Հոդված 114. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու պայմանները
Հոդված 114. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու պայմանները
1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով կարող է փոխարինվել, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով դրա համար սահմանված նվազագույն ժամկետը:
Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինում չի կիրառվում, երբ հանցագործության կատարմամբ մարդու առողջությանը պատճառվել է վնաս կամ առաջացրել է մարդու մահ, և դատապարտյալը ամբողջությամբ չի հարթել տուժողին պատճառված վնասը:
2. Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցերը պատիժը կատարող հիմնարկի կողմից քննարկվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ սույն օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածներին համապատասխան:
Կարգապահական գումարտակի հրամանատարության կողմից կարգապահական գումարտակում պատիժ կրող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը ներկայացվում է սույն օրենսգրքի 115.1-րդ հոդվածին համապատասխան:
3. Միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշմանը հավանություն է տալիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան գերատեսչությունների և հասարակության այլ ներկայացուցիչներ:
(114-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-161-Ն, խմբ., լրաց. 13.06.06 ՀՕ-66-Ն, փոփ., լրաց. 13.11.07 ՀՕ-268-Ն)