Հոդված 13. Ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության գերակայությունները
Հոդված 13. Ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության գերակայությունները
1. Ջրային ռեսուրսների պահպանության և կայուն կառավարման նպատակով ընդհանուր առաջարկի պահանջարկի գնահատումից ստացված արդյունքների հիման վրա ջրային ռեսուրսների բաշխումը ջրօգտագործողների միջև ըստ առաջնահերթության իրականացվում է հետևյալ գերակա ուղղություններով՝ ըստ հերթականության.
1) ազգային ջրային պաշար` բնակչության հիմնական կարիքները բավարարելու, ջրի անբավարարության հետևանքով հիվանդությունները նվազեցնելու ու կանխարգելելու և ջրային էկոհամակարգերը պահպանելու համար անհրաժեշտ քանակի և որակի վերականգնվող ջրային ռեսուրսների պահպանում.
2) ռազմավարական ջրային պաշար` արտակարգ իրավիճակների պայմաններում (երաշտ, էկոլոգիական աղետներ, էներգետիկ ճգնաժամ և այլն) մարդկանց հիմնական կարիքների բավարարման և ջրային էկոհամակարգերի պահպանման ապահովման համար ջրային ռեսուրսների պահպանում և օգտագործում.
3) ավանդական՝ ջրահոսքի հունի սահմաններում պատմական, ոչ արդյունահանման նպատակով ջրերի օգտագործում.
4) ջրային ռեսուրսների օգտագործում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային պայմանագրերի համաձայն.
5) կենցաղային՝ մարդկանց կուլտուր-կենցաղային ջրապահանջի կարիքները բավարարելու համար ջրօգտագործում.
6) գյուղատնտեսական՝ ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, անասնապահության և այլ ոչ արդյունաբերական ջրապահանջի կարիքները բավարարելու համար.
7) էներգետիկ` էներգիայի արտադրության ջրապահանջի կարիքները բավարարելու համար.
8) արդյունաբերական՝ ջուր արտադրական գործընթացներում.
9) ձկնաբուծական նպատակով ջրօգտագործում.
10) ռեկրեացիոն նպատակով ջրօգտագործում՝ ջուր՝ մարզական, սիրողական ձկնորսության, լողի, նավարկության և գեղագիտական վայելքի համար.
11) հակաերաշտային միջոցառումներ՝ երաշտներից վնասները նվազագույնի հասցնելու համար:
2. Ջրերի բաշխում չի կարող տեղի ունենալ, եթե այն վնաս է հասցնում ազգային ջրային պաշարին:
(13-րդ հոդվածը խմբ. 07.07.22 ՀՕ-318-Ն)