Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-09-12-ից մինչև 2005-11-19։Բացել գործող տեքստը
Գլուխ 25 · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 258. Խուլիգանությունը

գործել է մինչև 2005-11-19Բացել ARLIS-ում

Հոդված 258. Խուլիգանությունը

1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝

պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝

պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,

2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով,

3) կատարվել է նախկինում խուլիգանություն կատարած անձի կողմից,

4) զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝

պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։