Հոդված 3
Հոդված 3
Ֆինանսական ներդրում
1. «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի կամ հայաստանյան իրավաբանական կազմավորումների մասնակցությունը կախված է Եվրոպական միության ընդհանուր բյուջեի (այսուհետ՝ Միության բյուջե) շրջանակներում Ծրագրին և դրա կառավարմանը, իրականացմանը և գործառնական ծախսերի ուղղությամբ Հայաստանի կատարած ֆինանսական ներդրումից:
2. Ֆինանսական ներդրումը հետևյալ երկու վճարումների գումարն է`
ա) գործառնական ներդրում,
բ) մասնակցության վճար:
3. Ֆինանսական ներդրումը կկատարվի տարեկան երկու վճարումների միջոցով ոչ ուշ, քան մայիս և հուլիս ամիսներին:
4. Գործառնական ներդրումը կուղղվի Ծրագրի գործառնական և օժանդակ ծախսերին և կլինի լրացուցիչ միջոց «Հորիզոն Եվրոպա» ծրագրի համար վերջնականապես ընդունված Միության բյուջեի ինչպես պարտավորությունների, այնպես էլ վճարումների մասով մուտքագրված գումարների նկատմամբ, ներառյալ ցանկացած հատկացումներ, որոնք համապատասխանում են Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի.9 2018/1046/ԵՄ կանոնակարգի (ԵՄ, Եվրատոմ) 15-րդ հոդվածի 3-րդ մասին` վերջինիս ամենավերջին լրամշակված տարբերակով (այսուհետ՝ Ֆինանսական կարգավորում), և կավելացվի արտաքին եկամուտների հաշվին, որոնք չեն առաջացել այլ դոնորների.10 կողմից «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ֆինանսական ներդրումների արդյունքում:
Խորհրդի 2020/2094/ԵՄ Կանոնակարգի 3.1 հոդվածի համաձայն, որով ստեղծվում է COVID-19 համավարակից.11 հետո վերականգնմանն աջակցելու նպատակով Եվրոպական միության վերականգնման գործիքը, «Հորիզոն Եվրոպա» ծրագրին հատկացվող արտաքին եկամուտների համար այդ ավելացումը կհամապատասխանի Հանձնաժողովի «Հորիզոն Եվրոպա» ծրագրի բյուջեի նախագծին կից փաստաթղթերով նշվող տարեկան հատկացումներին:
5. Սկզբնական գործառնական ներդրումը հիմնված կլինի ներդրման բանալու վրա, որն իրենից ներկայացնում է Հայաստանի շուկայական գներով հաշվարկված համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) և շուկայական գներով հաշվարկված Եվրոպական միության ՀՆԱ-ի միջև հարաբերակցությունը: Հիմք ընդունվող ՀՆԱ-ները հաշվարկվում են Հանձնաժողովի հատուկ ծառայությունների կողմից` հիմնվելով բյուջեի հաշվարկների՝ վճարման տարեթվին նախորդող տարվա համար հասանելի ամենավերջին վիճակագրական տվյալների վրա: Բացառության կարգով 2021 թվականի համար սկզբնական գործառնական վճարի համար հիմք կընդունվի 2019 թվականի շուկայական գներով հաշվարկված ՀՆԱ-ն: Այդ վճարման բանալու ճշգրտումները շարադրված են Հավելված 1-ում:
6. Սկզբնական գործառնական ներդրումը կհաշվարկվի «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ֆինանսավորման համար տվյալ տարվա համար հաստատված Եվրոպական միության բյուջե մուտքագրված սկզբնական պարտավորությունների հատկացումների նկատմամբ ճշգրտված ներդրման բանալու կիրառմամբ և կավելանա սույն Հոդվածի 4-րդ կետի համաձայն:
7. Մասնակցության վճարը կկազմի սույն Հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն հաշվարկված տարեկան սկզբնական գործառնական ներդրման 4%-ը, որը կմարվի փուլային կերպով, ինչպես սահմանված է Հավելված 1-ում: Մասնակցության վճարը ենթակա չէ հետադարձ ճշգրտումների կամ ուղղումների:
8. N տարվա համար կատարված սկզբնական գործառնական ներդրումը կարող է հետադարձ կերպով ճշգրտվել՝ ավելացվել կամ նվազեցվել, հաջորդող տարում կամ տարիների ընթացքում` ելնելով տվյալ N տարվա հատկացումների գծով ստանձնած բյուջետային պարտավորություններից, որոնք ավելացվել են սույն Հոդվածի 4-րդ կետի համաձայն և իրավական պարտավորությունների կատարման և պարտավորությունների հետ կանչման հանգամանքն հաշվի առնելով: Սույն Հոդվածի կիրառման մանրամասն դրույթները սահմանված են Հավելված 1-ում:
9. Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի տեղեկատվություն վերջինիս ֆինանսական մասով մասնակցության վերաբերյալ, որը ներառված է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի վերաբերյալ Եվրոպական միության բյուջեի և պարտքի գծով մարմիններին տրամադրվող բյուջետային, հաշվապահական հաշվառման, կատարողականի և գնահատման հետ կապված տեղեկատվության մեջ: Այդ տեղեկատվությունը կտրամադրվի Եվրոպական միության և Հայաստանի միջև գաղտնիության և տվյալների պաշտպանության կանոնների պահպանմամբ և չի շոշափի այն տեղեկատվությունը, որը Հայաստանն իրավունք ունի ստանալու Հավելված 3-ի համաձայն:
10. Հայաստանի բոլոր ներդրումները կամ Եվրոպական միության կողմից կատարվող վճարումները, ինչպես նաև վճարման ենթակա կամ ստացվող գումարների հաշվարկը կատարվում է եվրոյով: