Հոդված 49. Կարգապահական գումարտակում պահելու կարգի և պայմանների առանձնահատկությունները
Հոդված 49. Կարգապահական գումարտակում պահելու կարգի և պայմանների առանձնահատկությունները
1. Դատապարտյալը, անկախ զինվորական կոչումից և նախկինում զբաղեցրած պաշտոնից, պատիժը կրելու ընթացքում գտնվում է շարքային կազմի զինծառայողի կարգավիճակում, կրում է կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով սահմանված նմուշի՝ առանց տարբերանշանների համազգեստ:
2. Դատապարտյալը կարող է ներգրավվել չվարձատրվող հասարակական աշխատանքների, բայց օրվա ընթացքում երկու ժամից ոչ ավելի ժամանակով:
3. Կարգապահական գումարտակում դատապարտյալին արգելվում է ունենալ կանխիկ դրամ, այդ թվում՝ արտարժույթ, արժեթղթեր, ինչպես նաև կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով արգելված առարկաներ և իրեր: Հայտնաբերված կանխիկ դրամը, այդ թվում՝ արտարժույթը, արժեթղթերը և այլ արժեքավոր իրերը, կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով սահմանված կարգին համապատասխան` առգրավվում և պահվում են մինչև պատժից ազատվելը: Դատապարտյալից առգրավված առարկաները և իրերը կարգապահական գումարտակի հրամանատարի հրամանով հանձնվում են պահպանության կամ ոչնչացվում են՝ կազմելով համապատասխան արձանագրություն:
4. Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության առարկաների ցանկն ու քանակը, որոնք դատապարտյալին թույլատրվում է ունենալ, ձեռք բերել անկանխիկ հաշվարկով կամ ստանալ ծանրոցներով, հանձնուքներով և փաթեթներով, սահմանվում են կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով: Սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու նպատակով դատապարտյալն իրավունք ունի ամսվա ընթացքում իր անձնական հաշվից ծախսելու Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի (այսուհետ` սահմանված նվազագույն աշխատավարձ) մինչև վաթսունապատիկի չափով գումար:
(49-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.06.19 ՀՕ-52-Ն)