Հոդված 9
Հոդված 9.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.4-րդ հոդվածով.
«Հոդված 31.4. Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը կատարելու վերաբերյալ դիմումը
1. Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը հարկադիր կատարման ուղարկելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է որոշման համար սահմանված բողոքարկման ժամկետը լրանալու, իսկ բողոքարկվելու դեպքում՝ այն վերջնականապես հաստատվելու պահից մեկամսյա ժամկետի ընթացքում: Դիմումը սույն մասով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացվելու դեպքում հարկադիր կատարողը կայացնում է այն դատախազին վերադարձնելու մասին որոշում՝ դիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում։
2. Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին որոշումը կատարելու վերաբերյալ դիմումը հարկադիր կատարողը վերադարձնում է դատախազին, եթե դրան կցված չեն գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշման պատճենը, գրավը պետության եկամուտ դարձնելու մասին որոշումը, այդ որոշումը մեղադրյալին և գրավը մուծած անձին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկելը հաստատող ապացույցը, ինչպես նաև այդ որոշման՝ օրենքով սահմանված բողոքարկման ժամկետը լրանալու, իսկ բողոքարկված լինելու դեպքում՝ այն վերջնականապես հաստատվելու մասին գրավոր հավաստումը:
3. Դիմումը վերադարձնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:
4. Դիմումը դատախազին վերադարձնելն արգելք չէ թույլ տրված խախտումները վերացնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, այն նորից կատարման ներկայացնելու համար:»: