Հոդված 6. Ջրի ազգային քաղաքականության սկզբունքները
Հոդված 6. Ջրի ազգային քաղաքականության սկզբունքները
Ջրի ազգային քաղաքականությունը ապահովում է հետևյալ սկզբունքների իրականացումը.
1) բնակչության հիմնական կենսական կարիքների ապահովումը.
2) ներկա և ապագա սերունդների լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ ջրային ռեսուրսներով ապահովումը (քանակ և որակ).
3) բնակչության կենցաղային կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի և պահանջվող որակի ջրապահանջի ապահովումը.
4) բնակչության հատկապես սոցիալապես անապահով խավի հիմնական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի և պահանջվող որակի ջրի մատչելիության ապահովումը.
5) բնակչության մեջ ջրի խնայողաբար օգտագործման վերաբերմունքի դաստիարակումը և ձևավորումը, ջրի խնայողաբար օգտագործման խրախուսման տնտեսական և ֆինանսական մեխանիզմների մշակումը և կիրառումը.
6 ) «առաջարկն է ձևավորում պահանջարկը» սկզբունքի կիրառումը.
7) ելնելով պահանջարկից` ջրային ռեսուրսների կարգավորման խնդիրների ձևավորումը (ներառյալ` ջրամբարների զարգացումը).
8) երկրի զարգացման շահերից բխող տարբերակված և ճկուն սակագնային քաղաքականության մշակումը և կիրառումը.
9) Սևանա լճի` որպես սոցիալական, տնտեսական, բնապահպանական արժեքների և բնության մշակութային ժառանգության, պահպանությունն ու վերականգնումը.
10) ջրային ռեսուրսների աղտոտման նվազեցման փուլային միջոցառումների մշակումը և կիրառումը` ելնելով ջրավազանի նշանակությունից.
11) շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության ապահովումը.
12) «աղտոտողն է վճարում» և «օգտագործողն է վճարում» մեխանիզմի կիրառումը.
13) ջրային ռեսուրսների պահպանության, կառավարման և օգտագործման ոլորտներում մարդկային և տեխնոլոգիական հզորությունների զարգացման ապահովումը.
14) ջրային ռեսուրսների օգտագործման և ջրային ավազան վնասակար նյութերի ու միացությունների արտանետման համար վճարների գանձումից հավաքագրված գումարների մասնահանման միջոցով ջրային ռեսուրսների կայուն կառավարմանն աջակցող գործողությունների իրականացման համապատասխան ֆինանսական հենքի ապահովումը և ոլորտում առկա բնապահպանական հիմնախնդիրների լուծումը.
15) պետական ջրային կադաստրի վարման ապահովումը.
16) անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման գործընթացում միջազգային ընդունված պարտավորությունների կատարման և համագործակցության զարգացման ապահովումը.
17) ջրի ազգային քաղաքականության ոլորտում օրենքով սահմանված կարգով տեղեկատվության մատչելիության ապահովումը: