Հոդված 312.1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը
Հոդված 312.1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը
1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը, այսինքն` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը` իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձ չհանդիսացողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է խոշոր չափերով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
3. Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է`
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
4. Ապօրինի վարձատրություն տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել ապօրինի վարձատրության շորթում, և այդ անձը մինչև ապօրինի վարձատրություն տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:
(312.1-ին հոդվածը լրաց. 30.04.08 ՀՕ-49-Ն, խմբ., փոփ., լրաց. 09.02.12 ՀՕ-18-Ն, խմբ. 16.05.14 ՀՕ-14-Ն)