերացումները (տե՛ս Կրիվոլապովն ընդդեմ Ուկրաինայի [Krivolapov v. Ukraine], թիվ 5406/07, § 76, 2018 թվականի հոկտեմբերի 2, հաջորդող հղումների հետ միասին)։

ii) Այս սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ

1) Բուժումը

154. Դատարանը նշում է, որ մինչև դիմումատուին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ բերելը նա ունեցել է առողջական, մասնավորապես՝ զարկերակային խնդիրներ (տե՛ս վերևում՝ 6-րդ և 14-րդ պարբերությունները): Դատարանն այնուհետև նշում է, որ դիմումատուի՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում նրա առողջական վիճակն ակնհայտորեն վատացել է։ Մասնավորապես 2016 թվականի օգոստոսի 11-ին նյարդաբանի կողմից հետազոտվելիս դիմումատուի մոտ ախտորոշվել է ուղեղի բազմօջախ վնասվածք, անոթային էնցեֆալոպաթիա և կոորդինացիայի կոպիտ խանգարում, իսկ մասնագիտացված բժշկական հաստատությունում նրան հոսպիտալացնելն անհրաժեշտություն է համարվել (տե՛ս վերևում՝ 43-րդ պարբերությունը):

155. Դիմումատուն մի շարք մանրամասն բողոքներ է ներկայացրել՝ կապված «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում իրեն տրամադրված բուժումը կազմակերպելու թերացումների հետ։ Նա ընդհանուր առմամբ բողոքել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մասնագիտացված օգնության բացակայությունից (տե՛ս վերևում՝ 122-րդ պարբերությունը):

156. Դատարանը նկատում է, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում, որը տևել է ավելի քան տասնհինգ ամիս՝ 2015 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2017 թվականի ապրիլի 3-ը (տե՛ս վերևում՝ 14-րդ և 64-րդ պարբերությունները), դիմումատուի բժշկական օգնությունը պետք է կազմակերպվեր համապատասխան մասնագետների կողմից կատարվող այցելությունների և քաղաքացիական մասնագիտացված հիվանդանոցներում բժշկական հետազոտություններ անցնելու միջոցով։ Միևնույն ժամանակ դիմումատուին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հոսպիտալացնելուց հետո նրան որևէ մասնագիտական օգնություն չի տրամադրվել, ինչպես որ հաստատվել է Օմբուդսմենի 2016 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ (տե՛ս վերևում՝ 48-րդ պարբերությունը)։

157. Ինչ վերաբերում է հատկապես դիմումատուի այն պնդմանը, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից իր արագ և ճշգրիտ ախտորոշումն ու բուժումը չկազմակերպելը հանգեցրել է իր կյանքին սպառնացող վիճակի, ապա Դատարանը չի կարող ենթադրել, թե արդյոք, ինչպես պնդել է դիմումատուն (տե՛ս վերևում՝122-րդ պարբերությունը), 2016 թվականի մարտ ամսին ծագած արտակարգ իրավիճակը (տե՛ս վերևում՝ 33-րդ պարբերությունը) ուղղակիորեն կապված էր իրավասու պետական մարմինների կողմից դիմումատուին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու իրենց պարտականությունների չկատարման հետ, թե՝ ոչ։ Միևնույն ժամանակ Դատարանը չի կարող չնկատել դիմումատուի բժշկական հետազոտությունների կազմակերպման և անհետաձգելի բժշկական միջամտության մասին 2016 թվականի հունվարի 30-ի և փետրվարի 8-ի պահանջներին հաջորդող գործողությունների ընթացքի հետ կապված զգալի ձգձգումները (տե՛ս վերևում՝ 25-րդ և 27-րդ պարբերությունները)։ Բացի այդ, չնայած դիմումատուի առողջության կտրուկ վատթարացմանը, 2016 թվականի փետրվարի 2-ին վիրաբույժի կողմից նշանակված ստորին վերջույթների դուպլեքս հետազոտությունը (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը) կատարվել է 2016 թվականի փետրվարի 15-ին միայն (տե՛ս վերևում՝ 29-րդ պարբերությունը)։ Ավելին, դիմումատուի՝ 2016 թվականի մարտի 10-ի՝ իր բժշկի կողմից հետազոտվելու պահանջից հետո վերջինիս թույլատրվել է այցելել նրան միայն 2016 թվականի մարտի 17-ին (տե՛ս վերևում՝ 31-րդ և 32-րդ պարբերությունները), իսկ արդեն 2016 թվականի մարտի 18-ին դիմումատուի շտապ հոսպիտալացումը դարձել է անհրաժեշտություն (տե՛ս վերևում՝ 33-րդ պարբերությունը)։

158. Դատարանը նշում է, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում դիմումատուի բժշկական օգնության կազմակերպման թերությունները ճանաչվել են Օմբուդսմենի, ինչպես նաև Հասարակական դիտորդական խմբի կողմից, որոնք երկուսն էլ համարել են, որ այնտեղ դիմումատուին տրամադրվող բուժումը պատշաճ չէ, և պահանջել են դիմումատուի տեղափոխումը մասնագիտացված հիվանդանոց (տե՛ս վերևում՝ 48-րդ և 53-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, դիմումատուն քաղաքացիական հիվանդանոցում ստացիոնար բուժում ստանալու նպատակով հոսպիտալացվել է միայն 2017 թվականի փետրվարի 23-ին՝ Դատարանի կողմից միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմումատուի պահանջի հետ կապված տեղեկություններ ստանալու պահանջ ներկայացնելուց հետո (տե՛ս վերևում՝ 56-րդ, 57-րդ, 79-րդ և 80-րդ պարբերությունները):

159. Ինչպես նշվել է Կառավարության կողմից (տե՛ս վերևում՝ 123-րդ պարբերությունը), գործի նյութերում, իսկապես, կան բազմաթիվ ապացույցներ առ այն, որ դիմումատուին այցելել են մի շարք մասնագետներ, այդ թվում՝ նրան բուժող բժիշկները կամ անոթային վիրաբուժության, սրտաբանության և նյարդաբանության ոլորտների առաջատար մասնագետները, և որ տարբեր առիթներով պետական իրավասու մարմինները կազմակերպել են դիմումատուի բժշկական հետազոտությունները քաղաքացիական մասնագիտացված կլինիկաներում (տե՛ս վերևում օրինակ՝ 29-րդ, 39-րդ և 41-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, միայն այն փաստը, որ կալանավորված անձին այցելել է բժիշկ և նշանակել որոշակի բուժում, ինքնաբերաբար չի կարող հանգեցնել այն եզրակացության, որ բժշկական օգնությունը պատշաճ է եղել (տե՛ս Հումատովն ընդդեմ Ադրբեջանի [Hummatov v. Azerbaijan], թիվ 9852/03 և 13413/04, § 116, 2007 թվականի նոյեմբերի 29)։ Դատարանի կարծիքով՝ Կառավարությունն ապացույցներ չի ներկայացրել առ այն, որ իրավասու պետական մարմիններն ապահովել են, որ գործի դրվի դիմումատուի առողջական խնդիրների պատշաճ բուժմանը կամ դրանց խորացումը կանխելուն ուղղված համալիր բուժման մեխանիզմ։ Ավելին, նշանակված բժշկական հետազոտությունների՝ սահմանված ժամկետում կազմակերպման հետաձգումը (տե՛ս, օրինակ, վերևում՝ 157-րդ պարբերությունը՝ կապված դիմումատուի անհետաձգելի բժշկական հետազոտությունների կազմակերպումը հետաձգելու հետ, ինչպես նաև վերևում՝ 39-րդ և 41-րդ պարբերությունները, երբ դիմումատուի բժշկի կողմից նշանակված ՄՌՏ հետազոտությունն իրականացվել է գրեթե մեկ ամիս ուշացումով) և նշանակված դեղամիջոցներն ամբողջովին չտրամադրելու փաստն ընդունելը (տե՛ս վերևում՝ 63-րդ և 124-րդ պարբերությունները) ցույց են տալիս, որ նշանակված բուժումն իրականում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվել:

