Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
անձնակազմ` անձինք, ովքեր ժամանակավոր կամ մշտապես աշխատում են ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում.
անվտանգություն (միջուկային և ճառագայթային)` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի հատկություն` օբյեկտի բնականոն շահագործման և բնականոն շահագործումից շեղումների (ներառյալ` վթարների) դեպքում անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի վրա ճառագայթային ազդեցությունները թույլատրված սահմաններով սահմանափակելը.
անվտանգության կուլտուրա` հիմնարկների, կազմակերպությունների գործունեության և առանձին անձանց վարքի բնութագրերի ու հատկանիշների միասնություն, որն ապահովում է անվտանգության խնդիրների գերակայությունն այլ խնդիրների նկատմամբ.
ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտ` օբյեկտ, որը նախատեսված է միջուկային էներգիայի և իոնացնող ճառագայթման օգտագործման, միջուկային ու ռադիոակտիվ նյութերի, իոնացնող ճառագայթման այլ աղբյուրների արտադրության ու պահման, ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման համար.
ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտ` միջուկային տեղակայանքներ, ռադիոակտիվ թափոնների թաղման կետեր (գերեզմանոցներ), ռադիոակտիվ թափոնների պահեստարաններ, որոնցում պահվող նյութերի գումարային ակտիվությունը գերազանցում է 100 000 տերաբեքերելը և (կամ) դրանց գումարային ալֆա ակտիվությունը` 1000 տերաբեքերելը.
ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոն` պաշտոն, որը զբաղեցնող անձի ընդունած որոշումները կամ գործողությունները կարող են անմիջականորեն ազդել ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի անվտանգության մակարդակի վրա.
դիտարկման գոտի` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի հսկման գոտուց դուրս սահմանված գոտի, որտեղ օբյեկտի շահագործման ժամանակ իրականացվում է ճառագայթային իրավիճակի հսկողություն.
գեներացնող ճառագայթման աղբյուր` սարք, որն ունակ է առաջացնել իոնացնող ճառագայթում.
թույլտվություն` թույլտվություն կարգավորող մարմնի կամ կառավարման այլ մարմնի տված գրավոր թույլտվություն (սերտիֆիկատ, թույլտվություն, գրանցում, համաձայնեցում, հավանություն և այլն).
իոնացնող ճառագայթում` կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթների կամ տարրական մասնիկների հոսք, որը, ազդելով նյութի վրա, նրանում առաջացնում է իոնային զույգեր.
իոնացնող ճառագայթման աղբյուր` սարքավորում կամ նյութ, որն արձակում է կամ ընդունակ է արձակելու կարգավորման մակարդակները գերազանցող պարամետրերով իոնացնող ճառագայթում.
կարգավորող մարմին` մարմին, որն օժտված է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության լիցենզավորման և թույլտվության, միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության, ռադիոակտիվ թափոնների կառավարման, միջուկային ու ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման և ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության պետական կարգավորման իրավասությամբ.
կարգավորող վերահսկողություն` կարգավորող մարմնի կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող գործունեության և ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անվտանգության գնահատման համար կատարվող տեսչական ստուգումներ, դիտարկումներ, չափումներ, փորձարկումներ, վերլուծություններ, հետազոտություններ և պատասխանատվության միջոցների կիրառում.
հատուկ նյութեր, սարքավորումներ, տեխնոլոգիաներ` միջուկային զենքի արտադրության համար պիտանի նյութեր, սարքավորումներ, տեխնոլոգիաներ.
միջուկային նյութ` ուրան-233, ուրան-235, պլուտոնիում-239, պլուտոնիում-241 ռադիոիզոտոպներն առանձին կամ ցանկացած համակցությամբ պարունակող նյութ.
միջուկային տեղակայանք` միջուկային ռեակտոր, միջուկային վառելիքի պահեստարան, ատոմային կայան, միջուկային նյութի վերամշակման, արտադրության օբյեկտ.
միջուկային վթար` ցանկացած միջադեպ, որը պատճառում է միջուկային վնաս կամ սպառնում է անխուսափելի միջուկային վնասով.
միջուկային վնաս` վնաս, որը միջուկային կամ ճառագայթային վթարի հետևանքով կարող է հասցվել մարդու և նրա սերունդների առողջությանը, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կամ պետության կամ համայնքի սեփականությանը, ինչպես նաև կարող է հանգեցնել շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման.
ճառագայթային վթար` վթար, որը կարող է հանգեցնել կամ հանգեցրել է շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման և (կամ) թույլատրված սահմանների գերազանցմամբ անձնակազմի և (կամ) բնակչության հնարավոր ճառագայթահարման.
ռադիոակտիվ նյութ` միջուկային նյութից տարբեր նյութ, որի իոնացնող ճառագայթումը կարող է պատճառել միջուկային վնաս.
ռադիոակտիվ թափոն` ռադիոակտիվ նյութ կամ մակերեսային ռադիոակտիվ աղտոտվածությամբ նյութ կամ առարկա, որը չի նախատեսվում օգտագործել որևէ նպատակով և ենթակա է կենսոլորտից մեկուսացման.
ռադիոակտիվ թափոնների պահեստարան` ռադիոակտիվ թափոնների ժամանակավոր պահման համար նախատեսված օբյեկտ.
ռադիոակտիվ թափոնների գերեզմանոց` ռադիոակտիվ թափոնների թաղման համար նախատեսված օբյեկտ.
ռադիոակտիվ թափոնների կառավարում` ռադիոակտիվ թափոնների հավաքման, կարճաժամկետ պահման, վերամշակման, ռադիոակտիվ թափոնների` պահեստարաններում երկարաժամկետ պահման և (կամ) գերեզմանոցներում թաղման հետ կապված գործունեություն.
վթարային հակազդման ազգային համակարգ` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների վթարների դեպքում վթարային հակազդման պլաններով սահմանված գործառույթներ ունեցող պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների միավորում: