Անցնել բովանդակությանը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ՊԱԼԱՏԻ ՎՃԻՌԸ ՆՎՈԼՈԴՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Վճիռ ընդդեմ Հայաստանիընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 13. (+ Հոդված 3) ● Հոդված 3 (նյութական) ● Կալանքի տակ պահելու ոչ պատշաճ պայմանների առնչությամբ բողոքների մասով իրավական պաշտպանության ներպետական ոչ արդյունավետ միջոցներ ● Նվաստացնող վերաբերմունքի հանգեցնող կալանքի տակ պահելու պայմանների, այդ թվում՝ խցերում ոչ պատշաճ անձնական տարածքի հավաքական ազդեցությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13 (+ Հոդված 3) ● Հոդված 3 (նյութական) ● Կալանքի տակ պահելու ոչ պատշաճ պայմանների առնչությամբ բողոքների մասով իրավական պաշտպանության ներպետական ոչ արդյունավետ միջոցներ ● Նվաստացնող վերաբերմունքի հանգեցնող կալանքի տակ պահելու պայմանների, այդ թվում՝ խցերում ոչ պատշաճ անձնական տարածքի հավաքական ազդեցությունը

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

3 մայիսի 2022թ.

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

Վոլոդյա Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Յոնկո Գրոզև [Yonko Grozev]՝ Նախագահ,

Թիմ Այքը [Tim Eicke],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer],

Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova],

Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking],

Անա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,

և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Վոլոդյա Ավետիսյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2015 թվականի հուլիսի 31-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 39087/15),

գանգատի վերաբերյալ Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու մասին որոշումը,

կողմերի դիտարկումները,

2022 թվականի մարտի 29-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Գանգատը վերաբերում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմումատուին կալանքի տակ պահելու պայմաններին և այդ մասով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ենթադրյալ բացակայությանը։ Դրանով բարձրացվում են հարցեր Կոնվենցիայի 3-րդ հոդվածի և 13-րդ հոդվածի շրջանակներում։

ՓԱՍՏԵՐԸ

2. Դիմումատուն ծնվել է 1963 թվականին և սույն գանգատը ներկայացնելիս գտնվել է կալանքի տակ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Նրան ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Ռ. Ռևազյանը։

3. Կառավարությունը ներկայացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։

4. Գործով փաստերն այնպես, ինչպես ներկայացրել են կողմերը, կարելի է ամփոփ շարադրել հետևյալ կերպ:

I. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Դիմումատուին կալանքի տակ պահելու պայմանները

5. 2013 թվականի սեպտեմբերի 23-ից 2015 թվականի մարտի 11-ը դիմումատուն գտնվել է մինչդատական կալանքի տակ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ 2013 թվականի սեպտեմբերի 23-ից 2014 թվականի հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում նա պահվել է թիվ 13 խցում։ 2014 թվականի հուլիսի 17-ից սկսած՝ նա պահվել է թիվ 7 խցում։

6. Դիմումատուն պնդել է, որ նշված խցերն ունեցել են մոտավորապես 15-20 քառակուսի մետր մակերես և եղել են գերբնակեցված. իր ներկայացրած փաստարկներում երկու խցերում խցակիցների թիվը տարբեր ժամանակահատվածներում եղել է 5-ից 8 անձ։ Իր դիտարկումներում նա ներկայացրել է լրացուցիչ տվյալներ խցի չափսերի վերաբերյալ՝ տեղական մշտադիտարկման խմբի եզրակացության հիման վրա (տե՛ս ստորև՝ 24-րդ պարբերությունը)։ Դիմումատուն պնդել է, որ բանտում չի եղել օդափոխության կենտրոնական համակարգ, և խցերը օդափոխվել են պատուհաններով և օդափոխիչներով։ Ջեռուցման բացակայության պայմաններում խցերը ջեռուցվել են էլեկտրական ջեռուցիչներով։ Ամբողջ բանտի տարածքում անընդհատ զգացվել է գարշահոտ։ Դիմումատուն իր կալանքի ողջ ժամկետն անցկացրել է խցում՝ բացառությամբ օրական մեկ ժամ դրսում զբոսանքների և քննչական միջոցառումներին իր մասնակցության դեպքերի։ Իր խցակիցներից ոմանք ծխել են խցում։ Խցի սանհանգույցի հատվածում հաճախ նկատվել են ոջիլներ, խավարասերներ և այլ միջատներ, սակայն բանտի ղեկավարությունը ոչինչ չի ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ։

7. Կառավարությունը վիճարկել է դիմումատուի կողմից ներկայացված խցերի չափսերը և պնդել, որ նշված ժամանակահատվածում թիվ 13 և 7 խցերն ունեցել են համապատասխանաբար 35 և 32 քառակուսի մետր մակերես։ Նրանք նաև պնդել են, որ դիմումատուի կալանքի ժամանակահատվածում խցակիցների թիվը խցերում եղել է 5-ից 8 անձ։ Ի հիմնավորումն իր պնդումների՝ Կառավարությունը ներկայացրել է բանտում կալանքի տակ գտնվող անձանց համապատասխան գրանցամատյանը, որը պարունակել է տեղեկություններ՝ բանտի յուրաքանչյուր խցում գտնվող կալանավորների թվի վերաբերյալ։ Թեև դիմումատուի՝ կալանքի տակ գտնվելու 36-օրյա ժամանակահատվածի վերաբերյալ չեն տրամադրվել ամբողջական տեղեկություններ (կամ բացակայել են գրանցամատյանի համապատասխան էջերը, կամ խցակիցների թիվը գրանցված չի եղել, կամ պարզ չի եղել, թե որ ժամանակահատվածին են վերաբերել համապատասխան տեղեկությունները), նշված փաստաթղթից կարել է առանձնացնել հետևյալ տեղեկությունները։ Դիմումատուին թիվ 13 խցում կալանքի տակ պահելու ընթացքում նրա խցակիցների թիվը եղել է 7-ից 10-ի սահմաններում, որոշ դեպքերում այն հասել է 12 անձի՝ բացառությամբ 55-օրյա ժամանակահատվածի, երբ խցակիցների թիվը եղել է 5-ից 6-ի սահմաններում։ 7-րդ խցում դիմումատուի խցակիցների թիվը եղել է 8-ից 10 անձ՝ բացառությամբ 37‑օրյա ժամանակահատվածի, երբ խցակիցների թիվը տատանվել է 6-ից 7-ի սահմաններում, իսկ միայն մեկ անգամ դիմումատուն իր խուցը կիսել է 5 խցակիցների հետ։

II. Դիմումատուի բողոքներն իրեն կալանքի տակ պահելու պայմանների վերաբերյալ

8. 2015 թվականի հունվարի 22-ին դիմումատուն Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և բանտի դեմ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան (Վարչական շրջանի դատարան) է ներկայացրել բողոք՝ խնդրելով դատարանին ճանաչել և դադարեցնել իրեն կալանքի տակ պահելու պայմանների հետևանքով Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքների շարունակական խախտումը և շնորհել ոչ նյութական վնասի հատուցում։

9. Նույն օրը Վարչական շրջանի դատարանը դիմումատուի դիմումը քննել է քաղաքացիական դատավարության կանոնների համաձայն և հայտարարել այն անընդունելի այն հիմքով, որ նման հայցը ընդհանուր իրավասության դատարանի իրավասության շրջանակում չէ, այն ավելի շատ Վարչական դատարանի իրավասության շրջանակում է՝ հաշվի առնելով վերջինիս հանրային իրավունքի բնույթը։

10. 2015 թվականի փետրվարի 9-ին դիմումատուն բողոքարկել է այդ որոշումը՝ պնդելով, որ իր դիմումն ունեցել է քրեաիրավական բնույթ, և հետևաբար քրեական դատավարության կանոնները կիրառելի են եղել դրա նկատմամբ, մինչդեռ Վարչական շրջանի դատարանն այն քննել է որպես քաղաքացիական հայց և մերժել դրա ընդունումը։

11. 2015 թվականի մարտի 2-ին Քաղաքացիական վերաքննիչ դատարանը բեկանել է Վարչական շրջանի դատարանի որոշումը՝ պատճառաբանելով, որ դիմումատուի դիմումում բարձրացվել են քրեական իրավունքով կարգավորվող հարցեր, որոնք գտնվում են ընդհանուր իրավասության դատարանների իրավասության շրջանակում, մինչդեռ Վարչական շրջանի դատարանն այն քննել է քաղաքացիական դատավարության կանոնների համաձայն։

12. 2015 թվականի ապրիլի 29-ին Վարչական շրջանի դատարանը դիմումատուի դիմումը կրկին հայտարարել է անընդունելի՝ քաղաքացիական դատավարության կանոնների համաձայն։ Դատարանը պատճառաբանել է, որ դիմումը չի ունեցել քրեաիրավական բնույթ և վճռել է, որ չնայած Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին՝ Քրեական դատավարության օրենսգրքով չի նախատեսվում այնպիսի դատավարական ընթացակարգ, որով հնարավոր է բավարարել նման դիմումը։

13. 2015 թվականի մայիսի 18-ին, հիմնվելով Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վրա, դիմումատուն բողոքարկել է այդ որոշումը՝ ներկայացնելով նույն փաստարկները, ինչ նախկինում։ Դիմումատուն նշել է, որ Վերաքննիչ դատարանն արդեն գտել է, որ իր դիմումում բարձրացվել են քրեական իրավունքով կարգավորվող հարցեր, և հետևաբար գտնվում է ընդհանուր իրավասության դատարանների իրավասության շրջանակում, սակայն Վարչական շրջանի դատարանն այն կրկին քննել է քաղաքացիական դատավարության կանոնների համաձայն։

14. 2015 թվականի հուլիսի 6-ին Քաղաքացիական վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել վիճարկված որոշումը, սակայն լրացումներ է կատարել իր պատճառաբանություններում։ Այն նաև վճռել է, որ թեև դիմումատուի դիմումն ընդհանուր իրավասության դատարանների իրավասության շրջանակում է, այն չէր կարող քննվել քաղաքացիական դատավարության կանոնների համաձայն. այնուամենայնիվ, Վարչական շրջանի դատարանը դիմումը որպես ընդհանուր իրավասության դատարանների կողմից քննության ոչ ենթակա դիմում մերժելիս չի հիմնավորել իր եզրակացությունները։ Այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանը դիմումը հայտարարել է անընդունելի, քանի որ հաշվի առնելով դիմումատուի հայցի ձևը, բովանդակությունը և խնդրո առարկան՝ այն նման է քաղաքացիական հայցի, մինչդեռ հայցում բարձրացված հարցերն առնչվել են պատժի կատարմանը և ենթակա չեն եղել քաղաքացիական դատավարության կանոնների համաձայն քննության։

15. 2015 թվականի օգոստոսի 3-ին դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք։

16. 2015 թվականի օգոստոսի 26-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի վճռաբեկ բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ գործելակերպը

I. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ գործելակերպը

Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունվարի 22-ի որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի եվ «Դատական որոշումների կատարումը» վերտառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ գլխում ընդգրկված նորմերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, որն ընդունվել է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա

17. Այս որոշման մեջ Սահմանադրական դատարանն ընդունել է, որ օրենսդրական դաշտում առկա է որոշակի անորոշություն այն առնչությամբ, թե որ դատարաններին՝ քրեական հարցերով ընդհանուր իրավասության դատարաններին, թե Վարչական դատարանին է ընդդատյա դատապարտված անձանց կողմից քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) կամ որոշումների բողոքարկման հետ կապված գործերի քննությունը, և հորդորում է Ազգային ժողովին կարգավորել այդ անորոշությունը՝ կատարելով իր որոշման մեջ ներկայացված առաջարկություններին համապատասխան փոփոխություններ։ Մինչ այդ փոփոխությունները կատարելը քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) բողոքարկման հետ կապված գործերը ենթակա են քննության ՀՀ վարչական դատարանի կողմից, քանի դեռ պատժի կատարման հետ կապված կոնկրետ գործի, նյութի կամ հարցի քննության իրավասությունն օրենքով հստակ վերապահված չէ քրեական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանին:

II. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆՅՈՒԹԵՐԸ

Ա. ԽԿԿ. Զեկույց Հայաստանի կառավարությանը՝ 2010 թվականի մայիսի 10-ից 21-ը ԽԿԿ-ի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ, CPT/Inf(2011)24

18. Այդ զեկույցի համապատասխան մասերը շարադրվել են հետևյալ բովանդակությամբ.

«61. ... Քրեակատարողական հիմնարկների գերբնակեցումը ընդհանուր երևույթ էր այցելած բոլոր քրեակատարողական հիմնարկներում. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը դրա ամենացայտուն օրինակն էր: Պատվիրակությունն ականատես է եղել, թե ինչ բացասական ազդեցություն է թողել գերբնակեցումը քրեակատարողական հիմնարկում կյանքի շատ ոլորտների վրա. խցակիցների՝ առկա մահճակալների վրա հերթով քնելը, նեղ և հակահիգիենիկ կացարանները, կոնստրուկտորական աշխատանքների գրեթե լրիվ բացակայությունը և բացօթյա զբոսանքների հնարավորության սահմանափակումները ...

81. Ինչ վերաբերում է նյութակենցաղային պայմաններին, ապա խցերի մեծ մասը լրջորեն գերբնակեցված էր, խցակիցների մեծ մասը քնում էր հերթով՝ առկա մահճակալների, հատակի վրա (օր.՝ 26 քմ մակերեսով խցում 19 բանտարկյալի համար դրված էր 12 մահճակալ):

Խցերի մեծ մասը (և խցերում տեղադրված զուգարանները) գտնվում էին կիսաքանդ վիճակում ... Օդափոխությունը վատ էր իրականացվում, և հոսող ջուրը մատակարարվում էր օրական առավելագույնը չորս ժամ (երկու ժամ՝ առավոտյան և երկու ժամ՝ երեկոյան):

Ավելին, ցնցուղներն ընդհանուր առմամբ գտնվում էին վերանորոգման անմխիթար վիճակում, և բանտարկյալները հնարավորություն ունեին օգտվելու դրանցից լավագույն դեպքում շաբաթը մեկ, իսկ ավելի հաճախ՝ միայն երկու շաբաթը մեկ անգամ:

82. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բացօթյա զբոսանքի հարցը ԽԿԿ-ի 2002 թվականի առաջին այցից ի վեր շարունակվում էր մնալ չլուծված: Բացօթյա զբոսանքը մինչ այժմ չէր կազմակերպվում շաբաթ և կիրակի օրերին հիմնականում անձնակազմի սակավաթիվ լինելու պատճառով, և հարցազրույց անցած բանտարկյալներից շատերը նշել էին, որ գործնականում նրանց թույլատրվում էր զբոսնել միայն մեկ անգամ՝ շաբաթական երեք անգամ զբոսանքի փոխարեն:

Բացի քիչ թվով բանտարկյալներից, որոնք աշխատում էին հիմնարկի ընդհանուր սպասարկման ոլորտում (օրինակ՝ մաքրություն, վերանորոգման աշխատանքներ, խոհանոցային աշխատանք), խցակիցների գերակշիռ մեծամասնությունը փակված էր իր խցում օրական 23 կամ նույնիսկ 24 ժամ՝ չունենալով այլ զբաղմունք, քան հեռուստացույց դիտելը, սեղանի խաղեր խաղալը կամ ընթերցանությունը»:

Բ. ԽԿԿ. Զեկույց Հայաստանի կառավարությանը՝ 2015 թվականի հոկտեմբերի 5-ից 15-ը ԽԿԿ-ի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ, CPT/Inf(2016)31

19. Այդ զեկույցի համապատասխան մասերը շարադրվել են հետևյալ բովանդակությամբ.

«63. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նյութական պայմանները հիմնականում նույնն էին մնացել, ինչպիսին որ կային 2010 թվականի պարբերական այցի ժամանակ, այսինքն՝ դրանք անընդունելի էին: Չնայած տեղի ուժերով (հիմնականում հենց բանտարկյալների կողմից ու շատ դեպքերում իրենց սեփական միջոցների կամ իրենց ընտանիքների միջոցների հաշվին) ձեռնարկված ջանքերին՝ քրեակատարողական հիմնարկը գտնվում էր ծայրահեղ վատթար վիճակում: Ավելին, այն չափից դուրս գերբնակեցված էր (նույնիսկ հաշվի առնելով 2010 թվականին բնակչության թվի նվազումը), իսկ որոշ բանտարկյալներ չունեին իրենց սեփական մահճակալն ու հերթով էին քնում: Պատվիրակության կողմից դիտարկված մի շարք ստանդարտ՝ 12 մահճակալ ունեցող խցերում կարող էին լինել մինչև անգամ 17 բանտարկյալներ, ու բացառություն չէր նաև 14 խցակից տեսնելը, հատկապես կալանավորված անձանց պահելու մասնաշենքերում (օրինակ՝ թիվ 16, 34 և 51 խցերում):

Շատ խցեր (հատկապես առաջին հարկում) խոնավ էին, թաց, բորբոսապատ, թույլ լուսավորված և վատ օդափոխվող, կեղտոտ ու վնասատուներով վարակված: Դեռևս առկա էին ջրամատակարարման հետ կապված լուրջ խնդիրներ (ջուրը շարունակում էր հասանելի լինել օրական առավելագույնը 4 ժամ): Ընդհանուր օգտագործման լողասենյակները/ցնցուղները կիսաքանդ վիճակում էին, իսկ ցնցուղ ընդունելու հնարավորությունն ընձեռվում էր առավելագույնը շաբաթական մեկ անգամ: Խցերի մեծ մասում միայն կիսով չափ առանձնացված սանհանգույցներ կային: Խոհանոցը և լվացքատունը նույնպես կիսաքանդ վիճակում էին:

Բացի այդ, բացօթյա զբոսանքները դեռևս անհասանելի էին շաբաթ և կիրակի օրերին, իսկ եթե դրա հնարավորությունը տրվում էր, ապա, ըստ հաղորդումների, այն միշտ չէ, որ մեկ ժամ էր տևում: Բանտարկյալների մեծ մասն ստիպված էր օգտվել հիմնարկի տանիքին գտնվող նույն փոքր և անհարմար բակերից:

...

65. Ընդհանուր առմամբ Կոմիտեն այն կարծիքին է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կառուցվածքն ու ներկայիս վիճակն այնքան անհամապատասխան են, որ լուրջ մտածելու տեղիք են տալիս հիմնարկի ապագայի և դրանում հետագա ներդրումների նպատակահարմարության առնչությամբ (փոխարենը դիտարկելով առկա ռեսուրսները մեկ այլ վայրում կալանքի տակ պահելու պատշաճ պայմաններ ապահովելուն ուղղելու տարբերակը): Ամեն դեպքում, եթե որոշում կայացվի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը ներկայիս տարածքում շարունակելու վերաբերյալ, ապա կենսականորեն անհրաժեշտ կլինի իրականացնել զանգվածային և համապարփակ հիմնանորոգման աշխատանքներ, որոնցով կլուծվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են բնական լույսի, արհեստական լուսավորության, օդափոխության ապահովումը, սանհանգույցների լրիվ առանձնացումը, ջրամատակարարումը, ընդհանուր օգտագործման լողասենյակների/ցնցուղների վիճակը, վերաներկումը, վարակազերծումը, խցերում և խոհանոցում հիգիենայի ապահովումը»:

ԻՐԱՎՈՒՆՔԸ

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ԵՎ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

20. Դիմումատուն բողոքել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրեն կալանքի տակ պահելու ոչ պատշաճ պայմաններից և պնդել է, որ իր բողոքի առնչությամբ նա որևէ արդյունավետ իրավական պաշտպանություն չի ստացել։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածների վրա, որոնք ունի հետևյալ բովանդակությունը.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։