Հոդված 3. Բնապահպանական ծրագրով նախատեսվող միջոցառումները և դրանց ուղղությունները
Հոդված 3. Բնապահպանական ծրագրով նախատեսվող միջոցառումները և դրանց ուղղությունները
1. Բնապահպանական ծրագիրը ներառում է համայնքի վարչական սահմաններում գտնվող օդային, ջրային և հողային տարածքներում ընկերությունների գործունեությամբ պայմանավորված` շրջակա միջավայրի պահպանությանն ու բարելավմանը և մարդու առողջությանը հասցված վնասի վերականգնմանը կամ վնասակար ազդեցության մեղմմանն ուղղված հետևյալ միջոցառումները.
1) մթնոլորտային օդի պահպանություն, այդ թվում՝ մթնոլորտային օդի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ, մթնոլորտային օդն աղտոտող նյութերի և ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, կանխարգելման միջոցառումներ.
2) ջրային ռեսուրսների պահպանություն, այդ թվում՝ ջրային ռեսուրսների որակի բարելավմանը, երկրորդային ջրօգտագործման ապահովմանն ուղղված միջոցառումներ, ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների մաքրման միջոցառումներ, ջրային ռեսուրսների մաքրման համակարգերի և կեղտաջրերի մաքրման (այդ թվում՝ կենսաբանական մաքրման) կայանների կառուցում, պահպանում և շահագործում, ջրային ռեսուրսներ աղտոտող նյութերի և միացությունների արտահոսքերի կանխարգելման և վնասազերծման, ջրերի վնասակար ներգործության կանխարգելման, համայնքային կանաչ գոտիներում արդի ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման միջոցառումներ.
3) թափոնների արդյունավետ գործածությանը, աղտոտված հողերի մոնիթորինգին, դրանց մաքրմանը, վնասազերծմանն ու վերականգնմանն ուղղված միջոցառումներ (բացառությամբ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքով կարգավորվող աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացի).
4) աղտոտված հողերի մաքրմանը, հողերի դեգրադացիայի կանխմանը, ինչպես նաև աղտոտող նյութերի անվտանգ վնասազերծմանն ուղղված միջոցառումներ, հակասողանքային միջոցառումներ, խախտված տարածքների գեղագիտական արժեքի բարձրացման նպատակով դրանց վերականգնման, մարված պաշարներով հանքավայրերի տարածքների ռեկուլտիվացիայի միջոցառումներ.
5) կենսաբազմազանության, անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանը և կայուն oգտագործմանը, այդ թվում՝ կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների պահպանությանը (այդ թվում` անհետացած և անհետացող տեսակների վերականգնմանը), կենդանիների բնադրավայրերի և բնության գեղագիտական արժեքների պահպանությանն ուղղված միջոցառումներ.
6) բնակավայրերի կանաչ գոտիների պահպանման, վերականգնման, բարելավման միջոցառումներ.
7) շրջակա միջավայրի պահպանության գծով նախագծային, կիրառական, հետազոտական և փորձարարական աշխատանքներ, շրջակա միջավայրի վրա ներգործության հետազոտություններ կամ ուսումնասիրություններ.
8) շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տարածման կամ իրազեկման, ոչ ֆորմալ էկոլոգիական կրթության և դաստիարակության հետ կապված միջոցառումներ.
9) շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությամբ պայմանավորված առողջապահական միջոցառումների մշակում, դրա համար անհրաժեշտ հետազոտությունների կազմակերպում և իրականացում.
10) բնակչության առողջական վիճակի զննության կազմակերպում և իրականացում, դրանց իրականացման համար անհրաժեշտ համակարգերով ու սարքավորումներով բժշկական կենտրոնների վերազինում.
11) առողջության ամրապնդման և իրազեկման միջոցառումների կազմակերպում և իրականացում, այդ թվում՝ առողջ ապրելակերպի խթանում, վարքագծային գործոնների ձևավորում (հիգիենայի կանոնների պահպանում, վնասակար սովորությունների դեմ պայքար), առողջ ապրելակերպի ձևավորմանն ու խթանմանն ուղղված միջոցառումներ.
12) համայնքահենք բնապահպանական և առողջապահական հասարակական կազմակերպություններին սույն հոդվածում նշված միջոցառումների կատարման համար աջակցության տրամադրում։