Հոդված 20.1. Հիմնադրամի միջոցների օգտագործումը բանկի վերակառուցման գործընթացում
Հոդված 20.1. Հիմնադրամի միջոցների օգտագործումը բանկի վերակառուցման գործընթացում
(հոդվածը 03.07.26 ՀՕ-368-Ն օրենքի լրացման մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)
(03.07.26 ՀՕ-368-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
ՀՈԴՎԱԾ 21. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԵՐԻ, ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ, ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ, ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ
Հիմնադրամը կարող է ստանալ վարկեր, փոխառություններ, երաշխիքներ, դրամաշնորհներ, նվիրատվություններ և նվիրաբերություններ:
ՀՈԴՎԱԾ 22. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
1. Հիմնադրամի միջոցները կառավարում է Հիմնադրամը:
2. Հիմնադրամի միջոցները կարող են ներդրվել բացառապես վերադարձման բարձր հուսալիություն ունեցող հետևյալ ֆինանսական ակտիվներում`
ա) Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերում.
բ) Կենտրոնական բանկում և բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ օտարերկրյա բանկերում` որպես բանկային ավանդ և (կամ) բանկային հաշիվ.
գ) Կենտրոնական բանկի արժեթղթերում.
դ) ոսկու ստանդարտացված ձուլակտորներում.
ե) բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների և (կամ) կենտրոնական բանկերի արժեթղթերում.
զ) բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների և (կամ) բանկերի արժեթղթերում.
է) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ և Կենտրոնական բանկի խորհրդի հետ համաձայնեցմամբ` այլ ֆինանսական ակտիվներում:
Վարկանիշների թույլատրելի սահմանաչափերը և վարկանիշ սահմանող ընդունելի կազմակերպությունների ցանկը սահմանում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը` համաձայնեցնելով Կենտրոնական բանկի խորհրդի հետ:
3. Հիմնադրամի միջոցների տեղաբաշխման առաջնային չափանիշը տեղաբաշխվող միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունն է:
ՀՈԴՎԱԾ 23. Հիմնադրամի ծախսերը և կապիտալ ներդրումների ծրագիրը
(վերնագիրը խմբ. 18.03.08 ՀՕ-5-Ն)
1. Հիմնադրամի ծախսերն են՝
ա) գործառնական ծախսերը՝
- ավանդների հատուցման հետ կապված ծախսերը,
- ստացված վարկերի, փոխառությունների դիմաց հաշվեգրված տոկոսները,
- հիմնադրամի կողմից ակտիվների կառավարման, հատուցման կազմակերպման հետ կապված բանկային կոմիսիոն վճարները,
- ակտիվների վերագնահատումից և հաշվեկշռային արժեքից ցածր գնով իրացումից առաջացած կորուստները,
- Հիմնադրամի աուդիտի և խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարները,
- ավանդների երաշխավորման և հատուցման գործընթացների լուսաբանման հետ կապված ծախսերը.
բ) վարչական ծախսերը՝
- ապարատի պահպանման ծախսերը, այդ թվում՝ աշխատակիցների աշխատավարձ, պարգևատրում, պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, անձնակազմի ուսուցում և վերապատրաստում, գործուղման և ներկայացուցչական ծախսեր, ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսեր, սոցիալական ապահովության այլ ծախսեր,
- ծառայողական նպատակներով oգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսերը,
- լրատվական տեղեկատվության և մասնագիտական գրականության ձեռքբերման ծախսերը,
- տնտեսական նյութերի և արագամաշ առարկաների դուրսգրման հետ կապված ծախսերը,
- հիմնական միջոցների մաշվածքի հետ կապված ծախսերը և շենքերի, շինությունների, այլ հիմնական միջոցների ու պաշարների պահպանման, սպասարկման, շահագործման ու ապահովագրման ծախսերը,
- հիմնադրամի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարների, վարձակալական վճարների, բանկային, կոմունալ ծառայություններից օգտվելու հետ կապված ծախսերը:
2. Կապիտալ ներդրումների ծրագիրն իրենից ներկայացնում է`
ա) հիմնադրամի հիմնական գործունեության ապահովման նպատակով իրականացվող կապիտալ ներդրումները.