160. Այսպիսով, հաշվի առնելով դիմումատուի առողջական հատուկ կարիքների համակարգային և համապարփակ բուժման բացակայությունը, իրավասու պետական մարմինների կողմից դիմումատուի բժշկական հետազոտությունները ժամանակին չկազմակերպելը և նրան նշանակված դեղամիջոցները չտրամադրելը՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուին կալանքի տակ գտնվելու ընթացքում չի ցուցաբերվել անհրաժեշտ բժշկական օգնություն։

2) Բժշկական օգնության որակը

Ամենօրյա խնդիրների հարցում ցուցաբերվող օգնությունը

161. Դատարանը նշում է, որ դիմումատուն որևէ կոնկրետ բողոք չի ներկայացրել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելուց հետո իրեն ցուցաբերված աջակցությունը կազմակերպելու եղանակի վերաբերյալ (տե՛ս վերևում՝ 64-րդ և 122-րդ պարբերությունները):

162. Ինչ վերաբերում է դիմումատուի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխմանը նախորդող ժամանակահատվածին, ապա Դատարանը նկատում է, որ Կառավարությունը հատուկ չի վիճարկել դիմումատուի այն պնդումը, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում նա իր ամենօրյա խնդիրները կատարելիս, այդ թվում՝ անկողնուց վեր կենալիս, հագնվելիս և պետքարան գնալիս ապավինել է բացառապես խցակիցների օգնությանը (տե՛ս վերևում՝ 81-րդ և 123-րդ պարբերությունները): Թեև Կառավարությունն ընդհանուր առմամբ հայտարարել է, որ դիմումատուին օգնություն է ցուցաբերվում (տե՛ս վերևում նշված՝ 81-րդ պարբերությունը), այնուամենայնիվ, նրանք մանրամասներ չեն տրամադրել և այդ պնդումը հաստատելու համար որևէ ապացույց չեն ներկայացրել։

163. Դատարանը նշում է, որ այն փաստը, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ամբողջ ընթացքում դիմումատուի խնամքն ապահովել են նրա խցակիցները, ուղղակիորեն ընդունվել է Օմբուդսմենի կողմից՝ 2016 թվականի նոյեմբերի 10-ի որոշման մեջ (տե՛ս վերևում՝ 48-րդ պարբերությունը)։

164. Դատարանը նախկինում քննադատության է արժանացրել այն մեխանիզմները, որոնցով ֆիզիկական հաշմանդամություն ունեցող բանտարկյալին ամենօրյա հարցերում օգնություն են ցուցաբերում բանտակիցները (տե՛ս վերևում՝ 152-րդ պարբերությունը), և համարել, որ դա պետք է, որ դիմումատուին զգալի անհանգստություն պատճառած լիներ և նրան մյուս բանտարկյալների նկատմամբ ստորադաս դիրքում դներ (տե՛ս, ի թիվս շատ այլ վճիռների, Ֆարբթուհսն ընդդեմ Լատվիայի [Farbtuhs v. Latvia], թիվ 4672/02, § 60, 2004 թվականի դեկտեմբերի 2):

165. Հաշվի առնելով Դիմումատուի հատուկ աջակցություն ստանալու կարիքները՝ պայմանավորված առաջին հերթին նրա՝ ստորին վերջույթների շրջանում անոթային խնդիրների հետ կապված տեղաշարժվելու դժվարությամբ (տե՛ս վերևում՝ 58-րդ պարբերությունը)՝ Դատարանն ապշեցուցիչ է համարում այն, որ իրավասու պետական մարմինները մերժել են նույնիսկ այնպիսի տարրական պահանջը, ինչպիսին է անվասայլակով ապահովելը, որը ներկայացվել է դիմումատուի կողմից 2017 թվականի փետրվարի 9-ին (տե՛ս վերևում՝ 54-րդ պարբերությունը)։ Միայն 2018 թվականի փետրվարի 28-ին է, որ Կառավարությունն իր հետագա դիտարկումներով ներկայացրել է, որ դիմումատուին տրամադրվել է անվասայլակ մշտական հիմուքներով (տե՛ս վերևում՝ 124-րդ պարբերությումը)։

Հիգիենան

166. Դատարանը վճռել է, որ պատշաճ կահավորված և սանիտարահիգիենիկ հարմարությունների հասանելիությունն առաջնային նշանակություն ունի բանտարկված անձանց արժանապատվության զգացման հարգման տեսանկյունից (տե՛ս վերևում հիշատակված՝Անանևը և այլք ընդդեմ Ռուսաստանի գործը, § 156)։

167. Դատարանը նկատում է, որ դիմումատուն չի կարողացել ցնցուղ ընդունել՝ սկսած 2016 թվականի օգոստոսի 12-ից՝ այն օրվանից, երբ ինչպես ընդունել են իրավասու պետական մարմինները, նա վերջին անգամ ցնցուղ է ընդունել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ մինչև 2017 թվականի փետրվարի 23-ը (տե՛ս վերևում՝ 52-րդ պարբերությունը), երբ արդեն հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում (տե՛ս վերևում՝ 57-րդ պարբերությունը):

168. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն ինքն է հրաժարվել ցնցուղ ընդունելուց՝ նշելով, որ լոգանք կընդունի միայն իր կնոջ օգնությամբ (տե՛ս վերևում՝ 81-րդ և 123-րդ պարբերությունները)։ Մյուս կողմից՝ դիմումատուն նշել է, որ ի վիճակի չի եղել քայլելով գնալ դեպի նկուղային հարկ, որտեղ գտնվում էին ցնցուղ ընդունելու համար նախատեսված սենյակները (տե՛ս վերևում՝ 82-րդ պարբերությունը)։

169. Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի տրամադրել իրենց փաստարկները հիմնավորելու համար որևէ արձանագրված փաստ կամ այլ ապացույց։ Հետևաբար Դատարանը գտնում է, որ զարմանալիորեն երկար ժամանակահատվածը, որի ընթացքում դիմումատուն զրկված է եղել ցնցուղ ընդունելու հնարավորությունից, պայմանավորված է եղել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի անձնակազմի կողմից անձնական հիգիենայի պահպանման հարցում նրան պատշաճ օգնություն չցուցաբերելով։

Բացօթյա զբոսանքը (մարմնամարզությունը)

170. Կառավարությունը չի վիճարկել դիմումատուի այն փաստարկը, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նա տեղաշարժվելու դժվարության պատճառով ամիսներ շարունակ զրկված է եղել բացօթյա զբոսանքի հնարավորությունից։

171. Դատարանը վերահաստատում է, որ կալանքի պայմանները գնահատելիս հատուկ ուշադրություն պետք է դարձնել բացօթյա զբոսանքներին և դրա պայմանների առկայությանն ու տևողությանը։ Անանևը և այլք գործում (վերևում հիշատակված՝ §§ 150-152) Դատարանը նշել է ԽԿԿ-ի համապատասխան չափորոշիչները, որոնց համաձայն՝ բոլոր բանտարկյալներին, առանց բացառության, պետք է տրվի ամենօրյա առնվազն մեկ ժամ տևողությամբ բացօթյա զբոսանքի հնարավորություն, որը գերադասելի է, որ կազմակերպվի որպես խցից դուրս կատարվող գործողությունների ավելի լայն ծրագրի մաս՝ նկատի ունենալով, որ բացօթյա մարմնամարզության համար նախատեսված հարմարությունները պետք է լինեն ողջամտորեն ընդարձակ և հնարավորության դեպքում պաշտպանեն եղանակային անբարենպաստ պայմաններից:

172. Դատարանը նկատում է, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում բացօթյա զբոսանքը, ըստ ԽԿԿ-ի, կազմակերպվում է շենքի տանիքի փոքր բակերում (տե՛ս վերևում՝ 107-րդ պարբերությունը)։ Հետևաբար դիմումատուն ակնհայտորեն չէր կարողանա հասնել բացօթյա զբոսանքի հարմարություններին՝ առանց համապատասխան օգնություն ստանալու։

3) Եզրակացությունը

173. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմումատուին չի ցուցաբերվել պատշաճ բուժում, որը պահանջում էր վերջինիս առողջական վիճակը։ Ավելին, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվելու ընթացքում ամենօրյա խնդիրների կատարման և անձնական հիգիենայի պահպանման հարցում դիմումատուին չի տրամադրվել անհրաժեշտ օգնություն, ինչպես նաև բացօթյա զբոսանքների համապատասխան հնարավորություն։ Դատարանի կարծիքով՝ այդ գործոնների միավորումը հանգեցրել է նրան, որ դիմումատուն ենթարկվել է երկարատև հոգեկան և ֆիզիկական տառապանքի, ինչը գերազանցել է տառապանքի այն անխուսափելի մակարդակը, որը սովորաբար բնորոշ է կալանքին:

174. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

175. Դիմումատուն բողոքել է, որ ներպետական դատարաններն իր կալանքի համար չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի վրա, որով, այնքանով, որքանով վերաբերելի է, սահմանվում է հետևյալը.

«3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք … ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ դատաքննության ընթացքում ազատ արձակվելու իրավունք։ Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»։

Ա. Ընդունելիությունը

176. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները և չի պահպանել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով պահանջվող վեցամսյա ժամկետը։ Նախ և առաջ նրանք պնդել են, որ դիմումատուն 2015 թվականի դեկտեմբերի 21-ի կալանքի որոշումը (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը) չի վիճարկել Վճռաբեկ դատարանում։ Երկրորդ, նա չի կարողացել ժամանակին վճռաբեկ բողոք բերել 2016 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ, որով նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամիս ժամկետով (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը)։ Այնուհետև Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի շարունակական կալանքի վերաբերյալ բողոքների առնչությամբ վեցամսյա ժամկետը պետք է հաշվվի Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի հունվարի 22-ի և մարտի 12-ի որոշումների կայացման պահից (տե՛ս վերևում՝ 16-րդ և 19-րդ պարբերությունները), եթե դիմումատուն համարում էր, որ վճռաբեկ բողոք ներկայացնելը պաշտպանության արդյունավետ միջոց չէ։ Քանի որ դիմումատուն Դատարան է դիմել 2016 թվականի սեպտեմբերի 16-ին միայն, նա չի պահպանել վեցամսյա ժամկետը։

177. Դիմումատուն նշել է, որ Վճռաբեկ դատարան բողոք ներկայացելը պաշտպանության արդյունավետ միջոց չի եղել, և որ ինքը պահպանել է վեցամսյա ժամկետը, քանի որ իր բողոքը ներկայացրել է դեռևս մինչդատական կալանքի տակ գտնվելու ընթացքում։

178. Դիմումատուի կողմից Վճռաբեկ դատարան վճռաբեկ բողոք չներկայացնելու հետ կապված Կառավարության փաստարկի առնչությամբ Դատարանը նշում է, որ այն արդեն քննության է առել և մերժել իրավական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ նմանատիպ առարկություն Հայաստանի դեմ հարուցված այլ գործերով (տե՛ս Արզումանյանն ընդդեմ Հայաստանի [Arzumanyan v. Armenia], թիվ 25935/08, §§ 28-32, 2018 թվականի հունվարի 11, Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի [Jhangiryan v. Armenia], թիվ 44841/08 և 63701/09, § 76, 2020 թվականի հոկտեմբերի 8, և Սմբատ Այվազյանն ընդդեմ Հայաստանի [Smbat Ayvazyan v. Armenia], թիվ 49021/08, § 78, 2020 թվականի հոկտեմբերի 8)։ Հաշվի առնելով, որ Կառավարությունը որևէ նոր փաստարկ առաջ չի քաշել՝ Դատարանը սույն գործում չի տեսնում իր կողմից ավելի վաղ արված եզրակացություններից շեղվելու պատճառներ։ Հետևաբար այն մերժում է [ներպետական իրավական պաշտպանության միջոցները] չսպառելու մասով Կառավարության առարկությունը։

179. Ինչ վերաբերում է դիմումատուի կողմից վեցամսյա ժամկետը չպահպանելու մասով Կառավարության առարկությանը, ապա Դատարանը վերահաստատում է, որ ինչ վերաբերում է մինչդատական կալանքին, ապա այն սկսվում է մեղադրյալին կալանքի տակ վերցնելու օրվանից և ավարտվում է, երբ վերջինս ազատ է արձակվում և (կամ) որոշում է կայացվում մեղադրանքի հիմնավորվածության վերաբերյալ, նույնիսկ եթե դա արվում է միայն առաջին ատյանի դատարանի կողմից (տե՛ս, ի թիվս այլ գործերի, Սելահաթթին Դեմիրտաշն ընդդեմ Թուրքիայի [Selahattin Demirtaş v. Turkey] (թիվ 2) [ՄՊ] [GC], թիվ 14305/17, § 290, 2020 թվականի դեկտեմբերի 22)։ Դատարանը նշում է, որ դիմումատուի մինչդատական կալանքը սկսվել է 2015 թվականի դեկտեմբերի 21-ից (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը) և ավարտվել 2018 թվականի հունիսի 25-ին (տե՛ս վերևում՝ 91-րդ պարբերությունը), մինչդեռ դիմումատուն իր գանգատը ներկայացրել է 2016 թվականի սեպտեմբերի 16-ին։ Հետևաբար Դատարանը գտնում է, որ դիմումատուն պահպանել է վեցամսյա կանոնը՝ կապված իրեն նախնական կալանքի տակ պահելու ամբողջ ժամանակահատվածին վերաբերող բողոքների հետ։ Հետևաբար այս առնչությամբ Կառավարության առարկությունները նույնպես պետք է մերժվեն։

180. Դատարանը նշում է, որ սույն բողոքը ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:

Բ. Ըստ էության քննությունը

181. Դիմումատուն պնդել է, որ ներպետական դատարաններն իրեն կալանավորելու և կալանավորման ժամկետը երկարացնելու մասին որոշում կայացնելիս չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ՝ խախտելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը։

182. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի կալանքի համար դատարանները ներկայացրել են հիմնավոր և բավարար պատճառներ, ինչպես օրինակ՝ թաքնվելու կամ վարույթին խոչընդոտելու ռիսկը:

183. Դատարանը հղում է կատարում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ դատաքննության ընթացքում ազատ արձակվելու իրավունքին առնչվող ընդհանուր սկզբունքներին (տե՛ս Բուզաջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [ՄՊ] [Buzadji v. the Republic of Moldova [GC]], թիվ 23755/07, §§ 92-102, 2016 թվականի հուլիսի 5, Արա Հարությանն ընդդեմ Հայաստանի [Ara Harutyunyan v Armenia], թիվ 629/11, §§ 48-53, 2016 թվականի հոկտեմբերի 20) և նշում է, որ արդեն իսկ եզրահանգել է, որ կալանք նշանակելիս և դրա ժամկետը երկարաձգելիս կարծրատիպային ձևակերպումների օգտագործումը հաճախ հանդիպող խնդիր է Հայաստանում (տե՛ս, ի թիվս այլ օրինակների, Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի [Piruzyan v. Armenia], թիվ 33376/07, §§ 97-100, 2012 թվականի հունիսի 26, Մալխասյանն ընդդեմ Հայաստանի [Malkhasyan v. Armenia], թիվ 6729/07, §§ 74-77, 2012 թվականի հունիսի 26, Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի [Sefilyan v. Armenia], թիվ 22491/08, §§ 88-93, 2012 թվականի հոկտեմբերի 2, և վերևում հիշատակված՝ Արա Հարությունյանի գործը, §§ 54-59):

184. Սույն գործով ներպետական դատարանները նույն կերպ դիմումատուի շարունակական կալանքը հիմնավորել են՝ միայն հղում կատարելով ներպետական օրենսդրության համապատասխան սկզբունքներին և վերագրվող հանցանքի ծանրությանը (տես վերևում՝ 13-րդ, 18-րդ և 21-րդ պարբերությունները)՝ առանց ներկայացնելու դիմումատուի վերաբերյալ և նրա գործի մասով հատուկ հանգամանքները կամ տրամադրելու մանրամասներ առ այն, թե ինչպես են հիմնավորվել կամ հիմնավորվում թաքնվելու և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հաստատված ռիսկերը։

185. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 34-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

186. Դիմումատուն բողոքել է առ այն, որ իրավասու պետական մարմինների՝ Դատարանում իր ներկայացուցիչների հետ առանձին հանդիպումներ չթույլատրելը խախտել է անհատական դիմում ներկայացնելու իր իրավունքը։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 34-րդ հոդվածի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.

«Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից, հասարակական կազմակերպությունից կամ անձանց խմբից, որոնք պնդում են, թե դարձել են սույն Կոնվենցիայով կամ նրան կից արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների՝ որևէ Բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ: Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը»:

187. Ավելին, 2018 թվականի հունվարի 10-ի գրության մեջ դիմումատուն պնդել է, որ Կառավարությունը չի կատարել Դատարանի կողմից Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն 2017 թվականի նոյեմբերի 9-ին նշանակված միջանկյալ միջոցը (տե՛ս վերևում՝ 85-րդ և 87-րդ պարբերությունները)։

188. Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն՝

«1. Պալատը կամ անհրաժեշտության դեպքում՝ Բաժանմունքի նախագահը կամ սույն կանոնի 4-րդ կետի համաձայն նշանակված հերթապահ դատավորը կողմի կամ որևէ այլ շահագրգիռ անձի խնդրանքով կամ սեփական նախաձեռնությամբ կարող է կողմերի համար նշանակել որևէ միջանկյալ միջոց, որը նա համարում է, որ պետք է ընդունվի՝ ելնելով կողմերի կամ վարույթը պատշաճ իրականացնելու շահերից։

2. Անհրաժեշտության դեպքում Նախարարների կոմիտեին անհապաղ ծանուցվում է կոնկրետ գործով նշանակված միջոցի մասին։

3. Պալատը կամ անհրաժեշտության դեպքում՝ Բաժանմունքի նախագահը կամ սույն կանոնի 4-րդ կետի համաձայն նշանակված հերթապահ դատավորը կարող է կողմերից տեղեկություններ պահանջել նշված միջանկյալ միջոցի իրականացման հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ։

4. Դատարանի նախագահը կարող է նշանակել Բաժանմունքների փոխնախագահներին որպես հերթապահ դատավորներ՝ քննելու միջանկյալ միջոցներ կիրառելու մասին պահանջները»։

Ա. Կողմերի փաստարկները

189. Դիմումատուն նշել է, որ միայն 2017 թվականի օգոստոսի 16-ին՝ Վարչական շրջանների դատարանի՝ նույն օրը կայացրած որոշումից հետո է (որով բավարարվել էր այդ նպատակով ներկայացված պահանջը) ինքը կարողացել առանձին հանդիպում ունենալ իր ներկայացուցիչներից մեկի՝ տիկին Մարալյանի հետ: Վարչական շրջանների դատարանի կողմից մատնանշված այն ընթացակարգը, որով նա պետք է հետաքննության մարմին, քրեակատարողական հիմնարկի վարչակազմին և այնուհետև դատախազին բողոք ներկայացներ Դատարանում իր ներկայացուցչի հետ առանձին հանդիպում ունենալու արգելքի վերաբերյալ, անարդյունավետ էր՝ հաշվի առնելով իր պահանջի անհետաձգելի բնույթը։

190. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները 34-րդ հոդվածի ներքո ներկայացրած իր բողոքի մասով։ Մասնավորապես նա դատախազին և դատարան չի բողոքարկել տկն Մարալյանի հետ առանձին տեսակցություն ունենալու խնդրանքը մերժելու ԱԱԾ-ի որոշումը։ Եթե դիմումատուն պահպաներ քննիչի որոշումը դատախազին, իսկ այնուհետև դատարան բողոքարկելու ճիշտ ընթացակարգը, ապա նա կարող էր հասնել իր կողմից ակնկալվող արդյունքին։ Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի ներկայացուցիչների հետ առանձին տեսակցություն չթույլատրելը համահունչ է եղել Օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին։ Ամեն դեպքում դիմումատուին թույլատրվել է 2016 թվականի օգոստոսի 31-ին ոչ առանձին հանդիպում ունենալ տկն Մարալյանի հետ, և նա, առանց որևէ խոչընդոտի, մի քանի տեսակցություն է ունեցել իր մյուս ներկայացուցիչների հետ։

Ինչ վերաբերում է տկն Մոսկալենկոյին դիմումատուի հետ առանձին տեսակցություն ունենալ չթույլատրելուն, ապա Կառավարությունը նշել է, որ նա փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել առ այն, որ ինքը եղել է Դատարանում դիմումատուի ներկայացուցիչը և որ ունեցել է Հայաստանում գործունեություն ծավալելու արտոնագիր։ Բացի այդ, ոչ թե քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, այլ քննչական մարմինն էր իրավասու տրամադրել համապատասխան թույլտվությունը։

Բ. Դատարանի գնահատականը

1. Ընդհանուր սկզբունքները

191. Դատարանը վերահաստատում է, որ համաձայն Կոնվենցիայի 34-րդ հոդվածի՝ Պայմանավորվող պետությունները պարտավորվում են զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ անգործությունից, որը կարող է խոչընդոտել անհատական դիմում ներկայացնելու իրավունքի իրացմանը, և դա հետևողական կերպով վերահաստատվել է որպես Կոնվենցիոն համակարգի հիմնաքար (Մամաթկուլովը և Ասկարովն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], [Mamatkulov and Askarov v. Turkey] [GC], թիվ 46827/99 և 46951/99, § 102, ՄԻԵԴ 2005 I)։

192. Թեև 34-րդ հոդվածի հիմնական նպատակն անձին պետական մարմինների կամայական միջամտությունից պաշտպանելն է, այնուամենայնիվ, այն պարզապես չի պարտադրում Պետություններին ձեռնպահ մնալ նման միջամտությունից: Բացի զերծ մնալու սույն հիմնական պարտավորությունից՝ գոյություն ունեն 34-րդ հոդվածին բնորոշ դրական պարտավորություններ, որոնցով պետական մարմիններից պահանջվում է տրամադրել անհրաժեշտ բոլոր հնարավորությունները՝ գանգատների պատշաճ և արդյունավետ քննությունը հնարավոր դարձնելու համար: Նման պարտավորությունն առաջանում է այն իրավիճակներում, երբ դիմումատուները հատկապես խոցելի են (տե՛սՆայդյոնն ընդդեմ Ուկրաինայի [Naydyon v. Ukraine], թիվ 16474/03, § 63, 2010 թվականի հոկտեմբերի 14, Սավիցկին ընդդեմ Ուկրաինայի [Savitskyy v. Ukraine], թիվ 38773/05, § 156, 2012 թվականի հուլիսի 26, և Յուլիան Պոպեսկուն ընդդեմ Ռումինիայի [Iulian Popescu v. Romania], թիվ 24999/04, § 33, 2013 թվականի հունիսի 4)։

193. 34-րդ հոդվածով հարուցված անհատական դիմումի համակարգի արդյունավետ գործունեության համար չափազանց կարևոր է, որ դիմումատուները կամ հավանական դիմումատուները կարողանան անկաշկանդ շփվել Դատարանի հետ՝ իրավասու պետական մարմինների կողմից իրենց բողոքները հետ վերցնելու կամ փոփոխելու մասով որևէ ճնշման չենթարկվելով (տե՛ս Սիսոյևան և այլք ընդդեմ Լատվիայի [ՄՊ] [Sisojeva and Others v. Latvia] ) [GC] (ցուցակից հանված), թիվ 60654/00, §§ 115-16, ՄԻԵԴ 2007 I, Մքշեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության [McShane v. the United Kingdom], Այս համատեքստում «որևէ ճնշում» ասվածը ներառում է ոչ միայն ուղղակի հարկադրանքը և ահաբեկման ակնհայտ գործողությունները, այլ նաև ոչ պատշաճ անուղղակի գործողությունները կամ հաղորդակցությունը, որոնք նախատեսված են դիմումատուին Կոնվենցիայի համաձայն ներկայացված իրենց բողոքին հետամուտ լինելուց տարհամոզելու կամ հետ պահելու համար կամ դիմումատուների և նրանց ներկայացուցիչների՝ անհատական դիմում ներկայացնելու իրավունքի իրացման վրա «զսպող ազդեցություն» ունենալու համար (տե՛ս՝ Ռասուլ Ջաֆարովն ընդդեմ Ադրբեջանի [Rasul Jafarov v. Azerbaijan], թիվ 69981/14, § 177, 2016 թվականի մարտի 17, և դրանում հիշատակված գործերը):

194. Այն փաստը, որ անձը կարողացել է հասնել բողոք ներկայացնելուն, չի խոչընդոտում 34-րդ հոդվածով նախատեսված խնդրի ծագմանը: Եթե կառավարության գործողություններն ավելի են բարդացնում անհատի համար դիմում ներկայացնելու իր իրավունքի իրացումը, ապա սա կարող է հավասարազոր լինել 34-րդ հոդվածով սահմանված իր իրավունքներին «խոչընդոտելուն» (նույն տեղում՝ § 178): Քննարկվող գործողությունների կամ բացթողումների հիմքում ընկած մտադրությունները կամ պատճառները մեծ նշանակություն չունեն, երբ գնահատվում է Կոնվենցիայի 34-րդ հոդվածին համապատասխանությունը, կարևորն այն է, թե արդյոք իրավասու պետական մարմինների գործողությունների կամ անգործության արդյունքում ստեղծված իրավիճակը համապատասխանում է 34-րդ հոդվածին, թե՝ ոչ (տե՛ս Փալադին ընդդեմ Մոլդովայի [Paladi v. Moldova] [GC] [ՄՊ], թիվ 39806/05, § 87, 2009 թվականի մարտի 10): Ընդ որում, Դատարանը պետք է գնահատի բողոքաբերի խոցելիությունը և իրավասու պետական մարմինների կողմից նրա վրա ներգործելու ռիսկը։ Դիմումատուի վիճակը կարող է հատկապես խոցելի լինել, երբ նա գտնվում է կալանքի տակ՝ իր ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ սահմանափակ կապով (տե՛ս՝ Քոթլետն ընդդեմ Ռումինիայի [Cotleţ v. Romania, ], թիվ 38565/97, § 71, 2003 թվականի հունիսի 3):

195. Համաձայն Դատարանի հաստատված նախադեպային իրավունքի՝ քանի որ 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցները Դատարանի կողմից նշանակվում են անհատական դիմում ներկայացնելու իրավունքի արդյունավետությունն ապահովելու նպատակով, ուստի պատասխանող Պետության կողմից նման միջոցների պահանջները չկատարելը հանգեցնում է անհատական դիմում ներկայացնելու իրավունքի խախտման (տե՛ս վերևում հիշատակված երկու գործերը՝ Մամաթկուլի և Ասկարովի գործը, § 125, և Փալադիի գործը, § 88):

2. Այս սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ

ա) Առանձին տեսակցություններ ունենալու արգելքը Դատարանում իր ներկայացուցիչների հետ

196. Դիմումատուն բողոքել է, որ առանձին տեսակցություն ունենալու անհնարինությունը Դատարանում իր ներկայացուցիչների հետ հանգեցրել է պատասխանող պետության՝ անհատական դիմումի իրավունքի արդյունավետ իրացումը չխոչընդոտելու պարտավորության խախտման։

197. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել Կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքի մասով իրեն հասանելի պաշտպանության ներպետական միջոցները, քանի որ նա բողոքներ չի ներկայացրել քննչական մարմնին և քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, ինչպես նաև դատախազին՝ իր ներկայացուցիչների հետ առանձին տեսակցություններն արգելելու մասով (տե՛ս վերևում՝ 189-րդ պարբերությունը)։ Դատարանն այս կապակցությամբ վերահաստատում է, որ ըստ իր նախադեպային իրավունքի՝ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի ներքո ներկայացված բողոքը դատավարական բնույթ է կրում, ուստի Կոնվենցիայի համաձայն ընդունելիության մասով որևէ հարց չի առաջացնում (տե՛ս Էրգին ընդդեմ Թուրքիայի [Ergi v. Turkey], 1998 թվականի հուլիսի 28, § 105, Զեկույցներ 1998թ. IV, և Րյաբովն ընդդեմ Ռուսաստանի [Ryabov v. Russia], թիվ 3896/04, § 56, 2008 թվականի հունվարի 31):

198. Դատարանը նկատում է, որ դիմումատուի՝ Դատարանի վարույթում հանդես գալու համար լիազորված ներկայացուցիչներին (տե՛ս վերևում՝ 66-րդ և 74-րդ պարբերությունները) մի քանի առիթներով չի տրամադրվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նրա հետ առանձին տեսակցություններ ունենալու թույլտվություն (տե՛ս վերևում՝ 67-րդ, 69-րդ, 72-րդ, 76-րդ և 77-րդ պարբերությունները)։ Այնուհետև Դատարանը նկատում է, որ 2017 թվականի օգոստոսի 16-ին դիմումատուին առաջին անգամ թույլատրվել է առանձին հանդիպում ունենալ տկն Մարալյանի հետ (տե՛ս վերևում՝ 78-րդ պարբերությունը): Հետևաբար Դատարանի քննարկման առարկա հարցն այն է, թե արդյոք դիմումատուի և նրա ներկայացուցիչների միջև առանձին հաղորդակցության մասով քրեակատարողական հիմնարկի և քննչական մարմինների կողմից կիրառված և մեկ տարվանից մի փոքր ավելի տևած խոչընդոտող հանգամանքները հանգեցրել են պատասխանող պետության՝ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն դիմում ներկայացնելու իրավունքի արդյունավետ իրացմանը չխոչընդոտելու պարտավորության խախտման, թե՝ ոչ։

199. Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ նախկինում այն հայտնաբերել է Կոնվենցիայի 34-րդ հոդվածի շրջանակներում դիմում ներկայացնելու իրավունքի խախտումներ այնպիսի հանգամանքներում, երբ կալանքի տակ գտնվող դիմումատուին արգելել են ազատ շփվել Դատարանում իր ներկայացուցչի հետ: Օրինակ՝ Դատարանը համարել է, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածը խախտվել է այն ժամանակ, երբ դիմումատուին չի թույլատրվել առանձին տեսակցություն ունենալ իր պաշտպանի հետ, և նրանից բաժանված է եղել ապակե միջնորմով (տե՛ս վերևում՝ Սեբոտարին ընդդեմ Մոլդովայի [Cebotari v. Moldova], թիվ 35615/06, §§ 58-68, 2017 թվականի նոյեմբերի 13), կամ երբ դիմումատուի՝ Դատարանի վարույթի շրջանակներում հանդես եկող իրավաբանները չեն կարողացել ներկայացնել իրենց դիտարկումները դիմումատուին կամ նրա բժշկական փաստաթղթերին հասանելիության բացակայության պատճառով (տե՛ս Բոյցենկոն ընդդեմ Մոլդովայի [Boicenco v. Moldova], թիվ 41088/05, §§ 157-59, 2006 թվականի հուլիսի 11)։ Դատարանը, այնուամենայնիվ, ընդունել է, որ ներկայացուցչի կողմից որոշակի ֆորմալ պահանջների կատարումը կարող է անհրաժեշտ լինել կալանավորված անձին տեսնելու իրավունքը ձեռք բերելու համար, օրինակ՝ անվտանգության նկատառումներից ելնելով կամ դավադրությունները կամ քննության կամ արդարադատության իրականացման ընթացքը խեղաթյուրող այլ գործողություններ կանխելու համար (տե՛ս Մելնիկովն ընդդեմ Ռուսաստանի [Melnikov v. Russia], թիվ 23610/03, § 96, 2010 թվականի հունվարի 14)։ Միևնույն ժամանակ անհարկի ձևականություններն այնպիսի հարցերում, որոնք կարող են փաստացի (de facto) խոչընդոտել հնարավոր դիմումատուին արդյունավետորեն օգտվելու անհատական դիմում ներկայացնելու իր իրավունքից, անընդունելի են ճանաչվել (տե՛ս՝ Զախարկինն ընդդեմ Ռուսաստանի [Zakharkin v. Russia], թիվ 1555/04, §§ 152-60, 2010 թվականի հունիսի 10), եթե դիմումատուի՝ Դատարանում իր ներկայացուցչի հետ շփումը սահմանափակվել է այն հիմքով, որ ներկայացուցիչը պրոֆեսիոնալ փաստաբան չէ: Մյուս կողմից սակայն, երբ ներպետական պաշտոնական ընթացակարգերը հեշտ են եղել պահպանման տեսանկյունից, որևէ խնդիր չի առաջացել 34-րդ հոդվածի ներքո (տե՛ս՝ Լեբեդևն ընդդեմ Ռուսաստանի [Lebedev v. Russia], թիվ 4493/04, § 119, 2007 թվականի հոկտեմբերի 25):

200. Դատարանն այնուհետև նշում է, որ Ս.-ն ընդդեմ Շվեյցարիայի գործում ([S. v. Switzerland, թիվ 12629/87, § 48, 1991թվականի նոյեմբերի 28) Դատարանը գտել է, որ մեղադրյալի՝ երրորդ անձանց լսելիությունից դուրս իրավաբանի հետ հաղորդակցվելու իրավունքը ժողովրդավարական հասարակությունում արդար դատաքննության հիմնական պահանջների մի մասն է և բխում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետից։ Դատարանի սույն եզրակացությունը բխում է Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների 93-րդ հոդվածից, որը կցված է Նախարարների կոմիտեի թիվ (73) 5 բանաձևին (այժմ՝ Նախարարների կոմիտեի՝ «Եվրոպական բանտային կանոնների վերաբերյալ» անդամ պետություններին արված Rec(2006)2 rev առաջարկության 23-րդ հոդված, տե՛ս վերևում՝ 109-րդ պարբերությունը), և Դատարանի վարույթներին մասնակցող անձանց վերաբերյալ եվրոպական համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետից։ Վերջինս, իհարկե, ուղղակիորեն նախատեսում է կալանավորված անձանց` Դատարան դիմելու և դրանից բխող վարույթի առնչությամբ իրավաբանի հետ երրորդ անձանց լսելիության սահմաններից դուրս հաղորդակցվելու և խորհրդակցելու իրավունքը (տե՛ս վերևում`110-րդ պարբերությունը, և վերևում հիշատակված՝ Ս.-ն ընդդեմ Շվեյցարիայի գործը, § 48): Թեև Դատարանը տեղյակ է, որ Հայաստանը ոչ ստորագրել և ոչ էլ վավերացրել է սույն Համաձայնագիրը, այնուամենայնիվ Դատարանը բազմիցս հստակեցրել է, որ պարտադիր չէ, որ պատասխանող պետությունը վավերացրած լինի կոնկրետ հարցի նկատմամբ կիրառվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը։ Դատարանի համար բավական կլինի, որ համապատասխան միջազգային փաստաթղթերը մատնանշեն միջազգային իրավունքում կիրառվող նորմերի և սկզբունքների շարունակական զարգացումը և ցույց տան, որ կոնկրետ ոլորտում ժամանակակից հասարակություններն ունեն ընդհանուր կարծիք (տե՛ս՝ mutatis mutandis, Դեմիրը և Բայկարան ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Demir and Baykara v. Turkey [GC], §§ 85-86, ՄԻԵԴ 2008թ.):

201. Դատարանը նկատում է, որ դիմումատուի հետ առանձին տեսակցություններ ունենալու պահանջները ներկայացնելիս տկն Մարալյանը և տկն Մոսկալենկոն հստակորեն նշել են, որ իրենց պահանջները կապված են դիմումատուի՝ Դատարանում քննվող գործի հետ (տե՛ս վերևում՝ 68-րդ և 76-րդ պարբերությունները)։ Ներպետական մարմինները, այնուամենայնիվ, տարբեր պատճառներով բազմիցս արգելել են նման տեսակցությունները (տե՛ս վերևում՝ 67-րդ, 69-րդ, 72-րդ և 76-րդ պարբերությունները)՝ երբեմն հղում կատարելով խիստ ձևական պահանջների (տե՛ս վերևում՝ մասնավորապես 76-րդ պարբերությունը): Դատարանն այնուհետև նշում է, որ երբեք չի նշվել, որ դիմումատուի և Դատարանում նրա ներկայացուցիչների՝ տկն Մարալյանի և տկն Մոսկալենկոյի միջև հանդիպումները կարող էին անվտանգության, դավադրության կամ արդարադատության իրականացման ընթացքի խեղաթյուրման վտանգ ներկայացնել:

202. Դատարանը նկատում է, որ թեև ներպետական օրենսդրությունը կալանավորված անձանց՝ Դատարանում իրենց ներկայացուցիչների հետ տեսակցություններ ունենալու վերաբերյալ հատուկ կանոններ չի նախատեսում, այնուամենայնիվ, չի սահմանափակում նաև այդ տեսակցությունները միայն ներպետական քրեական վարույթի շրջանակներում ունեցած պաշտպաններով: Մասնավորապես կիրառելի ներպետական օրենսդրությունը հատուկ նախատեսում է, որ կալանավորված անձինք իրավունք ունեն տեսակցություն ունենալու փաստաբան չհանդիսացող այլ անձանց հետ, ովքեր իրավասու են նրանց իրավական օգնություն տրամադրել (տե՛ս վերևում՝ 95-րդ պարբերությունը): Թեև սույն իրավունքի իրացումը ենթակա է քննչական մարմնի կողմից թույլտվության տրամադրման, ինչպես նշվել է վերևում, համապատասխան պահանջները մերժելիս դիմումատուի և Դատարանում նրա ներկայացուցիչների միջև կայացած տեսակցություններն անվտանգության, դավադրության կամ արդարադատության իրականացման ընթացքի խեղաթյուրման որևէ վտանգ չեն ներկայացրել: Չնայած դրան՝ դիմումատուին երկար ժամանակ չեն թույլատրել առանձին տեսակցություններ ունենալ Դատարանում իր ներկայացուցիչների հետ, և նա չի կարողացել նրանց գաղտնիության պայմաններում հրահանգներ տալ դատավարության ընթացքի տեսանկյունից այնպիսի կարևոր քայլերի ժամանակ, ինչպես օրինակ՝ իր գանգատը պատրաստելիս (տե՛ս վերևում՝ 67-րդ, 69-րդ, 72-րդ և 74-րդ պարբերությունները), ինչ պայմաններում էլ նրա իրավաբանական օգնությունը կորցրել է իր օգտակարության մեծ մասը:

203. Դատարանը հանգում է վերոնշյալ եզրահանգմանն անկախ այն հանգամանքից, որ դիմումատուի ներկայացուցիչները, ի վերջո, կարողացել են Դատարան ներկայացնել բավականին մանրամասն շարադրված գանգատ և լրացուցիչ փաստարկներ։ Դատարանն այս կապակցությամբ նշում է, որ պատասխանող Կառավարության կողմից Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված իրենց դատավարական պարտավորությունները չկատարելը անպայմանորեն չի պահանջում, որ ենթադրյալ միջամտությունն իրականում սահմանափակեր կամ էական ազդեցություն ունենար անհատական դիմումի իրավունքի իրացման վրա։ Պայմանավորվող կողմերի՝ Կոնվենցիայի 34-րդ և 38-րդ հոդվածներով նախատեսված դատավարական պարտավորությունները պետք է կատարվեն անկախ վարույթի վերջնական ելքից և այնպես, որ խուսափեն դիմումատուի կամ նրա ներկայացուցիչների վրա փաստացի կամ հնարավոր որևէ զսպող ազդեցությունից (տե՛ս Յանովիեկը և այլք ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] Janowiec and Others v. Russia [GC], թիվ 55508/07 և 29520/09, § 209, ՄԻԵԴ 2013թ.)։

204. Ինչ վերաբերում է նրան, որ Կառավարությունն առաջ է քաշել այն պնդումը, որ դիմումատուն և Դատարանում նրա ներկայացուցիչները չեն հետևել սահմանված ընթացակարգին՝ նախ չստանալով քննչական մարմնից անհրաժեշտ թույլտվությունը, այնուհետև համապատասխան որոշումների մասով դատական կարգով վերանայման չդիմելով (տե՛ս վերևում՝ 189-րդ պարբերությունը), Դատարանը նկատում է, որ իրավասու պետական մարմինները հետևողական չեն եղել կիրառման ենթակա ընթացակարգի և պահանջվող թույլտվության տրամադրումը մերժելու հիմքերի հարցում: Մասնավորապես «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ուղղորդել է տկն Մարալյանին քննիչի մոտ՝ համապատասխան թույլտվությունն ստանալու համար, մինչդեռ քննիչը նշել է, որ չունի այն տրամադրելու լիազորությունը (տե՛ս վերևում՝ 67-րդ և 69-րդ պարբերությունները)։ Այնուհետև մերժելով տիկին Մարալյանի հետագա պահանջը՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը հղում է կատարել այն փաստին, որ նա իբր թե չի ներկայացրել փաստաթղթային ապացույցներ առ այն, որ ինքը դիմումատուի ներկայացուցիչն է Դատարանում, և հայտնել, որ դիմումատուն ունի միայն իր պաշտպանի կամ ներպետական վարույթի շրջանակներում իր պաշտպանությունը ստանձնած իրավաբանի հետ տեսակցություն ունենալու իրավունք (տե՛ս վերևում՝ 72-րդ պարբերությունը): Վերջում Վարչական շրջանների դատարանն էլ իր հերթին մատնանշել է մեկ այլ ընթացակարգ, ըստ որի՝ դիմումատուն պետք է դիմեր դատախազին, քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, որից հետո միայն պահանջեր դատական կարգով վերանայում (տե՛ս վերևում՝ 71-րդ պարբերությունը): Թեև քննիչի որոշումը դատախազին բողոքարկելը և մերժման դեպքում դատական կարգով վերանայման դիմելը թվում են համահունչ ներպետական օրենսդրությանը (տե՛ս վերևում՝ 97-րդ, 98-րդ և 99-րդ պարբերությունները), Վարչական շրջանների դատարանի կողմից արված եզրահանգման այն իրավական հիմքը, որով դիմումատուից պահանջվում է դիմել քրեակատարողական հիմարկի վարչակազմ, շարունակում է անհասկանալի մնալ՝ հատկապես հաշվի առնելով Կառավարության այն պնդումը, որ դիմումատուի հետ առանձին տեսակցություն ունենալու թույլտվությունը պետք է ստանալ ոչ թե քրեակատարողական հիմնարկի վարչակազմից, այլ քննչական մարմնից (տե՛ս վերևում՝ 189-րդ պարբերությունը): Ամեն դեպքում Դատարանը համարում է, որ ամեն անգամ, երբ անհրաժեշտություն էր առաջանում առանձին տեսակցություն ունենալ դիմումատուի հետ՝ քննարկելու Դատարանում քննվող վերջինիս գործը, դիմումատուի ներկայացուցիչներից չպետք է պահանջվեր ներգրավվել տարբեր ատյանների առջև բողոքարկման երկարատև ընթացակարգերին, ինչպես փաստորեն առաջարկվում է Կառավարության կողմից։

205. Վերջիվերջո, ինչ վերաբերում է նրան, որ Կառավարությունը պնդել է, որ տկն Մոսկալենկոյի՝ դիմումատուի հետ առանձին տեսակցություն ունենալու խնդրանքը մերժվել է նաև այն պատճառով, որ նա չի ներկայացրել ապացույցներ առ այն, որ ինքը Հայաստանում գործող իրավաբան է (տե՛ս վերևում 189-րդ պարբերությունը), Դատարանը նկատում է, որ համաձայն Դատարանի կանոնակարգի 36-րդ կանոնի 4-րդ կետի «ա» ենթակետի՝ դիմումատուին կարող է ներկայացնել Պայմանավորվող կողմերից որևէ մեկում գործունեություն ծավալելու համար լիազորված փաստաբանը, որը բնակվում է նրանցից մեկի տարածքում։

206. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը համարում է, որ դիմումատուի՝ Դատարանում իր ներկայացուցիչների հետ շփման մասով սահմանափակումը միջամտություն է անհատական դիմում ներկայացնելու նրա իրավունքի իրացմանը, որն անհամատեղելի է պատասխանող Պետության՝ Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունների հետ։ Հետևաբար Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ պատասխանող Պետությունը չի կատարել Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունները:

բ) Դատարանի կողմից նշանակված միջանկյալ միջոցի պահանջների կատարումը

207. Դատարանը նշում է, որ 2017 թվականի նոյեմբերի 9-ին սույն գործում նշանակված միջանկյալ միջոցը ներառում էր իրավասու պետական մարմիններին ուղղված հրահանգներ առ այն, որ դիմումատուին անհապաղ ցուցաբերվի անհրաժեշտ բժշկական օգնություն, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում նրան տեղավորեն մասնագիտացված բժշկական հաստատությունում և դիմումատուին հետազոտելու համար հավասարության սկզբունքով ստեղծեն բժշկական հանձնաժողով՝ նրա կոնկրետ խնդիրներն ախտորոշելու և երկարատև կամ անհապաղ բուժման անհրաժեշտությունը որոշելու նպատակով (տե՛ս վերևում՝ 85-րդ պարբերությունը):

208. Դատարանը նկատում է, որ 2018 թվականի հունվարի 10-ի իր գրությամբ դիմումատուն պնդել է, որ պատասխանող Կառավարությունը չի կատարել նշանակված միջանկյալ միջոցի պահանջները (տե՛ս վերևում՝ 87-րդ պարբերությունը)։ Դատարանը համարում է, որ սկզբունքորեն սա հավասարազոր է Կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն նոր և առանձին բողոք ներկայացնելուն (տե՛ս Ռոդամիլյան և այլք ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Radomilja and Others v. Croatia [GC]], թիվ 37685/10 և 22768/12, § 135, 2018 թվականի մարտի 20):

209. Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ դրանից հետո դիմումատուն հետամուտ չի եղել այդ բողոքին և չի տրամադրել որևէ լրացուցիչ տեղեկություն՝ հիմնավորելու նշանակված միջանկյալ միջոցի պահանջները Կառավարության կողմից ենթադրյալ չկատարելու փաստը (տե՛ս վերևում՝ 90-րդ պարբերությունը)։

210. Մյուս կողմից՝ Դատարանը զարմանալի է համարում այն, որ Կառավարությունը փորձել է արդարացնել Դատարանի կողմից նշանակված միջանկյալ միջոցի մասին իրենց անտեղյակությունը՝ հղում կատարելով «տեխնիկական խնդրին» (տե՛ս վերևում՝ 89-րդ և 189-րդ պարբերությունները): Կառավարությունը երբևիցե չի հայտնել Դատարանի հետ էլեկտրոնային հաղորդակցության համակարգի հետ կապված որևէ տեխնիկական խնդրի մասին։ Այնպիսի հանգամանքներում, երբ Դատարանը համապատասխան կառավարությունների հետ ունի հաղորդակցության հաստատված համակարգ, այս տեսակի փաստարկներ ներկայացնելը՝ հիմնավորելու կոնկրետ գործի մասով Դատարանի նամակագրության մասին ենթադրյալ անտեղյակությունը, այն ապացույցների բացակայությունը, որոնցով երևում է, որ տեխնիկական բարդությունները անհապաղ ներկայացվել են Դատարանի և դրա ՏՏ ծառայությունների ուշադրությանը՝ դրանք արագ լուծելու նպատակով, ամբողջովին անընդունելի են։ Սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ Դատարանը, ինչպես սույն գործում, հիմնվում է կապի այս հաստատված միջոցների վրա՝ inter alia, 39-րդ կանոնի համաձայն հրատապ միջանկյալ միջոցի նշանակման մասին ծանուցելու նպատակով։

211. Միևնույն ժամանակ, ինչպես նշվել է վերևում, դիմումատուն Դատարանին չի տրամադրել որևէ տեղեկություն 2018 թվականի հունվար և փետրվար ամիսների նամակագրության փոխանակումներից հետո իրեն տրամադրված բժշկական օգնության որակի վերաբերյալ, որոնց վրա փաստացիորեն հիմնված է սույն գանգատը (տե՛ս վերևում՝ 87-րդ, 89-րդ և 90-րդ պարբերությունները): Հետևաբար Դատարանը գտնում է, որ բավարար հիմքեր չկան եզրակացնելու, որ նշանակված միջանկյալ միջոցի պահանջները կատարելու առումով Պետությունը չի կատարել Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունները։

212. Հետևաբար այս առնչությամբ պատասխանող Պետությունը չի խախտել Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունները։

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

213. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

Ա. Վնասը

214. Դիմումատուն պահանջել է 80 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

215. Կառավարությունը վիճարկել է դիմումատուի պահանջը։

216. Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարացիության սկզբունքի հիման վրա, ողջամիտ է համարում դիմումատուին շնորհել 12 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

Բ. Ծախսերը և ծախքերը

217. Դիմումատուն պահանջել է նաև 18,500 եվրո և 6,753,500 դրամ՝ հատուցում ներպետական դատարաններում և Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար։

218. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի՝ սույն մասով նախատեսված պահանջները հիմնավորված չեն այն առումով, որ ներկայացված անդորրագրերը չեն պարունակել համապատասխան վճարների նպատակի մասին որևէ տեղեկություն, իսկ որոշ պահանջներ հիմնավորված չեն եղել որևէ փաստաթղթով։ Բացի այդ, դիմումատուն չի ներկայացրել որևէ մանրամասն և հանգամանալից հաշիվ՝ պահանջվող իրավական ծախսերը ցույց տալու համար։ Ի վերջո, որևէ բացատրություն չի տրվել ինչպես ներպետական մակարդակում, այնպես էլ Դատարանի վարույթում նման՝ չափից ավելի մեծ թվով իրավաբանների ներգրավվածության կապակցությամբ:

219. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործի շրջանակներում հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և վերը նշված չափորոշիչները՝ Դատարանը մերժում է ծախսերի և ծախքերի մասով պահանջը։

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

220. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

1. Միացնում է դիմումատուի կողմից Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքների մասով իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու մասին Կառավարության առարկությունը դիմումատուի՝ 13-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքի ըստ էության քննությանը և մերժում է այն.

2. Հայտարարում է գանգատն ընդունելի.

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուի՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված բողոքների առնչությամբ ներպետական արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի բացակայության մասով.

4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմումատուին տրամադրված բժշկական օգնության և խնամքի որակի մասով.

5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում՝ ներպետական դատարանների կողմից դիմումատուին կալանավորելու համար հիմնավոր և բավարար հիմքեր չբերելու մասով.

6. Վճռում է, որ պատասխանող Պետությունը չի կատարել Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունները՝ երկար ժամանակ դիմումատուին Դատարանում իր ներկայացուցիչների հետ առանձին տեսակցությունների թույլտվություն չտալու մասով.

7. Վճռում է, որ պատասխանող Պետությունը չի խախտել Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունները՝ Դատարանի կողմից նշանակված միջանկյալ միջոցի պահանջները ենթադրաբար չկատարելու մասով.

8. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին ոչ նյութական վնասի դիմաց վճարի 12,000 եվրո (տասներկու հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

9. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի փետրվարի 22-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

Իլզե Ֆրայվըրթ՝

Քարտուղարի տեղակալ

Յոնկո Գրոզև՝

Նախագահ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։