Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում
1. Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է՝
1) Հայաստանի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների և դրանց բաղկացուցիչ մասերի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրերի, տարաբնակեցման համակարգերի ձևավորման, տարածքների կայուն զարգացման և դրանց նպատակային օգտագործման ուղղությունների և գերակայությունների, արտադրական կարողությունների տեղաբաշխման, ինժեներատրանսպորտային և այլ ենթակառուցվածքների կազմակերպման, կանխատեսման, ծրագրման և նախագծման բոլոր տեսակները.
2) շենքերի, շինությունների նախագծման և շինարարության, վերակառուցման (ներառյալ՝ քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաև տարածքների բարեկարգման բոլոր տեսակները.
3) շենքերի, շինությունների շահագործումը՝ իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
2. Կենսագործունեության միջավայրը կամ կենսամիջավայրը բնական և արհեստական օբյեկտների, երևույթների և դրանց փոխկապակցվածությունն ապահովող գործոնների համադրությամբ ձևավորվող տարածական միջավայրն է, որը ներազդում է մարդու կյանքի որակի, հոգեբանական ու ֆիզիկական զգացողության վրա:»: