Հոդված 22. Ավանդապահը
Հոդված 22. Ավանդապահը
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Պայմանավորվող կողմերը,
վերհիշելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և Միավորված ազգերի կազմակերպության՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով հռչակված անխտրականության, հավասար հնարավորությունների, մատչելիության և լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հասարակության մեջ ներգրավվածության սկզբունքները,
գիտակցելով այն մարտահրավերները, որոնք խանգարում են տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցանության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համակողմանի զարգացմանը, սահմանափակում են նրանց ինքնարտահայտման ազատությունը, այդ թվում՝ այլ անձանց հետ հավասար տեղեկատվություն և ցանկացած տեսակի գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը, ներառյալ, նրանց ընտրությամբ, հաղորդակցության բոլոր միջոցներով կրթության իրավունքի իրականացումը և հետազոտություններ կատարելու հնարավորությունը,
ընդգծելով հեղինակային իրավունքի պաշտպանության կարևորությունն իբրև խրախուսում և փոխհատուցում գրական և գեղարվեստական ստեղծագործությունների համար և յուրաքանչյուրի, այդ թվում` տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ այլ տպագիր ստեղծագործությունների հասանելիության դժվարություններ ունեցող անձանց՝ հասարակության մշակութային կյանքին մասնակցություն ունենալու, արվեստի ստեղծագործությունները վայելելու և գիտական առաջընթացով ու դրա արդյունքներով կիսվելու հնարավորությունները բարելավելու կարևորությունը,
գիտակցելով տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ այլ տպագիր ստեղծագործությունների հասանելիության դժվարություններ ունեցող անձանց՝ հասարակությունում իրենց հավասար հնարավորություններն իրացնելու համար տպագիր ստեղծագործությունների մատչելիության հարցում առկա խոչընդոտները և մատչելի ձևաչափով այդ ստեղծագործությունների օրինակների քանակը մեծացնելու և այդ ստեղծագործությունների շրջանառությունը բարելավելու անհրաժեշտությունը,
հաշվի առնելով այն, որ տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ տպագիր ստեղծագործությունների հասանելիության այլ դժվարություններ ունեցող անձանց մեծամասնությունն ապրում է զարգացող կամ թույլ զարգացած երկրներում,
գիտակցելով, որ, չնայած հեղինակային իրավունքի ազգային օրենսդրությունների մեջ առկա տարբերություններին, տեղեկատվական և հաղորդակցության նոր տեխնոլոգիաների դրական ազդեցությունը տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ այլ տպագիր ստեղծագործությունների հասանելիության դժվարություններ ունեցող անձանց կյանքում կարող է մեծանալ միջազգային մակարդակով ամրապնդված իրավական համակարգով,
գիտակցելով, որ շատ անդամ պետություններ տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ այլ տպագիր ստեղծագործությունների հասանելիության դժվարություններ ունեցող անձանց համար իրենց ազգային օրենսդրությամբ նախատեսում են հեղինակային իրավունքի սահմանափակումներ և բացառություններ, այնուամենայնիվ, այդ անձանց համար դեռևս առկա է մատչելի ձևաչափով ստեղծագործությունների օրինակների սակավություն, և որ այդ անձանց համար ստեղծագործությունների մատչելիությունն ապահովելուն ուղղված պետությունների ջանքերը զգալի ռեսուրսներ են պահանջում, ինչպես նաև՝ որ մատչելի ձևաչափով օրինակների միջսահմանային փոխանակման հնարավորությունների բացակայության հետևանքով առաջանում է այդ ջանքերի կրկնապատկման անհրաժեշտություն,
գիտակցելով տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ այլ տպագիր ստեղծագործությունների հասանելիության դժվարություններ ունեցող անձանց համար իրավատերերի դերի կարևորությունը իրենց ստեղծագործությունների մատչելիությունն ապահովելու հարցում և այդ անձանց համար ստեղծագործությունները հասանելի դարձնելուն ուղղված համապատասխան բացառությունների ու սահմանափակումների կարևորությունը հատկապես այն դեպքում, երբ շուկան անկարող է ապահովել այդ հասանելիությունը,
գիտակցելով հեղինակների իրավունքների արդյունավետ պաշտպանության և լայն հասարակության շահերի միջև հավասարակշռություն պահպանելու անհրաժեշտությունը, մասնավորապես կրթության, հետազոտությունների և տեղեկատվության մատչելիության առումով, և այն, որ այդպիսի հավասարակշռությունը պետք է դյուրացնի ստեղծագործություններին արդյունավետ և ժամանակին հասանելիություն՝ ի նպաստ տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ այլ տպագիր ստեղծագործությունների հասանելիության դժվարություններ ունեցող անձանց,
հաստատելով հեղինակային իրավունքի պաշտպանության առկա միջազգային պայմանագրերով Պայմանավորվող կողմերի ստանձնած պարտավորությունները և «Գրական և գեղարվեստական ստեղծագործությունների պաշտպանության մասին» Բեռնի կոնվենցիայի 9(2) հոդվածով սահմանված բացառությունների և սահմանափակումների եռաստիճան ստուգման կարևորությունն ու ճկունությունը և այլ միջազգային փաստաթղթերը,
վերհիշելով 2007 թվականին Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ՄՍՀԿ) գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Զարգացման օրակարգի առաջարկությունների կարևորությունը, որոնց նպատակն է ապահովել, որ զարգացման նկատառումները կազմեն ՄՍՀԿ-ի գործունեության անբաժանելի մասը,
գիտակցելով հեղինակային իրավունքի միջազգային համակարգի կարևորությունը և ձգտելով ներդաշնակեցնել սահմանափակումներն ու բացառությունները՝ նպատակ ունենալով դյուրացնելու տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ այլ տպագիր ստեղծագործություններին հասանելիության դժվարություններ ունեցող անձանց համար ստեղծագործությունների հասանելիությունը և օգտագործումը,
համաձայնեցին ներքոնշյալի մասին.