Հոդված 8
Հոդված 8
Հետազոտությունների և նորարարության հարցերով Հայաստան- ԵՄ համատեղ կոմիտե
1. Սույնով հիմնադրվում է «Հետազոտությունների և նորարարության հարցերով Հայաստան-ԵՄ համատեղ կոմիտեն (այսուհետ՝ Հայաստան-ԵՄ համատեղ կոմիտե): Հայաստան-ԵՄ համատեղ կոմիտեի գործառույթները ներառում են՝
ա) սույն Համաձայնագրի կիրառման դիտարկման, գնահատման և վերանայման ապահովում, մասնավորապես հետևյալ հարցերում՝
1. «Հորիզոն Եվրոպա» ծրագրին հայաստանյան իրավաբանական կազմավորումների մասնակցությունը ու վերջիններիս կատարողականը,
2. Կողմերից յուրաքանչյուրում հիմնադրված իրավաբանական կազմավորումների համար (փոխադարձ) մատչելիության մակարդակը՝ մյուս Կողմի կողմից ծրագրերին և նախագծերին,
3. ֆինանսական պարտավորությունների կատարումը և ինքնաբերաբար ուղղման մեխանիզմի գործարկումը` համաձայն Հոդված 3-ի և Հոդված 4-ի,
4. տեղեկատվության փոխանակումը և արդյունքների օգտագործման, այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքի վերաբերյալ ցանկացած հնարավոր հարցի քննությունը:
բ) Կողմերից մեկի խնդրանքով՝ Կողմերի հետազոտությունների և նորարարության ծրագրերի՝ մասնավորապես ռազմավարական ակտիվների, շահերի, ինքնավարության կամ անվտանգության հետ կապված գործողությունների հասանելիության առումով կիրառվող կամ նախատեսվող սահմանափակումների հարցի շուրջ քննարկումներ,
գ) համագործակցության զարգացման և բարելավման հարցերի վերաբերյալ քննարկումներ,
դ) համատեղ քննարկումներ՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հետազոտությունների և նորարարության , ինչպես նաև հետազոտությունների ոլորտում ապագա ուղղությունների և առաջնահերթությունների շուրջ,
ե) տեղեկատվության փոխանակում, ի թիվս այլ hարցերի, սույն Համաձայնագրի իրականացման համար կարևոր նոր օրենսդրության, որոշումների կամ ազգային հետազոտական և նորարարական ծրագրերի վերաբերյալ:
2. Հայաստան-ԵՄ համատեղ կոմիտեն, որը բաղկացած է Հայաստանի և Եվրոպական միության ներկայացուցիչներից, կընդունի իր գործունեության կանոնները:
3. Հայաստան-ԵՄ համատեղ կոմիտեն կարող է որոշել ստեղծել աշխատանքային խումբ/խորհրդատվական մարմին՝ փորձագիտական մակարդակով և ժամանակավոր հիմունքներով, սույն Համաձայնագրի իրագործմանն օժանդակելու նպատակով:
4. Հայաստան-ԵՄ համատեղ կոմիտեն հանդիպում է տարեկան առնվազն մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում՝ նաև Կողմերից մեկի խնդրանքով: Հայաստանի ազգային մարմինը և Եվրոպական միությունը հանդիպումները կկազմակերպեն և մյուս Կողմին կհյուրընկալեն հերթականությամբ:
5. Հայաստան-ԵՄ համատեղ կոմիտեն աշխատում է մշտական հիմունքներով` իրականացնելով մասնավորապես Հայաստանի իրավաբանական կազմավորումների մասնակցությանը/կատարողականին վերաբերող համապատասխան տեղեկատվության փոխանակում՝ հաղորդակցության ցանկացած միջոցով: Հայաստան-ԵՄ համատեղ կոմիտեն անհրաժեշտության դեպքում կարող է իր գործունեությունն իրականացնել գրավոր: