Հոդված 247. Տրանսպորտի անվտանգ աշխատանքն ապահովող կանոնները խախտելը
Հոդված 247. Տրանսպորտի անվտանգ աշխատանքն ապահովող կանոնները խախտելը
1. Ուղևորի, հետիոտնի կամ երթևեկության այլ մասնակցի կողմից (բացի սույն օրենսգրքի 241-րդ և 242-րդ հոդվածներով նշված անձանցից) տրանսպորտի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնները խախտելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ առաջացրել է խոշոր վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
(247-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)