բ) վարչական նպատակներով իրականացվող կապիտալ ներդրումները:
3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը Հիմնադրամի ընթացիկ գործունեությունն ապահովելու, նրա կողմից սույն oրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով հաստատում է Հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը, գործառնական ծախսերը և կապիտալ ներդրումների ծրագիրը:
4. Հիմնադրամի վարչական ծախսերը, գործառնական ծախսերը և կապիտալ ներդրումների ծրագիրն իրականացվում են Հիմնադրամի միջոցների հաշվին: Վարչական ծախսերը, գործառնական ծախսերը և կապիտալ ներդրումների ծրագիրը կատարելու համար Հիմնադրամն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում բացելու հաշիվներ:
5. Հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը և կապիտալ ներդրումները չեն կարող գերազանցել երաշխիքային վճարներ կատարող բոլոր բանկերի` նախորդ տարվա բանկային ավանդների միջին oրական ցուցանիշի 0.03 տոկոսը:
6. Եթե ընթացիկ տարում Հիմնադրամի փաստացի կատարած ծախսերն ավելի քիչ են, քան սույն հոդվածով սահմանված կարգով հաստատված` Հիմնադրամի վարչական և գործառնական տարեկան ծախսերը, ապա տարվա արդյունքներով առաջացած տարբերությունը Հիմնադրամը փոխանցում է սույն oրենքի 20-րդ հոդվածով սահմանված հատուկ հաշվին:
(23-րդ հոդվածը խմբ. 18.03.08 ՀՕ-5-Ն, փոփ., լրաց. 24.06.10 ՀՕ-108-Ն)
ՀՈԴՎԱԾ 24. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ: ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
1. Հիմնադրամն ու Կենտրոնական բանկը սույն օրենքով սահմանված դեպքերում անհրաժեշտ տեղեկություններ են փոխանակում` օրենքով և Կենտրոնական բանկի կողմից ընդունված իրավական ակտերով սահմանված կարգով և ձևով:
Բանկերը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ձևերով և կարգով կազմում և Կենտրոնական բանկ են ներկայացնում երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի և հատուցման ենթակա գումարի վերաբերյալ եռամսյակային հաշվետվություններ: Հիմնադրամը կարող է ստանալ Կենտրոնական բանկից այդ հաշվետվությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից տասնօրյա ժամկետում:
2. Բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշվետվություններից, Հիմնադրամը Կենտրոնական բանկից և (կամ) բանկերից բանկային գաղտնիք կազմող (պարունակող) այլ տեղեկություններ կարող է ստանալ բացառապես սույն օրենքով սահմանված հատուցման դեպքն առաջանալիս` «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հիմնադրամի աշխատակիցների կողմից պետական, բանկային, առևտրային և ծառայողական գաղտնիքի պահպանումն ու օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված կարգով:
3. Հիմնադրամի գործունեությունը յուրաքանչյուր տարի ստուգվում է օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից: Անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը և ստուգված տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են Կենտրոնական բանկ: Հիմնադրամը պարտավոր է ֆինանսական տարվա ավարտից հետո` քառամսյա ժամկետում, http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել անկախ աուդիտորական կազմակերպության համառոտ եզրակացությունը:
4. Հիմնադրամի միջոցների վերաբերյալ տեղեկությունները, բացառությամբ Հիմնադրամի վարչական ծախսերի, գործառնական ծախսերի և կապիտալ ներդրումների վերաբերյալ տեղեկությունների, չեն կարող հրապարակվել, տրամադրվել այլ անձանց և պետական մարմինների: Այդ տեղեկությունների պահպանումը, տրամադրումը և հրապարակումն իրականացվում է «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով:
5. Հիմնադրամի կողմից սույն օրենքով, Հիմնադրամի գործունեությունը կարգավորող այլ օրենքներով և դրանց համապատասխան ընդունված իրավական այլ ակտերով սահմանված գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով:
Հիմնադրամի գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողության վերաբերյալ Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում հաշվետվություն, որը ներառվում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տարեկան հաշվետվության մեջ:
6. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված խախտումների համար Կենտրոնական բանկը կարող է Հիմնադրամի նկատմամբ կիրառել նախազգուշացում և խախտումները որոշակի ժամկետում վերացնելու հանձնարարական: Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական:
7. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված խախտումների համար Կենտրոնական բանկը կարող է Հիմնադրամի տնօրենի նկատմամբ կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները`
- նախազգուշացում և խախտումները որոշակի ժամկետում վերացնելու հանձնարարական, և (կամ)
- տուգանք, կամ
- որակավորման վկայականից զրկում:
8. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները Հիմնադրամի և (կամ) Հիմնադրամի տնօրենի նկատմամբ Կենտրոնական բանկը կարող է կիրառել, եթե Հիմնադրամը և (կամ) Հիմնադրամի տնօրենը թույլ են տվել հետևյալ խախտումները`
ա) խախտել են սույն օրենքի, Հիմնադրամի գործունեությունը կարգավորող այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները.
բ) խախտել են հաշվապահական հաշվառում վարելու կանոնները, ինչպես նաև ֆինանսական և այլ հաշվետվությունների ներկայացման և հրապարակման կարգն ու պայմանները, և (կամ) այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տվյալներ.
գ) չեն կատարել Կենտրոնական բանկի` սույն օրենքով սահմանված կարգով տված հանձնարարականը:
9. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը Հիմնադրամի և (կամ) Հիմնադրամի տնօրենի նկատմամբ կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(24-րդ հոդվածը փոփ. 18.03.08 ՀՕ-5-Ն, 19.03.12 ՀՕ-140-Ն)